
Էջմիածնում տաքսիները թանկացրել են ուղեւորավարձը
Հուլիս 7-ից հանրապետությունում գազի գինը թանկացել է 24 դրամով, իսկ էլեկտրաէներգիայինը՝ 8 դրամով: Էջմիածնում արդեն իրարանցում է, որովհետեւ գազի գնի թանկացման հետեւանքով թանկացել է Էջմիածին-Երեւան մասնավոր տաքսիների ուղեվարձը, որոնցից հիմնականում օգտվում են աշխատանքի կամ դասի շտապողները: Մինչեւ ամսի 7-ը 4 հոգով տաքսիով Երեւան գալու համար յուրաքանչյուրը վճարում էր 300 դրամ, իսկ թանկացումից հետո` 400 դրամ: Իսկ ժամը 19-ից հետո նույն մարդկանց Երեւանից Էջմիածին են բերում արդեն 500 դրամով:
Սա լուրջ հարված է հատկապես ամեն օր Երեւան գնացողների համար, քանի որ աշխատավարձը չի բարձրացել, սակայն ուղեւորափոխադրողներն ստիպված են նախկինի համեմատ ավել վճարել:
Ուղեվարձը թանկացրել են նաեւ տաքսի ընկերությունները: Երեկվանից «33» տաքսի սերվիսի ավտոմեքենաներով Երեւան հասնելու համար ուղեւորը նախկին 2000 դրամի փոխարեն այժմ վճարում է 2500 դրամ: Թանկացել են նաեւ գյուղեր տանելու ուղեվարձերը: Օրինակ` Էջմիածնից Աղավնատուն եւ Արշալույս նախկինում տաքսիները տանում էին 1000 դրամով, իսկ այժմ 1200 դրամ արժե:
Երեկ «33»-ի վարորդներից մեկը դժգոհեց, որ ուղեվարձի թանկացումը վատ է անդրադառնում իրենց աշխատավարձի վրա, քանի որ մարդիկ չեն նստում տաքսի, իսկ իրենց վճարում են ըստ օրվա գումարի` համապատասխան տոկոսներով:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել