
Պավել Ֆինն. սև ու սպիտակ կինոյի կողմնակիցը
«Հաշվի առեք մի բան, որ ռեժիսորից կարևորը չկա: Դա ասում եմ ես՝ սցենարիստս, որի համար ինձ շատ սցենարիստներ հետապնդում են,- կես կատակով ասում է Պավել Ֆիննը:- Հենց ռեժիսորն է խոսում հանդիսատեսի հետ»:
Ռուս կինոսցենարիստ, ինչպես նաև լրագրող Պավել Ֆիննը համոզված է, որ կինեմատոգրաֆիայի պատմության ընթացքում համեստ, սև ու սպիտակ կինոյից, որում չկան հատուկ էֆեկտները, ավելի լավ բան չի ստեղծվել: Նա անգամ կողմնակից չէ ֆիլմում երաժշտության առկայությանը՝ չնայած կինոյի պատմության մեջ շատ են հանճարեղ կինոկոմպոզիտորները:
Տասնյակ կինոսցենարների հեղինակ Պավել Ֆիննը կարծում է, որ կինոյում որքան քիչ են խոսքերը, այնքան ավելի ազդեցիկ է այն: Չէ՞ որ հեշտ է էկրանից պարզապես ասել՝ ես սիրում եմ քեզ:
«Բայց փորձիր դա ցույց տալ»,- ասում է սցենարիստը:
Նրա կարծիքով՝ կինոն հանդիսատեսի հետ խոսում է իր ուրույն լեզվով՝ շարժում, ռակուրս, պլան, կադր և այլն:
«Դուք կարող եք դա զգալ, բայց ավելի լավ կլինի, եթե այն հասկանայիք»,- ասում է Պ. Ֆիննը:
Սակայն ժամանակի ընթացքում այդ կինոլեզուն փոխվում է, ինչը մեծապես կախված է տեխնիկայի զարգացումից. կինոն արվեստի այն ճյուղն է, որն առավելագույնս կապված է տեխնիկային: Դա, անշուշտ, իր ազդեցությունն է ունենում կինոյի վրա, սակայն այլ հարց է, թե արդյոք այդ ազդեցությունը դրակա՞ն է:
Դեռևս ԽՍՀՄ տարիներին իր կինոգործունեությունը ծավալած սցենարիստը չի կարող ժխտել նորամուծությունների դերը, որոնք հաճախ իսկապես ցնցող են և գրավում են լսարանին: Սակայն մյուս կողմից բազմաթիվ տեխնիկական էֆեկտներ խլում են կինոյի այն մեծ ուժը, որը բացահայտում էին մարդու էությունը, ներաշխարհը, նրա հարաբերություններն արտաքին միջավայրի հետ:
«Այս առումով կինոլեզվի փոփոխությունը բավականին դրամատիկ է»,- հավելում է Պավել Ֆիննը:
Վերջինիս համար նաև ցավալի և տխուր է, որ այժմյան կինոն աստիճանաբար բաժանվում է կինոժապավենից, որի վրա ժամանակին այն կառուցվել է:
«Դու ձեռքերով էիր հասկանում, թե ինչ է կինոն, այն զգում էիր քո ձեռքերի մեջ»,- ասում է 73-ամյա սցենարիստը:
Սկսած 1998 թ.-ից՝ Պ. Ֆիննը ռեժիսոր Վլադիմիր Խոտինենկոյի հետ անցկացնում է սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն կուրսեր, որոնք տևում են 1 տարի և 8 ամիս: Նրա խոսքով՝ ինչպես հին Սպարտայում նորածիններին բարձր ժայռից նետում էին ջուրը, և եթե ողջ էր մնում, շատ լավ, իսկ եթե ոչ, ուրեմն արժանի չէր սպարտացի լինել, այնպես էլ իրենք են իրենց ուսանողներին «ջուրը նետում»: Այդ պատճառով էլ նրանք կինեմատոգրաֆիայի այբուբենը, որ սովերցնում են ուսանողներին, անվանում են «երիտասարդ մարտիկի այբուբեն»:
Ուսանողներին կինոյում «կոփելու» համար նրանք միաժամանակ սովորեցնում են և ռեժիսորի, և սցենարիստի մասնագիտությունը: Պ. Ֆիննի կարծիքով՝ դա տալիս է իր արդյունքը, որովհետև դիմորդներից շատերը գալիս են կինոյից ընդհանրապես անտեղյակ, իսկ ավարտում են որպես Կաննի կինոփառատոնի մասնակիցներ:
Այնուամենայնիվ, ավելի քան 40 տարի կինոյում աշխատած գործիչը կարծում է, որ կինեմատոգրաֆիա չեն սովորեցնում: Իրենք կիրառում են մի պարզ բանաձև. չի կարելի սովորեցնել, բայց կարելի է սովորել: Նրա խոսքով՝ հնարավոր չէ մարդուն սովորեցնել դառնալ տաղանդավոր, բայց հնարավոր է և անգամ անհարժեշտ է նրան սովորեցնել կինեմատոգրաֆիայի այբուբենը, այնուհետև օգնել հասնել ավելի բարձր մակարդակների: Աստիճանաբար այդ ամենն աննկատ մտնում է նրանց ենթագիտակցության մեջ:
«Այնուհետև, երբ նրանք աշխատեն մեծ կինոյում, ոչ թե հատուկ մտածելու են առանձին տարրերի մասին, այլ դա անելու են ինքնաբուխ: Մեր առաջադրանքն է դաստիարակել նրանց ենթագիտակցությունը»,- ասում է Պավել Ֆիննը:
Վերջինս հպարտությամբ նշում է, որ իր ուսանողների շրջանում շատ են նաև հայերը թե Հայաստանից, թե այլ երկրներից, որոնց շատ է սիրում:
«Գուցե դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ես անտարբեր չեմ ձեր քաղաքի նկատմամբ, որը համարում եմ իմը: Երևանում ես սովորել եմ դպրոցում: Շատ եմ սիրում Երևանը, գալ այստեղ և նաև շատ եմ սիրում, երբ մեր դասընթացներին գալիս են հայ երիտասարդներ»,- խոստովանում է ռուս կինոգործիչը:
Մեկնաբանել