HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ցեղասպանության մասին պատմող «Խավարումը»

1915թ. Արևմտյան Հայաստան: Թուրքական կոտորածից փրկված մի խումբ հայ երեխաներ հաձնվում են Կարմիր խաչի ճամբար, որտեղից նրանք հետագայում պետք է տեղափոխվեին այլ երկրներ:

Տանջված, հոգնած, սոված ու ծարավ երեխաները, որոնք դեռ ահաբեկված են, անգամ չեն փորձում օգտվել սեղանից, որն իրենց համար է պատրաստել են Կարմի խաչի բուժքույրերը: Մինչ աշխատողները քննարկում են, թե ինչպես պետք է հոգան այն երեխանրի կարիքները, որոնք նոր պետք է գան, լսվում է տղա երեխաներից մեկի բարձր աղաղակը: 10-11 տարեկան մանչուկը փորձում է փախչել և գտնել այն միակ արժեքավոր իրը, որ փրկվել է իր հետ միասին: Ճանապարհին մանչուկը կորցրել էր այն փամփուշտները, որոնցով սպանել են ծնողներին. մեկով` հորը, մյուսով` մորը: Մինչ երեխային փորձում են հանգստացնել, բուժքույրերը փորձում են մյուս երեխաներից իմանալ, թե ով է վերցրել այդ փամփուշտները: Երբ վերջիններիս հրամայում են ցույց տալ, թե ինչ կա իրենց ձեռքերում, նրանք հերթով բացում են իրենց փոքրիկ ափերը, որտեղ խնամքով պահված էին տարբեր քանակությամբ փամփուշտներ:

Այսպիսին է Արա Երնջակյանի «Խավարումը» 14 րոպեանոց ֆիլմը, որը ներկայացված է «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում:

Ֆիլմը ստեղծված է սև ու սպիտակ կադրերով: Այն ազդեցիկ է ոչ այնքան խոսքերով կամ պատկերներով, որքան երեխաների անխոս հայացքներով. նրանց փոքրիկ դեմքերին դրոշմված են այն բոլոր ապրումներն ու դաժան տեսարանները, որոնց ականատեսն են եղել իրենք:

Արշալույս Հարությունյանը, ով մեծ ներդրում ունի ֆիլմի ստեղծման մեջ, կարծում է, որ պատմությունը պետք է այսպես նկարել. ցույց տալ ոչ թե արյունն ու դաժանությունները, այլ այդ ամենի հետևանքներն ու զգացմունքները:

Նրա խոսքերով` կինոն ճիշտ լեզու է` բարձրաձայնելու այնպիսի խնդրի մասին, ինչպիսին Ցեղասպանությունն է: Բայց միաժամանակ դա պետք է արվի շատ զգույշ և նրբանկատորեն: Հարցն այն է, որ միայն հայերը չեն ցավ զգացել իրենց մաշկի վրա, և այնպես չէ,  որ միջազգային հանրությունն անհամբեր սպասում է, թե հայերն ինչ ֆիլմ են նկարահանելու Ցեղասպանության մասին: Այս դեպքում պետք է ճկուն դիվանագիտություն և գրագետ կինո:

Ֆիլմը նկարահանվել է Աշտարակից Նոր Երզնկա տանող ճանապարհի վրա «դաժան պայամաններում»: Նկարահանման օրերը համընկել են վերջին շրջանի կարկտահարման օրերի հետ, և Ա. Հարությունյանի խոսքերով` 3 օրվա ընթացքում իրենք զգացել են տարվա բոլոր եղանակները. «Կարծես երկինքն էր միացել նկարհանումներին»: Վերջինս հավաստիացնում է, որ ամբողջ ստեղծագործական թիմը շատ լարված և էմոցիանալ է աշխատել ամբողջ ընթացքում` կադրից դուրս չթաքցնելով հուզմունքն ու արցունքները:

«Խավարում» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հունիսի 26-ին: «Ոսկե ծիրանի» ծրջանակներում այն կցուցադրվի հուլիսի 9-ին և 11-ին: 

Լուսանկարը` «Ոսկե ծիրանի» պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter