Կանանց միայն 1 %-ն է, որ իսկապես չի կարողանում կրծքով կերակրել
Ոչ պաշտոնական տվյալներով, ՀՀ-ում երեխային կրծքով կերակրում է կանանց մոտ 70 %-ը, իսկ 30 %-ը պարզապես արդարանում է, թե չի կարող կրծքով կերակրել: Այսօր այդ մասին ասաց մանկաբույժ, Հայաստանի բժիշկների, մանկաբուժական ասոցիացիայի անդամ Աստղիկ Բաղդասարյանը:
Նրա և մյուս բանախոսի` հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանի կարծիքով` կրծքով կերակրել չկարողանալու պատճառաբանությունը հաճախ իրականությանը չի համապատասխանում. դրանք միայն ծայրահեղ դեպքերն են: Պարզապես պետք է ունենալ ցանկություն և հետևել բժշկի խորհուրդներին:
Ա. Բաղդասրայանի խոսքերով`կանանց միայն 1 % է, որ իսկապես չի կարողանում կրծքով կերակրել: Այդ դեպքում անհրաժեշտ է դիմել արհեստական միջոցների կամ էլ ծնողների համաձայնությամբ գտնել այլ ստնտու: Ա. Բաղդասարյանը նշեց, որ որոշ զարգացած երկրներում անգամ վաճառում են կրծքի կաթ, որը նախապես ստուգված է, սակայն Հայաստանում դա չկա:
Մանկաբույժը խորհուրդ տվեց որպես փոխարինող չօգտագործել կովի կաթ կամ կենդանական ծագում ունեցող կաթի այլ տեսակներ: Մասնավորապես` կովի կաթի մեջ առկա սպիտակուցները կարող են առաջացնել ալերգիա, տարբեր հիվանդություններ` անգամ ռախիտ, իսկ կալցիումը, չնայած շատ է, բայց երեխան այն չի կարողանում յուրացնել: Մանկաբույժը շեշտեց, որ մինչև 6 ամսական տարիքը երեխան պետք է սնվի բացառապես կրծքի կաթով, իսկ եթե շիլաների վրա գրված է, որ դա նախատեսված է 3 ամսական երեխաների համար, ապա դա սխալ է:
«Գոնե մինչև մեկ տարեկանը երեխայի կրծքով սնուցումը կանանց մոտ իջեցնում է հետագայում կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը: Կրծքով սնուցումը նաև նպաստում է մոր քաշի կարգավորմանը»,-նշեց Ա. Բաղդասարյանը:
Կարծիքը, թե կնոջը հղիությունից հետո պետք է նշանակել հատուկ դիետա, սխալ է: Նրան անհրաժեշտ է առողջ սնունդ. ուտել այն, ինչ ուտում են բոլորը և չուտել, այն ինչը խորհուրդ չի տրվում նաև մյուսներին:
Աստղիկ Բաղդասարյանը նշեց, որ ցանկալի է երեխային կրծքով կերակրել մինչև 2 տարեկանը:
«Երեխայի հոգեկանի զարգացումը երբեք կաթի միջոցով չի լինում, այդպիսի բան գոյություն չունի: Խոսքը վերաբերում է հարաբերության մասին: Երեխան հարաբերության էակ է, խոսքի և ցանկության: Ամենադժվարը կրծքից կտրելն է: Դա երեխային խորհրդանշորեն ասում է` այլևս դու չես կարող մնալ մամայի մի մասը»,-ասաց հոգեբանը:
Ըստ նրա`կրծքից կտրելու ժամանակ երեխան ապրում է դեպրեսիա, և եթե երեխաներն ուշ են խոսում, ապա պատճառը երկար ժամանակ կրծքով կերակրվելն է: Նա հիշեց մի դեպք, երբ 9 տարեկան տղան շարունակում էր կրքով կերակրվել և նրա մոտ առաջացել էին վախեր և հոգեկան ծանր ապրումներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել