HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Քեշիշ Աբրամի 13 հարկանին՝ կոմիտասցիների 5 հարկանիների մեջտեղում

Կոմիտասի փողոցում երեք բնակելի շենքի (5ա, 3 և 7) անմիջական հարևանությամբ «Լիբեր» ՍՊԸ-ն 2010 թվականից սկսել է 13 հարկանի շենքի շինարարարություն, որն այս պահին դադարեցված է, քանի որ հարակից շենքերի բնակիչներն ամեն կերպ պայքարում են, որ բավական խիտ կառուցապատված այդ տարածքում (շուրջ 1000 քմ մակերեսով) շենք չկառուցվի, կամ գոնե նորակառույցը իրենց շենքերից բարձր չլինի:

Շինարարության թույլտվության ժամկետն ավարտվում է 2014 թվականին, բայց բնակիչները մտավախություն ունեն, որ նույնիսկ դրանից հետո Էդուարդ Քեշիշ Աբրամը՝ «Լիբեր» ընկերության տնօրենը, կվերսկսի բարձրահարկի շինարարությունը:

շինհրապարակի և հարևան բնակելի շենքի միջև եղած հեռավորությունը

Բնակիչները, 2010 թվականից սկսած, դատական գործընթացների մեջ են և նամակներ են գրել ՀՀ նախագահին, Երևանի քաղաքապետներին մի քանի օր առաջ հանդիպել են գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, ով, բնակիչների խոսքով, ասել է, որ այդ շենքի համար իրենք շինթույլտվություն չեն տվել, հաստատված նախագիծ չկա:

Մինչդեռ քաղաքապետ Տարոն Մարգարյանն 2013 թվականի իր նախընտրական հանդիպումների շրջանակում եկել էր Կոմիտասի 5 շենքի բակ ու բնակիչներին ասել, որ եթե վերջինները չուզեն, այդտեղ ոչ մի շենք չի կառուցվի մինչև շինարարության թույլտվության ժամկետի ավարտ:

Կոմիտասի 5-ը մինչև շինարարության սկսվելը
Կոմիտասի 5-ը շինարարության սկսվելուց կարճ ժամանակ անց
Կոմիտասի 5-ն այժմ

Բանակցությունների ընթացքում բնակիչները համաձայնել էին, որ այդ տարածքում կառուցվող շենքը լինի գոնե իրենց շենքերի բարձրության, սակայն շինհրապարակի պատին փակցված ցուցանակում պարզ երևում է, որ կառուցվելիք բազմաֆունկցիոնալ բնակելի շենքը մի քանի հարկով բարձր է հարևան շենքերից: Բնակիչները մտավախություն ունեն, որ այն նույնիսկ ավելի բարձր կարող է լինել, քան պատկերված է: Ի դեպ, նրանք զարմացան՝ լսելով շինթույլտվությամբ և շենքի մակետով ցուցանակի մասին: Բնակիչները ենթադրեցին, որ ցուցանակը երկու-երեք օր առաջ է փակցվել:

շինթույլտվությամբ և շենքի մակետով ցուցանակը

Բնակիչների բողոքի առիթներից մեկն էլ Կոմիտասի 5 հասցեում գործող բարձր լարման ենթակայանն է, որը վտանգներ է պարունակում: Նոր շենքի շինարարության պատճառով ենթակայանն իր նախկին տեղից տեղափոխել են՝ մոտեցնելով Կոմիտասի 5ա բնակելի շենքին: Ենթակայանն այժմ այդ շենքից գտվնում է 14 մետր հեռավորության վրա, ինչն օրենքի սահմաններում է, բայց անգամ դրա համար, Կոմիտաս 5ա շենքի բնակիչ Սուսաննա Թերզյանի խոսքով, շենքը կառուցողները ոչ մի փաստաթուղթ չունեն:

Մեկ այլ բնակիչ Գոհար Սահակյանի խոսքով՝ նախկինում «Լիբեր» ընկերության ունեցած բոլոր փաստաթղթերն իրենք վիճարկել են դատարաններում: Արդյունքում բնակիչների ձեռքում է հայտնվել դատական որոշում, որով շինարարությունն իրականացնող «Լիբեր» և «Ռեմ Գրուպ» ՍՊԸ-ներին արգելվում է Կոմիտասի 5 հասցեում իրականացնել ծառահատում և շինարարություն, սակայն անմիջապես այդ որոշումից հետո, ըստ բնակիչների, կրկին ծառահատում է արվել:

դատարանի՝ շինարարությունն ու ծառահատումներն արգելող որոշումը

Ենթակայանի սարքավորումները, բնակիչների խոսքով, 50 տարվա են՝ յուղային հիմքով տրանսֆորմատորներ: Նրանք նշեցին նաև, որ մի քանի ժամ առաջ (բնակիչների հետ հարցազրույցն արվել է հուլիսի 6-ին - հեղ.) ուժեղ պայթյունի ձայն լսեցին տեղափոխված ենթակայանի տարածքից, որից հետո աշխատողներն իրար խառնված դուրս են վազել:

շենքերի բնակիչները

«Հետքը» փորձեց շենքի շինարարության վերսկսման մասին տեղեկություն ստանալ հենց շինհրապարակից, սակայն այդտեղ գտնվող աշխատողներն ասացին, որ իրենք պարզապես բանվորներ են, ենթակայանի վրա են աշխատում, որից հետո մտան շինհրապարակ և դուռը ներսից փակեցին:

Այժմ նորակառույցի հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչների բողոքը հասել է վերաքննիչ դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter