
«Եթե ցանկանում եք՝ Ռուսաստանում այլ անուններով դատեն հայկական մշակույթի մասին, Հայաստանը պետք է ջանքեր գործադրի»
«Ոսկե ծիրանի» շրջանակներում այսօր բացվում է Ռուսաստանի ֆիլմերի օրերի ծրագիրը, որն անցկացվում է առաջին անգամ: Բացումը լինելու է ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ» ֆիլմով: Վերջինիս «Երկար, երջանիկ կյանք» ֆիլմն այս տարի ներկայացված է փառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում:
Ծրագրի շրջանակներում ցուցադրվելու են նաև Ալեքսեյ Ֆեդորչենկոյի «Դաշտային մարիների երկնային կյանքը», Պավել Ռումինովի «Կողքիդ կլինեմ», Յուրի Բիկովի «Մայորը» և Նատալյա Մերկուլովայի ու Ալեքսեյ Չուպովի «Ինտիմ մասեր» ֆիլմերը:
Վերջին ֆիլմը Ա. Չուպովի առաջին ֆիլմն է: Փոքր բյուջեով ֆիլմը նկարահանվել է մասնավոր գումարներով, սակայն երիտասարդ ռեժիսորները հույս ունեն, որ հետագայում կկարողանան ստանալ նաև պետության աջակցությունը:
Ն. Մերկուլովան կարծում է, որ կինոն ոչ միանշանակ անվանում ունի: Բացի դրանից՝ ֆիլմում կան բաց տեսարաններ, մերկ մարդիկ, էրոտիկ ֆոնի վրա ներկայացվում են մեծ քաղաքի բնակիչների հոգեբանական խնդիրները: Ֆիլմի գլխավոր հերոսը երիտասարդ լուսանկարիչ Իվանն է, ով համոզված է, որ մարդիկ ծնվել են երջանիկ լինելու համար, իսկ երջանկությունն ինքն իրեն հավատարիմ մնալու ազատությունն է:
Մերկուլովան օրինակ է բերում Եվրոպան, որտեղ իրենց ֆիլմը նորմալ ընկալեցին, քանի որ այնտեղ նմանատիպ խնդիրների մասին մարդիկ վաղուց արդեն խոսում են՝ ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ արձագանքը ոչ միանշանակ էր: Իրենց տեսած խնդիրների մասին նրանք ցանկացել են բարձրաձայնել ֆիլմի միջոցով:
«Ժամանակն է, որ մենք էլ խոսենք դրա մասին»,- հավելում է նա:
Իսկ Ալեքսեյ Չուպովն, անդրադառնալով այն հարցին, թե ինչու ռուսական նոր կինոյի ներկայացուցիչները քիչ են գալիս Հայաստան, և այստեղ նրանց քիչ են ճանաչում, օրինակներով է պատասխանում: Այսպես, խորհրդային տարիներին Ռուսաստանում հայերից գիտեին Արամ Խաչատրյանին, Արմեն Ջիգարխանյանին, լայն հանրության համար կինոյի ներկայացուցիչներն էին Տիգրան Քյոսայանը և Կարեն Շահնազարովը, կինոգուրմանների համար՝ Փարաջանովը և Փելեշյանը:
«Իսկ ի՞նչ կերպարներով են դատում հայկական մշակույթի մասին Ռուսաստանում այսօր. Գարիկ Մարտիրոսյան, Միշա Գալուստյան, կինոյում՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյան,- ասում է ռուսական նոր կինոյի ներկայացուցիչը:- Եթե դուք Հայաստանում ցանկանում եք, որ Ռուսաստանում ևս այլ անուններով դատեն հայկական մշակույթի մասին, ուրեմն Հայաստանը պետք է մեծ ջանքեր գործադրի»:
Լուսանկարում՝ Նատալյա Մերկուլովա և Ալեքսեյ Չուպով
Մեկնաբանել