Երևանում ապամոնտաժվում են լեզվի և գովազդի մասին օրենքները խախտող ցուցանակներն ու վահանակները
Երևանում շարունակվում է գովազդային այն վահանակների և գովազդային պաստառների ապամոնտաժումը, որոնք հակասում են «Լեզվի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքների պահանջներին, նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշում է, որ խոչընդոտներից խուսափելու համար ապամոնտաժող աշխատանքային խմբերը տնտեսվարողներին նախապես են տեղեկացնում ապամոնտաժման օրն ու ժամը։
«Բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր ցանկություն են հայտնում, Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության աջակցությամբ տրամադրվում է անվճար խորհրդատվություն։ Տնտեսվարողներ կան, որ իրենց ուժերով են ապամոնտաժում օրենքի խախտումով իրենց վահանակները. դիզայներական աշխատանքներն ու խորհրդատվությունը նրանց տրամադրում ենք առաջնահերթությամբ»,- ասում է Արազ Բաղդասարյանը։
Մայրաքաղաքում գույքագրված, օրենքին չհամապատասխանող գովազդային միջոցները 3000-ն են եղել, որոնց մեծ մասը՝ 1300-ը, Կենտրոն վարչական շրջանում։ 12 վարչական շրջանից 9-ում դրանց ապամոնտաժման աշխատանքներն ավարտվել են։
«Գովազդի մասին» և «Լեզվի մասին» օրենքներին չհամապատասխանող գույքագրված ցուցանակների ապամոնտաժումն ամբողջությամբ կավարտվի մինչև օգոստոսի 1-ը, ընդ որում, այս օրերին բոլոր վարչական շրջաններում զուգահեռաբար ընթանում են կրկնակի ստուգումները։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել