
Ա.Կարապետյան. «Տարածաշրջանում նոր պատերազմի վտանգը գնալով մեծանում է»
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ շեշտակի հակահայկական քաղաքականություն չի նկատում, սակայն նշում է, որ հայ-ռուսական հարաբերությունները գնալով վատանում են:
Նրա կարծիքով, պատճառն այն է, որ մի կողմից Ռուսաստանն է անհասկանալի քաղաքականություն վարում Կովկասում, մյուս կողմից` «Հայաստանի իշխանություններն են անմիտ ու անգլուխ «եւ-եւ»-ի քաղաքականություն վարում»:
Արդեն երկու օր է՝ հայաստանյան մամուլն ու սոցիալական ցանցերը ողողված են ՀՀ քաղաքացի, Ռուսաստանում կալանավորված 46-ամյա վարորդ Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով դատարան տանելու Ռուսաստանի իրավապահների արարքի մասին հրապարակումներով:
Արամ Կարապետյանը դատապարտում է ռուս իրավապահների արարքը Հրաչյա Հարությունյանի նկատմամբ`այն համարելով անթույլատրելի: Անդրադառնալով այս հարցում ՀՀ ԱԳՆ-ի պասիվ գործելաոճին, Արամ Կարապետյանն ասաց. «Ես չեմ կարող մեկնաբանել մի մարմնի կեցվածք, որը, մեծ հաշվով, որպես այդպիսին գոյություն չունի»:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի վարած «ԿամԱԶ» բեռնատար ավտոմեքենան հուլիսի 13-ին Պոդոլսկում հարվածել է ավտոբուսին, ինչը հետեւանքով զոհվել է 18, վիրավորվել մոտ 30 մարդ:
Արամ Կարապետյանի չի կարծում, որ հայ վարորդին տեղի ունեցած դեպքը կդառնա հայ-ռուսական հարաբերություններում նոր առճակատման հիմք, սակայն փաստում է, որ տարածաշրջանում նոր պատերազմի վտանգը գնալով մեծանում է:
Մեկնաբանել