HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ քաղաքացուն փորձում են սպանել Ուկրաինայի բանտում

Գոհար Մռավյան 

Կիեւի «Լուկյանովսկի» բանտից ուկրաինական Ժիտոմիր քաղաքի բանտ, այնտեղից էլ Բերդիչեւյան գաղութ տեղափոխված ՀՀ քաղաքացի Մեհրաբ Ալոյանին (դատապարտված որպես Մեհրաբ Սուսլով) փորձել են թունավորել:

Մեհրաբ Ալոյանն այս մասին ահազանգել է իր փաստաբաններին, որոնք վկայում են, որ Ալոյանին չպետք է տեղափոխեին երկրի ամենահեղինակազրկված ու վտանգավոր կալանավայրը, որը հայտնի է որպես կալանավորների նկատմամբ աներեւակայելի բռնություններ ու խոշտանգումներ կիրառող հաստատություն եւ որտեղ տեղավորում են արդեն վերջնական դատավճռով դատապարտվածներին: Իսկ Ալոյանի գործը դեռ քննության փուլում է՝ Վճռաբեկ դատարանում:

Մեհրաբ Ալոյանը գործարար է, Կիեւում հայտնի խոշոր «4 room» առեւտրի կենտրոնի հիմնադիրն է ու փայատերերից մեկը, որին Ուկրաինայի եռաստիճան դատական համակարգից երկուսը դատապարտել են ցմահ ազատազրկման իր գործընկերոջը՝ Շաբաբ Ալոյանի եւ նրա երկու թիկնապահների սպանությունը պատվիրելու մեղադրանքով: Մեհրաբ Ալոյանը կտրականապես հրաժարվել է իրեն առաջադրված մեղադրանքից, այն հայտարարել շինծու եւ դատավճիռը բողոքարկել վերին ատյան՝ վերաքննիչ, հետո Վճռաբեկ դատարան: Իսկ մինչ դատարանը կկայացնի որոշում, Ալոյանը բանտային պայմաններում ամեն վայրկյան պայքարում է իր կյանքի համար:

«Ուկրաինան երկիր է, որտեղ իշխում են ավազակներ, գողեր, դրամաշորթներ, իսկ դատավորների հիմնական մասը պատմուճանով մարդագայլեր են: Աստված իմ, երբեք չէի պատկերացնի, որ 21-րդ դարում նման բան հնարավոր է: Ինձ փաստաբաններիս հետ հանդիպման, բաղնիք կամ զբոսանքի են ուղեկցում հատուկ ծառայության ջոկատայիններ՝ դիմակներով, եւ ամեն անգամ ճանապարհին ուղեկցում են զուգարան, որտեղ ինձ դաժան ծեծի են ենթարկում, նվաստացնում են, սպառնում եւ ենթարկում են շանտաժի: Նրանք պոկեցին իմ ոսկե շղթան, որի վրա իմ հավատքի խորհրդանիշն էր եւ նետեցին զուգարանը՝ գոռալով. սեւ հետույքդ առ ու ռադ եղիր քո երկիրը, ի՞նչ գործ ունես մեր երկրում: Ուզում եմ ներողություն խդրել այս այլանդակ արտահայտությունները փոխանցելու եւ տհաճ մանրամասները նկարագրելու համար, բայց ստիպված եմ, որովհետեւ ուզում եմ տեղյակ լինեք, թե ինչ է կատարվում այստեղ: Բանտի ղեկավարությունն իմ դեմ է տրամադրում քրեական ծանր հանցագործություններ կատարած բանտարկյալների, որոնք սպառնում են սպանել ինձ, եթե հետ չվերցնեմ բանտային վատ պայմանների ու բանտի ղեկավարության ոչ համարժեք վարքագծի դեմ գրած իմ դատական հայցը»,- գրում է Մեհրաբ Ալոյան-Սուսլովը Հայաստանում գործող փաստաբան Արա Ղազարյանին, որին խնդրում է ներկայացնել իր շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Ուկրաինայի եռաստիճան դատական համակարգի բոլոր ատյանները սպառելուց հետո:

Տեղեկացնենք, որ Բերդիչեւյան գաղութում իր պատիժն է կրում նաեւ հայտնի մոլագար, սերիական մարդասպան Անատոլի Օնոպրիենկոն, որին կարող են տրամադրել ցանկացած կալանավորի դեմ, վերջինիս ահաբեկելու կամ սպանելու նպատակով:

Ուկրաինայի մայրաքաղաքում մեծ համբավ ունեցող «4 room» խոշոր առեւտրի կենտրոնում 2009 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած աղմկահարույց սպանությունն իրոք ցնցել էր Կիեւը եւ մինչ օրս գտնվում է իրավապաշտպանների ու լրագրողների ուշադրության կենտրոնում: 4 սենյակի (4 room) կամ Մեհրաբի գործը ոչ միայն խճճված ու իրարամերժ տեղեկություններով է հագեցած, այլեւ կարող է հավակնել Ուկրաինայի դատական եւ, առհասարակ, իրավական համակարգի տգիտության եզակի նմուշ լինելու տիտղոսին:

Դեռեւս նախաքննության փուլում Ուկրաինական լրատվամիջոցներն այն գանահատեցին որպես «թխած», իսկ դատաքննության փուլում երկրի հեղինակավոր իրավապաշտպանները հայտարարեցին, որ Սուսլովի գործում առկա ապօրինությունների եւ իրավախախտումների ցանկն ամբողջությամբ համընկնում է ԵԱՀԿ կողմից Ուկրաինայի իրավական համակարգի վերաբերյալ գնահատականին՝ կոռուպցիա, անփութություն, խոշտանգումներ, ոչ օրինաչափ գործողություններ:

Կիեւի Սվյատոշինսկի շրջանային դատարանի կայացրած դատավճիռը, որը կազմում է մանր տառերով գրած ամբողջ 30 էջ, նույնիսկ դժվար է գնահատել որպես ցածրորակ պատմություն: Բայց այն իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է՝ կայացրած հանուն պետության: Փորձենք հասկանալ մտավոր ցածր կարողություն ունեցողի ձեռագիր հանդիսացող այդ պաշտոնական փաստաթուղթը:

Երեք դատավորի՝ Բուրբելայի, Կոցյուբայի եւ Նիկուշինի քննած՝ ՀՀ քաղաքացի Մեհրաբ Ալոյանի (Սուսլովի) եւ հայազգի Դավիթ Բատիկյանի գործով դատավճիռը սկսվում է նրանով, որ Մերհրաբ Օթարիի Սուսլովը 1996 թվականին ապօրինի ստացել է Ռուսական Ֆեդերացիայի քաղաքացիություն» եւ ապրելով Մոսկվայում, մշակել է հանցավոր գործունեության ծրագիր՝ գտնել գործարար մարդկանց, չարաշահել նրանց վստահությունը եւ կոնֆլիկտ հրահել ու վերջում տիրանալ նրանց բաժնեմասին»: Դատարանը ոչ միայն չի հիմնավորել մարդուն զրպարտող այս գրավոր մեղադրանքը, այլեւ չի էլ մտահոգվել, որ նման հայտարարությունների համար Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում կարող է խայտառակվել ու պատճառ դառնալ, որ իր սխալի պատասխանատվությունը կարող է կրել իր երկիրը: Եթե այսպես սկսվեր էժանագին սերիալի սյուժե, այն կարելի կլիներ դեն նետել, բայց քանի որ աղմկահարույց գործի դատավճիռ է, շարունակենք կարդալ:

Այսպիսով, ըստ դատավորների եզրակացության, գործարար Մեհրաբ Ալոյանը վերոնշյալ «ծրագրի իրականացման նպատակով», որը դատավորների տրամաբանությամբ հասունացել է ամբողջ տասը տարի, այնուամենայնիվ, գնացել է Ուկրաինայի մայրաքաղաք: Այնտեղ նա իր զարմուհու ամուսնու՝ Ալոյան Շաբաբի հետ հիմնել է «Գալեն» ՓԲԸ-ն 2,8 հեկտար հողակտորի վրա, հավասար պայմաններով: Դատավորները գրում են, որ «գործելով մշակված սցենարով»՝ Մեհրաբ Ալոյանն իր ազգակից Շաբաբ Ալոյանին կոնֆլիկտի մեջ ներքաշելու հաջողված փորձեր է արել: Սակայն ծույլիկ աշակերտի շարադրության աղճատված տրամաբանությամբ փաստում է, որ Ալոյան գործընկերները 2009-ին արդեն հիմնադրած են եղել Ուկրաինայում հայտնի խոշոր առեւտրի կենտրոնը՝ «4 room»-ը: Գրեթե բոլոր այն նախադասություններում, որտեղ նշվում է Մեհրաբ Ալոյանի անունը, ուղեկցվում է «գործի գցելով հանցավոր նպատակը» կամ «ծրագիրը» եւ անպայման՝ «սպառնացել է Շաբաբ Ալոյանին ֆիզիկապես ոչնչացնել» արտահայտությունները, իբրեւ կարմիր թել, բայց առանց հիմնավորող փաստերի:

Նույն տրամաբանությամբ կամ անտրամաբանությամբ Ուկրաինայի դատական համակարգի կարկառուն ներկայացուցիչները գրում են, որ վերջապես գործընկերոջից խոշոր բաժնեմաս պոկելու նպատակով (թեպետ մինչ այդ նշում են, որ հավասար մասնեբաժիներով են աշխատում) մի անգամ էլ է սպառնում Շաբաբին ու գնում է Մոսկվա մարդասպան գտնելու: Այստեղ, կարծես կախարդական փայտիկի զորությամբ, գործում հայտնվում է ոմն Հովհաննեսյան Ա.Պ.. «Օգտագործելով հանցավոր միջավայրի իր կապերը՝ Սուսլով Մ.Օ.-ն Հովհաննեսյան Ա.Պ.-ի միջոցով, որն իր բարոյական (՞) որակներով հարմար է եղել միտումնավոր սպանության պատվեր կատարելու համար, ծանոթացել է Բատիկյան Դ.Բ.-ի հետ, որը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի պատերազմական գործողություններին»:

Հայաստանի հետ դիվանագիտական ու բարիդրացիական կապեր պահպանող Ուկրաինայի դատական համակարգի պատկառելի ատյաններն այստեղ չեն խորշել ակնհայտ զրպարտությամբ ստվեր նետել Հայստանի Հանրապետության ամենանվիրական՝ ղարբաղյան հակամարտության ու նրա մասնակիցների վրա: Դատավճռում նշված է, որ Ալոյանը փնտրել է մարդասպանների, որոնք ունեն պատերազմում մարդ սպանելու փորձ, եւ շեշտում, որ ամենահարմարը եղել է ԼՂ պատերազմի մասնակից Բատիկյանը: Նախ նշեմ, որ նույնիսկ էժանագին սցենարով նկարահանված ֆիլմերում ու կոմիքսներում ոչ ոք նման բան չէր անի՝ մարդասպան չէր փնտրի պատերազմի վետերանների միջավայրերում եւ ինչպես դատավճռում է նշված, նրա հետ ամիսներով չէր գնա-գա, հեռախոսով չէր խոսի, ընդհուպ մեքենա չէր գնի նրա համար, այդ մեքենայով չէր երեւա այն մարդու աչքին, որին իբր թե որոշել է սպանել:

Բայց, ինչեւէ, անդրադառնամ Բատիկյանին: Ուկրաինայի խարխափող Թեմիսի սպասավորները միեւնույն ժամանակ իրենց իսկ ձեռքով գրում են, որ Բատիկյանը 24.07.1990 թվին Ուկրաինայի իսկ դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման եւ ուղարկվել Կրիվոյ Ռոգի բանտ: Հիշեցնենք, որ Ղարաբաղում ակտիվ պատերազմական գործողությունները սկսվել են 1991 թվականին եւ ավարտվել 1994-ի զինադադարով: Չնայած հարգարժան դատավորները նշում են, որ Բատիկյանը բանտից փախել է 1992-ին, սակայն նշում են նաեւ, որ ապրել է Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, բայց նաեւ վստահաբար շեշտում, որ հիանալի տիրապետել է զենքին եւ «շատ հարմար է եղել Մեհրաբ Ալոյանի հանցավոր ծրագիրն իրագործելու համար»:

Միով բանիվ՝ Բատիկյանն ու գործում հայտնված Հովհաննեսյանը գալիս են Կիեւ 2009-ի հուլիսի 7-ին, ընդ որում՝ Սուսլովի փողերով, չի նշվում թե ինչքան գումար է տվել Սուսլովը նրանց եւ այդ գումարը եղել է սպանությա՞ն գինը, թե՞ տղաների ապրուստի՝ բնակարանի վարձակալություն, ավտոմեքենայի ու հատկապես գործում նշված «Glok», հետո, չգիտես ինչու, մեկ այլ, բայց արդեն «Glok-19» մակնիշի ինքնաձիգներ ու «զինամթերք» ձեռք բերելու համար:

Երկար նկարագրություն կա այն մասին, թե ինչպես են վարձկանները գնում «4 room» առեւտրի կենտրոն, ծանոթանում բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ աշխատակիցների հետ, բացահայտ զրույցների բռնվում, հետաքրքրվում զոհի աշխատանքային գրաֆիկով եւ որ ամենակարեւորն է՝ «գործարքի մեջ մտնում չբացահայտված անձի հետ», որը պիտի հետեւեր Շաբաբին: Այդ ընթացքում վարձկանները գրեթե ամեն օր, ըստ դատավորների, զանգահարում են իրենց վարձակալին՝ Մեհրաբ Ալոյանին, եւ բացահայտ տեքստով քննարկում սպանության ծրագիրը: Սա նույնպես աբսուրդի ժանրից է, որովհետեւ միայն հիմարը նախապես կբացահայտի իր ինքնությունը եւ օրերով կզբոսնի զոհի աշխատավայրում, այն էլ՝ հանցակից ընկերոջ հետ: Ու միայն ակնհայտ անգրագետը կամ գործը կոծկելու նպատակ հետապնդող եւ անպատժելիության մթնոլորտում գործող ցինիկը կմոգոնի նման պատմություն ու չի վախենա անգամ հեղինակազրկվելուց:

Եվ այսպես, Կիեւ գալուց եւ ըստ գործի նյութերի, գրեթե ամեն օր զոհի աշխատավայր՝ ինչպես աշխատանքի այցելելուց երեք ամիս անց, 02.10.2009-ին Բատիկյանն ու Հովհաննեսյանը (ի դեպ, նրա մասին որեւէ նկարագրություն չկա՝ ո՞վ է, ի՞նչ բարոյական նկարագիր ունի, Ղարաբաղի կամ մեկ այլ պատերազմի մասնակի՞ց է, թե՞ ոչ, երեւի որ նա փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է, հետո մահացել) գնում են առեւտրի կենտրոն սպանելու Շաբաբ Ալոյանին: Այստեղ արդեն ոչ միայն տրամաբանության, այլեւ բանականության սահմանից անդին սկսվող նկարագրություն է:

Ուկրաինայի դատավորները, ամբողջությամբ կրկնօրինակելով ոչ պակաս ապիկար նախաքննական մարմնի շարադրությունը, գրում են, որ վարձկանները գործի գցելով իրենց մահացու զենքը, մոտեցել են Շաբաբ Ալոյանին, երբ նա դուրս է եկել առեւտրի կենտրոնի շենքից՝ ծխելու: Մի պահ հավատանք, որ հսկայական առեւտրի կենտրոնի տեր-տիրականը, որը երեւի մի ֆուտբոլի դաշտի չափ գրասենյակ ունի, դուրս է գալիս շենքի բակ, ծխելու:

Հանուն Ուկրաինայի Հանրապետության կայացրած դատավճիռը փաստում է, որ դեպքի վայրում Բատիկյանը իր «Glok» տեսակի ինքնաձիգից արձակել է «մոտավորապես 5 փամփուշտ», իսկ Հովհաննեսյանն իր՝ կրկին «Glok» տեսակի ինքնաձիգից 4 փամփուշտ Շաբաբ Ալոյանի թիկնապահների ուղղությամբ: Թիկնապահներից մեկը փոխադարձ կրակով վիրավորել է Հովհաննեսյանին եւ նրան շարքից հանել, իսկ ահա Բատիկյանը վազել է Ալոյանի հետեւից ամբողջ առեւտրի կենտրոնով մեկ ու կրակել նրա վրա: Չի նշվում, թե քանի փամփուշտ է արձակվել Ալոյանի ուղղությամբ, չի նշում նաեւ, թե մարմնի որ մասին է կրակել Բատիկյանը, միայն նշվում է, որ Ալոյանը վայր է ընկել ու Բատիկյանն իրականացրել է «երկու հերթապահ կրակոց», որից էլ Շաբաբ Ալոյանը կնքել է մահկանացուն:

Հետո աչքաչափով որոշել են, որ առաջին 9 կրակոցից թիկնապահները ստացել են մեկը 5, մյուսը 4 հրազենային վնասվածք ու ամենազավեշտալին՝ մեկն անգամ կապտուկ է ստացել: Իսկ ահա Շաբաբ Ալոյանի դիակից հանվել է 19 փամփուշտ: Կրակոցների հետեւանքով, ինչպես Շաբաբ Ալոյանը, այնպես էլ թիկնապահները մահացել են: Այստեղ Ա.Պ. Հովհաննեսյանն անհայտանում է նույնքան անսպասելի, որքան անսպասելի հայտնվել էր գործի նյութերում: Ըստ դատավորների, նա Բատիկյանին թողել է դեպքի վայրում, ինքը նստել մեքենան ու փախել: Մեկ էլ նրա անունը հայտնվում է դատավճռի 19-րդ էջում՝ «Հովհաննեսյանը հացանքի վայրից փախել է եւ նրա ձերբակալման հանգամանքները» այս նախադասությունը կիսատ է եւ վերջանում է ստորակետով: Իսկ ահա հաջորդ նախադասության մեջ գրած է, որ նա, համաձայն դատաբժշկական փորձաքննության, մահացել է հրազենային բազմաթիվ վնասվածքներից 2009-ի նոյեմբերի 27-ին՝ դեպքից մեկ ամիս անց:

Գծային, կարելի ասել՝ մանկամիտ տրամաբանությամբ երկու խոշոր գործարարներից մեկի սպանությունը պետք է որ անմիջապես ստվեր նետեր գործընկերոջ վրա, քանի որ այդ տրամաբանությամբ մեկի մահը ձեռնտու պետք է լիներ մյուսին՝ բիզնեսին տիրանալու նպատակով: Ուկրաինական թեմիսի հավկուրությունը կառուցված է հենց այս տրամաբանության վրա: Այս շրջանակում սպանվածի ընտանիքն անմիջապես մեղադրում է Մեհրաբ Ալոյանին եւ նրան հայտնաբերողին ու ձերբակալողին խոստանում 200 հազար ԱՄՆ դոլար վարձավճար:

Բնական է, որ հասարակ քաղաքացիները գումար աշխատելու համար չէին ընկնի դես ու դեն, մասնավոր անձանց կողմից մեղադրվող մարդուն հայտնաբերելու նպատակով: Բնական է նաեւ, որ այդ առաքելությունը ստանձնում են ուկրաինական ոստիկանությունն ու իրավապահ մարմինները: Ռուսաստանի իրենց գործընկերների հետ սերտ կապերի ու աշխատանքային նույն գործելաոճի արդյունքում Ալոյանը նախ անհեթեթ պատճառաբանությամբ (իբր 1996-ից մինչեւ 2010 թվականը նա անօրինական փաստաթղթերով է եղել ՌԴ քաղաքացի, այնինչ այդ տարիների ընթացքում վարել է գազի եւ պողպատի հաջող բիզնես ու վճարել հարկեր) զրկվել է ՌԴ քաղաքացիությունից, հետո հանձնվել Ուկրաինայի իրավապահներին: Ու հենց հանձնում են, Ուկրաինայի իրավապահներն արժանանում են Շաբաբ Ալոյանի հարազատների խոստացած գումարին: Ամենայն շուքով, իբրև բարեգործություն, սպանված գործարարի եղբայրն անձամբ երկրի ՆԳՆ մարմնին է հանձնում 10 ավտոմեքենա «Daewoo sens» մակնիշի ու ջերմ, ընկերական կապեր հաստատում ՆԳ նախարարի եւ Մեհրաբ Սուսլովի գործը քննող քննիչ Բուրկալի հետ:

Այդ պահից սկսվում է Մեհրաբ Ալոյանի կյանքի դժոխային շրջանը: Նրան հարցաքննում են ապօրինի, խոչընդոտում փաստաբանների հետ հանդիպումները, պահում անմարդկային պայմաններում եւ բազմաթիվ իրավապաշտպանների ու փաստաբանների հավաստմամբ՝ ամեն ինչ անում են նրան հոգեբանական ծանր վիճակի հասցնելու եւ ոգին կոտրելու ուղղությամբ, մինչ կսկսվի դատավարությունը: Նրան զրկում են դատաքննությանը պատշաճ պատրաստվելու եւ պաշտպանվելու բոլոր հնարավորություններից:

Դատաքննության ընթացքում շարունակում են ճնշումները, մի քանի անգամ անհիմն զրկում փաստաբանների օգնությունից: Դատավարությունը, իրավապաշտպանների ու փաստաբանների վկայությամբ, ընթանում է ֆորմալ եւ հետապնդում է մեկ նպատակ՝ մեկուսացնել Մեհրաբ Ալոյանին: Դատաքննության ընթացքում նրա փաստաբաններին հերթով հեռացնում են, եւ Մեհրաբ Ալոյանը զրկվում է գործի նյութերին լիակատար տիրապետող փաստաբան ունենալու հնարավորությունից:

Մի քանի դատական նիստից հետո պատրվակ են գտնում, թե իբր մեղադրվող կողմը խանգարում է դատաքննությանն ու գործընթացը տեղափոխում դռնփակ ռեժիմ: Ընդ որում՝ նիստերից մեկի ժամանակ տուժող կողմը հարձակվում է Մեհրաբի ծնողների վրա եւ դատարանի դահլիճում, դատավորի եւ կարգը պահպանող իրավապահների լուռ ներկայությամբ, ծեծի ենթարկում նրանց: Միջադեպը շուռ են տալիս ամբաստանյալ Սուսլովի վրա եւ ծառայեցնում որպես նոր պատրվակ՝ նրան դահլիճից հեռացնելու համար, իսկ մի քանի նիստից հետո ընդհանրապես են զրկում գործընթացին մասնակցելու իրավունքից ու դատավարությունը շարունակում առանց նրա:

Դատակոչված 29 վկաներից 22-ը, առանց հիմնավորման, դատարան չեն կանչվում, մնացածները ցուցմունք են տալիս մեղադրող կողմին ձեռնտու պայմաններում, որոշ դեպքերում էլ դատարանը հիմք է ընդունում նախաքննական ցուցմունքները: Դատական ողջ գործընթացի ժամանակ Ալոյանին զրկում են թարգմանիչ ունենալու իրավունքից, իսկ գրավոր նյութերը տրամադրում են կիսատ- պռատ, այն էլ ուկրաիներեն լեզվով: Վերջապես Մեհրաբ Ալոյանին զրկում են վերջին խոսքի իրավունքից ու նրա նկատմամբ կայացնում ցմահ ազատազրկման վճիռ: Անգամ դատավճիռն են կարդում նրա բացակայության պայմաններում:

Ամբաստանյալ Բատիկյանը դատաքննության ընթացքում հրաժարվում է նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից եւ հայտարարում, որ այդ ցուցմունքներն իրենից կորզվել են դաժան ու անմարդկային խոշտանգումների հետեւանքով: Նրա նկատմամբ կիրառվել է խորհրդային ԿԳԲ-ի մեթոդների ողջ զինանոցը՝ էլեկտրահարումից մինչեւ քնելու, ուտելու եւ բնական կարիքները հոգալու հնարավորությունների սահմանափակում: Բատիկյանի կնոջը նույնպես խոշտանգում են եւ ցուցմունքներ կորզում նրանից՝ ընդդեմ Ալոյանի: Նրան ապօրինի բերման են ենթարկում, ձեռնաշղթաներով կապում ջեռուցման համակարգին ու դաժանաբար ծեծիում: Դատարանը Բատիկյանին նույնպես դատապարտում է ցմահ ազատազրկման: Երկուսի դեպքում էլ կիրառվում է ողջ ունեցվածքի բռնագրավում:

Ամբողջությամբ աբսուրդ հիշեցնող այս աղմկահարույց դատավարությունը, այնուամենայնիվ, հանրության համար առկախ հարցերի երկար շղթա է թողնում: Ի վերջո, առաջ է գալիս դեպքի իրական մոտիվը հասկանալու պահանջ: Մինչ այդ նշենք, որ դեռեւս բիզնեսի սկզբնավորման փուլում Մեհրաբ Ալոյանը 2008-ի նոր տարվա նախօրեին գործընկերոջն առաջարկում է յուրաքանչյուրն իր փայաբաժինը ձեւակերպել որդու անունով: Շաբաբ Ալոյանը չի համաձայնում, իսկ ահա Մեհրաբն իր մասնաբաժինը փոխանցում է որդուն՝ Ռոման Սուսլովին (Ալոյան):

Ուկրաինայի դատական մարմինն այնքան անգրագետ է գտնվել, որ անհեթեթ, անհիմն ու իրավաբանության հետ որեւէ աղերս չունեցող իր դատավճռում նշել է՝ «թեպետ բոլորին հասկանալի է, որ բիզնեսը վարել է հայրը»: Տեղեկացնենք, որ կահույքի խոշոր առեւտրով զբաղվող «4 room» կենտրոնի 49% մասնաբաժինը հավասարապես պատկանում է Շաբաբ Ալոյանին եւ Մեհրաբ Ալոյանի որդուն՝ Ռոման Սուսլովին (Ալոյան): Հորը բանտարկելուց հետո Արթուր Ալոյանը չի կարողանում գնալ Կիեւ իր օրինական բիզնեսը տնօրինելու նպատակով: Մեհրաբ Ալոյանի ձերբակալությունից հետո Ուկրաինայի ՆԳՆ-ն, առանց պատճառաբանության, արգելել է Ռոման Սուսլովի մուտքը երկրի տարածք:

Հիմա հարց է ծագում՝ ո՞ւմ է իրականում ձեռնտու «4 room» առեւտրի կենտրոնի երկու խոշոր փայատերերի չեզոքացումը. մեկը չկա ֆիզիկապես, մյուսն էլ ցմահ փակված է բանտում, որտեղ նրան նույնպես փորձում են ոչնչացնել: Նախապես նշենք, որ Ուկրաինայի իրավական համակարգը, օգտագործելով իր իշխանությունը, ամեն ինչ արեց, որ նշված երկու գործարարներից ողջ մնացածին մեկուսացնի, այն էլ՝ ցմահ: Նշենք նաեւ, որ շարունակելով դատական համակարգի գործը՝ բանտային ծառայությունների աշխատակիցներն ամենայն ակտիվությամբ նպաստում են, որպեսզի կոտրեն մարդու կամքը ու միգուցե նաեւ կյանքը:

Ինչ վերաբերվում է բիզնեսում շահագրգիռ կողմերին, տեղեկացնենք, որ Մեհրաբ Ալոյանի որդին, ինչպեսեւ նշել էինք, երկրի իշխանությունների ձեռամբ նույնպես մեկուսացված է ընտանեկան բիզնեսից: Մնում են սպանված Շաբաբ Ալոյանի հարազատները, որոնք կրկին երկրի իշխանությունների, բայց այս դեպքում՝ հովանավորությամբ, հաջող վարում են  «4 room» առեւտրի կենտրոնի գործերը, որից ստանում են հսկայական եկամուտներ: Հիշեցնենք, որ սպանված Շաբաբ Ալոյանի եղբայրը՝ Ջամալը, Ուկրաինայի ՆԳ նախարարի մտերիմ ընկերն է:

Իսկ խոշոր փողերի ու թափված արյան շրջանակում ապրող մարդկանց շահախնդրությունն ու վրիժառությունն անսահման է: Վտանգի տակ է ոչ միայն Մեհրաբ Ալոյանը, այլեւ նրա գործի վրա լույս սփռելու նպատակ հետապնդողները, որոնց գրեթե բոլոր փորձերը բախվել են ինչպես իրավապահների, այնպես էլ նրա տանիքի տակ բեսպերեդելի օրենքներ հաստատողների մեթոդներին: Գործը հետաքննող լրագրող Անատոլի Շարիան իր ու իր ընտանիքի նկատմամբ իրականացվող հետապնդումներից ու մահվան սպառնալիքներից փրկվելու համար ստիպված է եղել լքել Ուկրաինան եւ ապաստան փնտրել Եվրոպական երկրներից մեկում: Ուկրաինական լրատվամիջոցները բազմիցս գրել են, որ Շարիայի դեպքը եզակի չէ եւ նույն գործի շրջանակում արդարադատություն ու ճշմարտություն փնտրող բոլորը վտանգի ու սպառնալիքների տակ են:

Վերադառնալով Մեհրաբ Ալոյանին մեկուսացնելու գաղափարի վարկածին՝ տեղեկացնեմ, որ համացանցում կա մի տեսանյութ, որում Շաբաբ Ալոյանի սպանությունից մի քանի ամիս անց (Մեհրաբ Ալոյանը դեռ ձերբակալված չէ) նրա որդին՝ Արթուր Ալոյանը, պատվիրում է իր հորեղբոր՝ Ջամալ Ալոյանի բիզնեսի մրցակցի սպանությունը եւ մարդասպանի հետ պայմանավորվում է, որ եթե հանկարծ ոստիկանության ձեռքն ընկնի, ասի, որ պատվիրատուն Մեհրաբ Սուսլովն է եղել:

Տեղեկացնենք, որ այս սպանությունը առեղծվածային պայմաններում կանխվել է, իսկ պատվիրատու Արթուր Ալոյանը 7 ամիս ձերբակալված լինելուց հետո ազատ է արձակվել ու նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվել՝ ոչ բավարար հիմքերի պատճառով: Ավելին՝ Արթուրն ու հորեղբայրը՝ Ջամալը, հանդես են գալիս որպես Մեհրաբ Ալոյանի գործով հիմնական տուժողներ:

Մեհրաբ Ալոյանի պատմությունը թերեւս եզակի չէ նրա նկատմամբ Ուկրաինայի կույր արդարադատության կիրառած ապօրինությունների, նվաստացումների, խոշտանգումների ու անարդարության իմաստով, քանի որ երկրի իրավապաշտպաններն ուղղակի ահազանգում են այս իրավիճակի մասին: Սակայն Մեհրաբ Ալոյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ հույս է փայփայում, որ հայրենիքն իրեն կաջակցի եւ կօգնի վերականգնել իր քաղաքացու ոտնահարված իրավունքները:

Նա շարունակում է պայքարել իր իրավունքների համար, ու Ուկրաինայի եռաստիճան դատական համակարգում իր գործի քննությունը սպառելուց հետո Հայաստանի փարձառու փաստաբանների միջոցով դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իսկ մինչ այդ բանտում անցկացրած նրա ամեն օրը կարող է վերջինը լինել, եւ նրա փաստաբանները հավաստիացնում են, որ Մեհրաբ Ալոյանի կյանքին վտանգ է սպառնում:

«Ես չէի պատկերացնում, որ նման բեսպրեդել հնարավոր է, որ բանտը կարող է դժոխքից սարսափելի լինել: Չէի պատկերացնում, որ բանտում օտարությունն այսքան անտանելի կարող է լինել, որ կովկասցի լինելու հանգամանքը կարող է դառնալ խոշտանգման պատճառ: Թեկուզ բանտում, բայց գերադասում եմ հայրենիքում լինել, որտեղ կկարողանամ պայքարել ու ապացուցել իմ անմեղությունը»,- փոխանցել է Մեհրաբ Ալոյանը:

Հ.Գ. Մենք կհետեւենք դեպքերի զարգացմանը եւ կտեղեկացնենք գործի ընթացքի մասին:

Մեկնաբանություններ (2)

Геворг
Сколько вам за эту статью заплатили?
РОБЕРТ
СВОБУДУ НЕВИНОВНОМУ НИ В ЧЕМ ЧЕЛОВЕКУ - МЕРАБУ СУСЛОВУ !!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter