HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Մարգարեթե ֆոն Թրոթա. նախասահմանված էր դառնալ ռեժիսոր

Գերմանական նոր կինոյի ալիքի վառ ներկայացուցիչներից մեկը` Մարգարեթե ֆոն Թրոթան, 1960-ականներին իր կարիերան սկսել է որպես դերասանուհի, այնուհետև նոր անցում կատարել ռեժիսուրային: Կարելի է ասել, որ նրա ռեժիսոր դառնալը նախասահմանված էր ի սկզբանե, իսկ դերասանուհի լինելը` պարզապես միջոց դրան հասնելու համար: Իր կարիերայի սկզբում, երբ Ֆրանսիայում կինոյի նոր ալիքն արդեն «ողողել էր» կինոոլորտը, Գերմանիայում ամեն ինչ նոր պետք է սկսվեր: Եվ պատահական չէ, որ Մարգարեթեն մեկնում է Ֆրանսիա. այստեղ նա նորովի է բացահայտում կինոյի աշխարհը:

Չնայած այդ տարիներին խենթություն կհամարվեր կնոջից լսել` «ես ուզում եմ դառնալ ռեժիսոր» խոսքերը, այնուամենայնիվ, գերմանացի այս ուժեղ կնոջը հաջողվում է ճեղքել այդ պատնեշը: Ժամանակի ընթացքում նա ապացուցում է, որ արժանի է ֆիլմ նկարահանել, ոչ թե միայն դեր խաղալ: 

Մարգարեթեն սկսում է նկարահանվել կինոյում, բայց դա տևում է միայն մինչև 1977 թ.-ը, երբ նա ինքնուրույն սկսում է ֆիլմեր նկարահանել: Դրանից հետո, բացառությամբ Քշիշտոֆ Զանուսսիի «Կապույտ մորուքը» ֆիլմի, Մարագեթեին որպես դերասանուհի այլևս չենք տեսնում մեծ էկրանին. նա արդեն իր տեղն ունի էկրանից այն կողմ: Մարգարեթեի դեպքում ասում են, որ նա ճանապարհ հարթեց մյուս բոլոր կանանց համար, ովքեր հետագայում պետք է ստեղծեին իրենց ֆիլմերը: Եվ այսօր Մարգարեթեն ուրախ է, որ կին ռեժիսորները շատ են:

Նա պատմում է, որ ժամանակին ինչ սովորել է կինոոլորտում եղել է ինքնակրթության արդյունք: Երիտասարդ ժամանակ շատ էր ցանկանում համապատասխան կրթություն ստանալ, սակայն չէր կարող ֆինանասապես իրեն թույլ տալ: Բազմաթիվ հարցերի պատասխաններ նա ստացել է շատ ֆիլմեր նայելով, ինչպես նաև նկարահանաման հրապարակում` անընդհատ հարցնելով և հետաքրքրվելով, թե ինչպես են ստեղծում կինոն:

«Սովորել եմ աշխատելով»,- ասում է ռեժիսորը:

Նա խոստովանում է, որ երբ «հնարավորություն ստեղծվեց» ամուսնանալ գերմանական նոր կինոյի ներկայացուցիչ Ֆոլկեր Շլյոնդորֆի հետ, շատ բան սովորեց նրանից որպես ռեժիսոր:

«Բայց ես նաև նրան սիրում էի»,- ծիծաղելով հավելում է Մարգարեթեն:

Նրանց ամուսնությունը տևել է 20 տարի, որի ընթացքում համագործակցել են թե որպես դերասան-ռեժիսոր, թե որպես ռեժիսորներ:

Կարելի է ասել, որ մինչև 1970-ականների կեսերը պարզապես եղել է նախապատրաստական շրջան` մինչև հասունանար նրա` ֆիլմ ստեղծելու ժամանակը: Նաև դերասանի ճանպարահով անցած ռեժիսորին իր փորձը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ դերասանին, նրա հոգեբանությունը, հետևել իրադարձություններին գործընթացի ներսից, ոչ թե պարզապես տեսախցիկից այն կողմ:

Մարգարեթեի համար, ով նաև սցենարիստ է, կարևոր է նախօրոք մտովի տեսնել այն կինոն, որը պետք է նկարահանի: Բայց միևնույն ժամանակ նրա համար պակաս կարևոր չէ, թե ինչ նորույթ իր հետ կբերի դերասանը, ինչ համ ու հոտ կավելացնի հենց նա: Ֆիլմի առավելություններից մեկն էլ այն է, որ բազմաթիվ էպիզոդներ չես կարող ուղղակի թղթի վրա ստեղծել. դրանք ծնվում են հենց նկարահանման ժամանակ:

Մարգարեթեն խոստովանում է, որ չի կարող ուղղակի պատվերով ֆիլմ նկարահանել: Նախ և առաջ իր ֆիլմերի թեմաները պետք է իրեն հուզեն հոգևոր և զգայական մակարդակում: Այդպիսին է նաև նրա «Հաննա Արդենտ» ֆիլմը, որը ստեղծվել է 2012 թ.-ին, սակայն ծրագրված էր անել դեռևս տարիներ առաջ: Այն պատմում է գերմանացի հայտնի փիլիսոփա Հաննա Արդենտի մասին, ով հրեական ծագում ունի: Ժամանակին նրա հայացքների և մոտեցումների պատճառով դատապարտում էին նրան. եթե ամբողջ աշխարհը դեմ էր դուրս եկել Ադոլֆ Այխմանին, ապա Հաննան այլ կարծիքի էր. Այխմանը մեկն է, ով պարզապես փորձում է լավ կատարել իր գործը, եթե անգամ դա սպանությունն է: Սակայն ռեժիսորը համոզված է, որ իր ֆիլմի հերոսուհին երբեք չի ցանկացել արդարացնել նացիզմը:

Մարգարեթեն, լինելով ֆեմինիստ, չի կարծում, թե Հաննան ժամանակին նույնպես այդպիսին է եղել: Սակայն չի էլ կարող ժխտել այն մեծ ներդրումը, որ նա ունեցել է ֆեմինիստական շարժման զարգացման մեջ: Նա կարծում է, որ ֆեմինիստական ալիքը, որ այժմ շարժվում է դեպի իսլամական երկրներ, պետք է այնտեղ զարգանա. հենց այնտեղ է այսօր մեծ ճնշումը:

Մարգարեթեի խոսքերով` ինքը գիտի` ինչ ասել է լինել քննադատված, արհամարհված, գուցե նաև մերժված: Դրան է բախվել նաև իր ֆիլմի հերոսուհին: Պետք է կարողանալ սեփական ձեռքերով կերտել ճակատագիրը, բայց և պատրաստ լինել չսիրված լինելուն:

Ռեժիսորը խոստովանում է, որ չնայած հաճախ է անդրադարձել պատմական ֆիլմերի, սակայն չէր ցանկանա պատմական ֆիլմ նկարահանող ռեժիսորի դաջվածք կրել իր վրա: Իսկ իր վերջին ֆիլմի ստեղծման համար նա խորհրդակցել է պատմաբանների հետ, երկար նախապատրաստվել դրան: 

Հուլիսի 9-ին «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի ունեցավ «Հաննա Արդենտ» ֆիլմի պրեմիերան: Նախքան ֆիլմի ցուցադրությունը փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը Մարգարեթե ֆոն Թրոթային հանձնեց «Փարաջանովյան թալեր» մրցանակը: Վերջինս մրցանակ ստանալիս բեմից խոստովանեց, որ վերջերս, երբ կարդաց Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը, որն իրեն ցնցեց, մեծ ցանկություն առաջացավ գալ Հայաստան: Այնուհետև շատ կարճ ժամանակ հետո նա Հարություն Խաչատրյանից նման հրավեր ստացավ, և այժմ ուրախ է գտնվել Հայաստանում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter