HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Շտեֆան Ֆյուլեի խոսքերով` Հայաստանի տեսլականը նրա արդիականացումն ու ներուժի լիարժեք օգտագործումն է

Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անրադարձավ Հայաստանի և Եվրոպական միության (ԵՄ) հարաբերություններին, ինչպես նաև՝ ստորագրության նախապատրաստվող Ասոցացման համաձայնագրի հետ կապված հարցերին: Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ պետք է տեղի ունենա համաձայնագրի նախաստորագրումը: 

Շ. Ֆյուլեն համոզված է, որ այս համաձայնագիրը լայն հնարավորություններ կտա Հայաստանին` զարգանալու նոր ուղով, ամրապնդելու իր դիրքերը տարածաշրջանում, ինչպես նաև՝ զարգացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ, որի հետ համագործակցում է «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում: Միաժամանակ, նա շեշտում է, որ համաձայնագրի շուրջ բանակցությունները եղել են երկար, և իշխանությունները պետք է հասարակությանը ներկայացնեն, թե ինչ կտա Հայաստանին այս համաձայնագրի ստորագրումը: Նա համոզված է, որ Ասոցացման համաձայնագիրը և դրա մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կբարելավեն Հայաստանի վիճակը ոչ միայն տնտեսական, այլև տրանսպորտի, կրթության և այլ բնագավառներում: Նրա կարծիքով` սա դրական առաջընթաց է մի երկրի համար, որը չունի ելք դեպի ծով, բացի այդ` լարված հարաբերություններ ունի հարևաններից երկուսի հետ:

Շ. Ֆյուլեն հերքում է այն «լեգենդը», թե «Արևելյան գործընկերությունը» միևնույն ստանդարտ մոտեցումներն է ցուցաբերում բոլոր գործընկերների դեպքում: Չնայած կան հստակ, կոնկրետ գործիքներ, որոնցով իրենք աշխատում են, բայց, Ֆյուլեի կարծիքով, իրենք փորձում են հարմարեցված լուծումներ առաջարկել գործընկերներից յուրաքանչյուրին:

Իր խոսքում Ֆյուլեն անդրադարձավ նաև իրենց գերակայություններին. ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, հիմնարար ազատություններ, կոռուպցիայի դեմ պայքար, հավասարություն և կառավարման համակարգի բարեփոխումներ: Նրա կարծիքով` Հայաստանում այս հարցերից որոշներում կա առաջընթաց, սակայն բավականին աշխատանք պետք է տարվի մասնավորապես օրենսդրական դաշտում (Ընտրական, Քրեական օրենսգիրք և այլն):

Ֆյուլեն նշեց, որ որքան էլ ցավոտ հարց է, բայց չի կարող չանդրադառնալ նաև Հայաստանի արտաքին կոնֆլիկտներին: Նրա խոսքերով` Հայաստանը պետք է լուծի խնդիրը Ադրբեջանի հետ` հիմք ընդունելով Մադրիդյան սկզբունքները: Իսկ ԵՄ-ն ամեն կերպ նպաստելու է կոնֆլիկտի հաղթահարմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Հանձնակատարի խոսքերով` իրենք ունեն հստակ տեսլական՝ կապված Հայաստանի հետ. Հայաստանի արդիականացում և նրա ներուժի լիարժեք օգտագործում: Պետք է այնպես անել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների արդյունքը հաղթական լինի բոլոր կողմերի համար:

Անդրադառնալով Թուրքիայի հետ կապված խնդրին` Ֆյուլեն նշեց, որ Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու պայմաններից մեկն է՝ ունենալ լավ հարաբերություններ բոլոր հարևանների հետ: Իրենք օգտագործում են յուրաքանչյուր առիթ, որպեսզի այդ կոնֆլիկտը հաղթահարվի: Հանձնակատարի խոսքերով` Թուրքիա-ԵՄ հարաբերություններում կա դրական դինամիկա, բարելավվում են հարաբերությունները նաև թուրքական գործարար շրջանակներում, և նա կարծում է, որ սրանք կարող են լծակներ հանդիսանալ` ազդելու Թուրքիայի վրա:

Այս հանդիպումից առաջ Շտեֆան Ֆյուլեի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և այլ պաշտոնատար անձանց հետ: 

Լուս.՝ civilnet.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter