
«Սպիտակ գառան երազը»
Աշխարհում միշտ զոհաբերվում է լավագույնը, մաքուրն ու սպիտակը: Այս չափանիշներով են ընտրում մատաղի` զոհաբերության համար նախատեսված գառանը նաև Հրանտ Վարդնայանի ֆիլմի հերոսները:
«Սպիտակ գառան երազը» կարճամետրաժ ֆիլմում ռեժիսորը ներկայացրել է իր երևակայության արդյունքը` ինչի մասին կարող է երազել գառը: Եթե իրականում գառանը գնում են և ժամեր անց թափում արյունը որպես զոհ, ապա ֆիլմում գառը տեսնում է, թե ինչպես զոհաբերության պահին իրեն այնքան սիրող հովիվը գալիս և փրկում է իր կյանքը: Եվ այդ պահից սկսած կարծես ամբողջ աշխարհը պտտվում է սպիտակ գառան շուրջը. Բոլոր լրատվամիջոցները, մարդիկ հետաքրքված են նրա առողջական վիճակով:
Ֆիլմում վառ, գունավոր ու գեղեցիկ կադրերի հետ խոսք գրեթե չի հնչում: Սակայն չի կարելի չհիշել հովվի խղճալի ձայնը, երբ նա պարբերաբար կրկնում է իր գառնուկի անունը` Բեբե: Ֆիլմում հովվի դերը մարմնավորում է Արամոն, ով նաև ֆիլմի պրոդյուսերն է:
Իսկ ֆիլմի գլխավոր հերոսը` Բեբեն, անցել է հատուկ մրցույթ` «քասթինգ», նկարահանման ժամանակ նա ուներ նաև կրկնօրինակողներ, որոնք փոխարինում էին նրան տարբեր տեսարանների ժամանակ: Հ. Վարդանյանը պատմում է, որ կարողացել էին այնպես անել, որ Բեբեն անցնի իրենց ցանկացած կողմ. այդ ուղղությամբ կապում էին Բեբեի «մայրիկին», և մինչ գառը վազում էր նրա ուղղությամբ, նրան նկարահանում էին: Ռեժիսորը խոստավանում է, որ իրականում շատ դժվար է աշխատել կենդանիների հետ: Այս ֆիլմի ժամանակ իրենց հետ աշխատել է նաև անասնաբույժ: Ռեժիսորն անգամ կատակով նշում է, որ կարծես թե ֆիլմի ընթացքում Բեբեն արդեն հասկանում էր մարդկային լեզուն:
Սակայն, ինչպես կյանքում, այնպես էլ ֆիլմի վերջում, պարզ է դառնում, որ դա լոկ գառան երազն էր. իրականում Բեբեի հովիվը նրան վաճառում է մատաղի համար:
Գունավոր, դինամիկ, գեղեցիկ կադրերով ու հետաքրքիր սցենարով այս ֆիլմը փոքրիկ հաղորդագրություններ է պարունակում, որ ռեժիսորը ցանկանում է հասցնել լսարանին:
«Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի «Հայկակական համայնապատկեր» մրցութային ծրագրում ներկայացված ֆիլմը կարելի է դիտել հուլիսի 8-ին, 10-ին և 12-ին:
Լուսանկարը` «Ոսկե ծիրանի» պաշտոնական կայքից
Մեկնաբանել