HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Այդ ես չեմ». Մարիա Սահակյանի եռանուն ֆիլմը

14-ամյա Եվրեդիկեն ցանկանում է փոխել իր անունը. գուցե այդպես հնարավոր լինի փոխել նաև իր կյանքը:

Եվրեդիկեի ներաշխարհի, հասունացման շրջանի, ծնողների ու շրջապատի հետ փոխհարաբերությունների մասին է պատմում Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմը: Այս տարի այն ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային խաղարկային և հայկական համայնապատկեր մրցույթներին:

Դեռահաս աղջիկը հայտնվել է մի քաղաքում` Ալավերդիում, որտեղ իրեն չեն կարող հասկանալ. նա այդ մարդկանց մեջ օտար է: Բոլորը գիտեն նրան որպես Սոնայի աղջիկ, իսկ Սոնան` մայրը, իրականում նրան չգիտի: Մայր ու աղջիկ միասին են ապրում, բայց նրանց պատմությունները, խնդիրները, հոգսերը բոլորովին տարբեր են. ամեն մեկն ունի իր աշխարհը, որին մոտ չի թողնում մյուսին: Ըստ էության, ծնողն ու երեխան իրար չեն ընտրում: Եվրեդիկեի ու Սոնայի հարաբերություններում ոչ թե պարզապես ճեղք կա, այլ նրանց մի ամբողջ անդունդ է բաժանում:

Այդ օտար աշխարհի մեջ է Եվրեդիկեն փորձում ստեղծել իր աշխարհը. համացանց, սոցցանցեր, պոեզիա, երազանքներ, մտքեր, հույզեր, սպասումներ ու զգացմունքներ: Այս աշխարհում է նա փորձում գտնել իրեն և ստանալ այն հարցերի պատասխանները, որոնց ոչ ոք չի պատրաստվում պատասխանել:

«Ո՞վ է իմ հայրը»,- սա ֆիլմի և հերոսուհու գլխավոր հարցերից մեկն է, որին մայրն այդպես էլ պատասխան չի տալիս:

Սոնան արվեստի մարդ է, ղեկավարում է հոգևոր երաժշտություն ներկայացնող երգչախումբը, 36 տարեկանում հասել է բազմաթիվ հաջողությունների, շարունակ զբաղված է և շրջագայություններով: Սակայն իրականում ինքն էլ կորցրել է իր ճանապարհը. մոլորված կին է, ով չգիտի` ուր է գնում: Անձնական խնդիրների մեջ խճճված Սոնան չի կարողանում իր դեռահաս աղջկան տալ այն, ինչ նրան այնքան պետք է այս տարիքում` սեր, ուշադրություն, հոգատարություն: Աղջիկը տեսնում է միայն մոր լարված ու անհանգիստ կյանքը, մեկ էլ բարկացկոտ ու պոռթկուն պահեր, երբ զայրույթը թափվում է իր գլխին:

Խուլ քաղաքը շարունակում է լռել, սակայն Եվրեդիկեի կյանքը փոխվում է, երբ հայտնվում է Պյոտրը (Եվգենի Ցիգանով): Պյոտրը այն տղամարդն է, ով առանցքային նշանակություն ունի երկու կանանց կյանքում: Պյոտրն ու Սոնան 14-15 տարի առաջ սիրել են միմյանց, հետո հանգամանքների բերումով բաժանվել: Տարիներ անց նրանք հանդիպում են Ալավերդիում. Սոնան չի հասկանում, թե ինչն էր իրենց բաժանման պատճառը: 39-ամյա Պյոտրը ամուսնացել է մեկ այլ կնոջ հետ և լավ կարիերա է արել, բայց չի կարողանում ստանալ կյանքի ու մահվան վերաբերյալ իր հարցերի պատասխանները: Հետո նա հանդիպում է նաև Եվրեդիկեին: Եվրեդիկեի սոցցանցային ու թերևս միակ ընկերը, ում առջև բաց է Եվրեդիկեի աշխարհը, կեղծանունով մի տղա է, որի անվան հետևում իրականում թաքնված է Պյոտրը: Աղջիկը հանդիպում է Պյոտրին` դրա մասին չիմանալով:

Եթե այլ պայմաններում Սոնան, Պյոտրը և Եվրեդիկեն կարող էին լինել համերաշխ, դասական ընտանիքի օրինակ, ապա այս դեպքում կան առանձին Սոնան, Եվրեդիկեն և Պյոտրը: Բոլորը կապված են միմյանց, բայց առանձին են: Հետաքրքրական է, որ ֆիլմում էլ այս երեքը միասին մեկ կադրում չեն հայտնվում:

Ֆիլմի ռեժիսոր Մ. Սահակյանը, ով նաև սցենարի համահեղինակն ու մոնտաժողն է, խոստովանում է, որ ֆիլմի միջոցով ցանկացել է ասել այն ամենի մասին, ինչ հիշում էր իր դեռահասության ժամանակից, որը կարևոր, սահմանային տարիք է:

«Ներքին պահված հիշողությունների արդյունք է»,- ասում է նա:

Նրա կարծիքով` ֆիլմը Եվրեդիկեի ճանապարհորդությունն է մեռյալների թագավորությունից դեպի կյանք: Այստեղ գործածվում են Օրփեոսի և Եվրեդիկեի մասին Ռայներ Մարիա Ռիլկեի բանաստեղծությունները:

Համացանցի աշխարհում հայտնված հերոսուհու՝ Եվրեդիկեի դերակատարուհի Արինա Ադյյուին ռեժիսորը գտել է հենց համացանցի միջոցով. տեսել է նկարն ու միանգամից առաջարկել գլխավոր դերը:

«Հետքի» այն հարցին, թե ինչպես է վերաբերվում իր հերոսուհուն, Սոնայի դերակատարուհին՝ Մարիա Ատլասը, պատասխանում է, որ իրականում խղճում է նրան, բայց ուրախ է, որ ֆիլմի վերջում նա հասկանում է, որ կյանքը պահ է. այն այստեղ է և հիմա:

«Չեմ կարող ասել, թե նա ինձ դուր է գալիս: Բայց որպես կին՝ ես հասկանում եմ նրան»,- ասում է Մ. Ատլասը:

Ինչպես ֆիլմում հերոսները չէին կարողանում գտնել իրենց, այնպես էլ երկար ժամանակ ֆիլմի ռեժիսոր Մարիա Սահակյանը չէր կարողանում վերնագիր գտնել ֆիլմի համար: Արդյունքում ֆիլմն ունի երեք անուն` «Այդ չես չեմ», «Ալավերդի» կամ «I’m going to change my name»:

Հայաստանի, Ռուսաստանի և Դանիայի համատեղ արտադրության ֆիլմը 2013 թ. Ազգային կինոյի «Հայակ» մրցանակին է արժանացել «Լավագույն խաղարկային ֆիլմ» և «Լավագույն օպերատոր» (օպերատոր` Մկրտիչ Մալխասյան) անվանակարգերում:

1-ին լուսանկարը՝ «Ոսկե ծիրանի» պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter