
«Սերժի առողջարանը» Սերժ Սարգսյանինը չէ
Ջերմուկի կենտրոնում` տաք ջրերի ցուցասրահի անմիջական հարեւանությամբ, այս օրերին ավարտին են հասցվում շքեղ մի առողջարանի կառուցման աշխատանքները: Տեղացիներն այն անվանում են «Սերժի առողջարան»` նկատի ունենալով հանրապետության նախագահին:
Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը զարմացավ, որ իր քաղաքի բնակիչները առողջարանը կապում են Սերժ Սարգսյանի անվան հետ:
«Չ՞եք լսել, որ ասեն` Սերժի Ջերմուկ: Հանրապետության նախագահը շատ է սիրում Ջերմուկը եւ շատ է այցելում, եւ մենք դրանից շատ ենք ոգեւորված, որովհետեւ ամեն այցից հետո մի նոր բան փոխվում է: Ձեր ասած առողջարանը յուրահատուկ է եւ շատ է տարբերվում մյուսներից, նաեւ միջազգային ճանաչում ունեցող բրենդ է` «Խայաթ»: «Խայաթը» կառուցում է, եւ դրա լիարժեք տերը Վայոց ձորի նախկին մարզպետ, նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանն է: Նա հիմա զբաղվում է բիզնեսով եւ Մոսկվայի «Խայաթի» եւ Երեւանում կառուցվող համանուն հյուրանոցի սեփականատերն է»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Վարդան Հովհաննիսյանը:
Քաղաքապետի խոսքերով` այս առողջարանի հիմքը դրվել է իրենց խնդրանքով եւ հանրապետության նախագահի աջակցությամբ:
«Այդպիսի բաձրակարգ հյուրանոցների համար պիտի երաշխավոր լինի: Սա միջազգային ճանաչում ունեցող բրենդ է եւ եթե Ջերմուկում շահագործվի, համբավ կբերի Ջերմուկին: Հանրապետության նախագահը որեւէ կապ չունի այս առողջարանի հետ, ինձ չեք հավատո՞ւմ»,- ավելացրեց Վարդան Հովհաննիսյանը եւ նշեց, որ Ջերմուկում այս պահին 5 հյուրանոց եւ առողջարան է կառուցվում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել