HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ամեն երկուշաբթի` Վարդան Պետրոսյան

«Երկուշաբթին նոր բան սկսելու առաջին օրն է. ոչ ոք ծխելը, խմելը չի թողնում շաբաթ կիրակի, կանայք դիետաները սկսում են երկուշաբթի, տղաներն առավոտ շուտ վազելը սկսում են երկուշաբթի: Ինչո՞ւ չենք սիրում երկուշաբթին. ամենաբարդ ու դժվար գործերը հանձնել ենք երկուշաբթվան»,- ասուլիսի ժամանակ ասաց Վարդան Պետրոսյանը, ով ամեն երկուշաբթի ներկայացում է տալու Պարոնյան թատրոնում: Ներկայացման տեսակը և անվանումը՝ «Ամեն երկուշաբթի», ըստ Վարդան Պետրոսյանին, թույլ է տալիս ամեն անգամ ներկայացումը խաղալ, որքան հնարավոր է տարբեր կերպ:

Արտիստի խոսքով, ինքը շուրջ մեկուկես ամիս անընդհատ մտածել է, թե այս անգամ ինչ է խաղալու. ունեցել է շատ հետաքրքիր ասելիք, որոնք իրեն թվացել են ընդամենը հետաքրքիր, ընդամենը խելոք, ընդամենը, ընդամենը..., որը որպես հանդիսատես անգամ չի ցանկացել նայել, և մեծ փնտրտուքների արդյունքում ծնվել է ներկայացման այս տարբերակը:

Վարդան Պետրոսյանի դիտարկմամբ, այսօր մարդկանց խմբեր կան, ովքեր իսկապես փնտրում են, ինչ-որ ելք են փնտրում, դրա պահանջը կա, մանավանդ այն բանից հետո, երբ հասարակության մեծ մասն ընկավ հերթական հուսախաբության մեջ, որի արդյունքում է այս մեծ արտագաղթը, որի թվերը գերազանցում են սպասումները, սակայն հասարակության մի փոքր մաս էլ ավելի սկսեց լրջանալ, պատրաստվել, ավելի լուրջ սկսեց փնտրել ելքեր:

Խոսելով իր նոր ներկայացման մեջ քաղաքական թեժ ձմռան և գարնան առկայության մասին, Վարդան Պետրոսյանն ասաց, որ անհնար էր չանդրադառնալ դրան. դա կլիներ փախուստ ինքն իրենից: Բայց այս անգամ այդ ամենը մեկնաբանելու, ցույց տալու համար նա զարմանալի մի ձև է գտել:

«Կարո՞ղ եք պատկերացնել ամբողջ քաղաքականությունն առանց քաղաքականության: Ես հասկացա մի բան, որ այսօր մարդիկ քաղաքականությունից այնքան են հոգնել, որ երբեմն նրանք չեն ուզում քաղաքական ինչ-որ դեմքի անունն անգամ լսել: Ինքներդ գիտեք՝ առավոտյան մենք արթնանում ենք, միացնում ենք համակարգիչը, և սկսում է նորությունների հեղեղը, որը հիմնականում բացասական բնույթ է կրում: Խոսել այդ մասին այնպես, որ դա կա, բայց կարծես չկա, բավական բարդ էր»,- ասաց Վարդան Պետրոսյանը:

Այս ներկայացման առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նմանակումներ չկան. չկա Րաֆֆի Հովհաննիսյանը, չկա Սերժ Սարգսյանը:

«Այս անգամ չի լինելու, որ նմանակումն արեցի, մարդիկ ասացին՝ ուխ, ի՜նչ լավ կպավ, ուխ… Ու սիրտը հովացավ: Ուրիշ բան պետք է լինի»,- ասաց Վարդան Պետրոսյանը և նշեց, որ մնացած անակնկալների մասին ասուլիսի ժամանակ չի խոսելու, ինչպես դա անում էր նախկինում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter