
Շառլ Ազնավուրի «խելքը տեղն է, միտքը` պայծառ»
«Բավական է, որ ինքը եկել է: 89 տարեկանում եկել է փառատոնին, մենք շատ շնորհակալ ենք նրանից»,- Շառլ Ազնավուրի մասին ասում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Այնուհետև ծիծաղելով հավելում է. «Շատ լավն էր. խելքը տեղն է, միտքը` պայծառ»:
Երեկ Հայաստան է ժամանել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով կինոփառատոնի պատվավոր հյուրերից է: Կինոփառատոնի բացման օրը` հուլիսի 7-ին, իր իսկ անվան հրապարակում` «Մոսկվա» կ/թ-ի մոտ, տեղի կունենա Շառլ Ազնավուրի անունը կրող աստղի բացման հանդիսավոր արարողությունը: Նրան հանձնվելու է նաև «Փարաջանովյան թալեր» մրցանակը:
Այնուհետև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը: Որպես բացման ֆիլմ ներկայացվելու է Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմը` Շ. Ազնավուրի մասնակցությամբ:
Հոբելյանական տարում կինոփառատոնը հանձնելու է մի շարք մրցանակներ: Այս տարի Ամենայն հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ն «Եղիցի լույս» մրցանակը կհանձնի Արտավազդ Փելեշյանին: Վերջինս նույնպես արդեն ժամանել է Հայաստան, և կմասնակցի փառատոնի միջոցառումներին: Փառատոնի ընթացքում ցուցադրվելու է իտալացի ռեժիսոր Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» (2011 թ.) ֆիլմը:
Նախատեսվում է «Փարաջանովյան թալեր» մրցանակ հանձնել նաև Մարգարեթե ֆոն Թրոթային, Իշտվան Սաբոյին, Ներսես Հովհաննիսյանին, Յոս Ստելինգին: Իսկ «Դրախտ» եռապատման ռեժիսոր Ուլրիխ Զայդլին կհանձնվի «Վարպետ» մրցանակը:
Ինչպես նախորդ երկու տարիներին, այս տարի ևս իրականացվելու է «ԱՊՀ երկրների կինո» ծրագիրը: Այստեղ ներառված է 15 ֆիլմ ԱՊՀ անդամ տարբեր երկրներից, ներկայացված է նաև երկու հայկական ֆիլմ` Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» և Անդրանիկ Հարությունյանի «Հեքիաթը»: Ծրագրի շրջանակներում 16-րդ ֆիլմը լինելու է «Միմինոն». նշվում է ֆիլմի 35-ամյակը:
Ծրագրի բացումը տեղի կունենա հուլիսի 9-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում:
ՌԴ մշակույթի նախարարության առաջարկով այս տարի տեղի կունենա նաև «Ռուսաստանի ֆիլմերի օրեր» ծրագիրը, որտեղ հիմնականում ներկայացված են «Կինոտավր» փառատոնի հաղթած ֆիլմերը: Այս ծրագրի բացումը ևս տեղի կունենա հուլիսի 9-ին` Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը մեզ չի բաժանել» ֆիլմի ցուցադրությամբ:
Իսկ հուլիսի 8-12-ը «Նաիրի» կ/թ-ում վարպետության դասեր են անցկացնելու Մարգարեթե ֆոն Թրոթան, Յոս Ստելինգը, Պավել Ֆիննը, Թուե Սթին Մյուլլերը, Գոդֆրի Ռեջիոն:
Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը ընտրվել է որպես փառատոնի փակման ֆիլմ, որտեղ գլխավոր դերակատարը հենց Սերժ Ավետիքյանն է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել