HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Բավական». Կաննից «Ոսկե ծիրան»

Երբ ընտանիքում ծնվում է երկրորդ աղջիկը, հերթական երեխայի սեռից դժգոհ տատը երեխայի անունը դնում է Բավական: Իր անվան պատմությունն է «Բավական» ֆիլմում պատմում բոլորին Թամարա անունով հայտնի կինը: Վերջինս արդեն միջին տարիքի է կին է, բայց մինչև հիմա պարզ հիշում է իր ապրումներն ու մանկության վրա անջնջելի հետք թողած սթրեսային ազդեցությունը, երբ նա դպրոցում իմանում է, որ իր անունը Բավական է:

Երիտասարդ ռեժիսոր Ադրինե Գրիգորյանն իր «Բավական» ֆիլմի միջոցով փորձել է բարձրացնել Հայաստանում հղիության արհեստական ընդհատման թեման:  Բազմաթիվ հայկական ընտանիքներում դիմում են արհեստական ընդհատմանը, երբ պարզվում է, որ սպասվող երեխան տղա չէ: Հայկական ընտանիքներում պետք է անպայման տղա լինի` ցեղի շարունակող, տան ժառանգ, ծուխը ծխեցնող, այնինչ աղջիկը «ուրիշինն է»: Հայ կանանց մի մասն իսկապես այդպես է մտածում, բայց նրանցից շատերը դիմում է արհեստական ընդհատմանը ամուսնու և ընտանիքի մյուս անդամների ճնշման ներքո:

Ադրինեն մասնագիտությամբ միջազգային իրավագետ է, արդեն մի քանի տարի է` զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ: Իր ֆիլմի միջոցով նպատակ է ունեցել կանանց ձայներով խոսել նրանց խնդիրներ մասին: Ռեժիսորը պատմում է, որ սկզբում ցանկանում էր հասկանալ, թե ինչու են կանայք դիմում հղիության արհեստական ընդհատմանը, և ֆիլմի ստեղծման ժամանակ պարզ է դարձել, որ խնդրի հիմքում երեխայի սեռն է:

Ֆիլմը նպատակ չուներ հղիության արհեստական ընդհատմանը կողմ կամ դեմ խոսել, որովհետև դա կանանաց իրավունքն է, այլ պարզապես հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Արդյունքում պարզ է դառնում, որ հղիության արհեստական ընդհատման խնդիրը վերաբերում է ոչ միայն կանանց, այլև ամբողջ հասարակությանը, ազգի գենոֆոնդին:   

Ա. Գրիգորյանը խոստովանում է, որ դժվար էր նման թեմայով ֆիլմ ստեղծել, որովհետև շատ կանայք խուսափում են խոսել այս խնդրի մասին, իսկ ֆիլմում նկարահանված կանանց մի մասի ընտանիքներում տեղյակ չեն դրա մասին: Եվ պատահական չէ, որ ֆիլմում նշված չեն հերոսուհիների անուններն ու բնակության վայրերը: Ֆիլմը ցուցադրվել է Հայաստանի տարբեր համայնքներում, սակայն ռեժիսորը նշեց, որ ֆիլմում նկարահանված կանանց բնակության վայրերում ֆիլմը չի ցուցադրվում, որպեսզի նրանց չճանաչեն:

«Հետքի» այն հարցին, թե ինչու ֆիլմում ներկայացված չէ նաև տղամարդու կարծիքը` խնդրը բազմակողմանիորեն հասկանալու համար, Ա. Գրիգորյանը պատասխանեց, որ իրենք էլ ցանկացել են ներկայացնել հակառակ կողմի տեսակետը, սակայն իրականում  դժվար էր գտնել տղամարդու, ով կխոսեր խնդրի մասին: Ռեժիսորի խոսքերով` այդ թեմայի մասին համաձայնում էին խոսել միայն գիտնական տղամադրիկ: Սակայն ֆիլմի տարբեր ցուցադրությունների ժամանակ մեծ է լինում հատկապես տղամարդկանց լսարանը, և հենց ֆիլմին հաջորդող քննարկումների ժամանակ է, որ նրանք արտահայտում են իրենց կարծիքը:

Իսկ այն կանանց, ովքեր իրենց խնդրի մասին բարձրաձայնել են ֆիլմում, Ադրինե Գրիգորյանը համարում է «Հայաստանի հերոսներ»: Նրանք խոսում են, որովհետև չեն ուզում իրենց ճանապարհով ուրիշները ևս անցնեն, ուզում են իրենց ձայնով փոփոխություն մտցնել հասարակության մեջ, և դրանով ապացուցում են, որ իրենք ուժեղ են:

Ադրինե Գրիգորյանի «Բավական» ֆիլմը այս տարի ներկայավել է նաև Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում: Իսկ «Ոսկե ծիրանի» շրջանակներում ընդգրկված է «Հայկակական համայնապատկեր» մրցութային ծրագրում: Ֆիլմը կարելի է դիտել հուլիսի 8-10-ը` «Մոսկվա» կ/թ-ում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter