
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ քննարկումներ են եղել
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները դեռ չեն հանդիպել երեկվանից արդեն «Բուտիրկա» բանտում գտնվող ՀՀ քաղաքացի, Ռուսաստանում կալանավորված 46-ամյա վարորդ Հրաչյա Հարությունյանին: Վերջինիս հետ կապը պահվում է նրա երկու փաստաբանների միջոցով: Սակայն չի բացառվում, որ մոտակա օրերին հանդիպումը կայանա:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Հետքին» տեղեկացրեց, որ քննարկվում է նաեւ Հրաչյա Հարությունյանին երրորդ փաստաբանով ապահովելու հարցը: Առայժմ պարզ չէ՝ փաստաբանը լինելու է Հայաստանի՞ց, թե՞ այլ երկրից:
Երեկ էլ Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները Ռուսաստանում հանդիպումներ են ունեցել այդ երկրի ԱԳՆ ներկայացուցիչների հետ, եւ քննարկվել են հարուցված քրեական գործին առնչվող մանրամասներ: Առայժմ այլ տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի վարած «ԿամԱԶ» բեռնատար ավտոմեքենան հուլիսի 13-ին Պոդոլսկում հարվածել է ավտոբուսին, ինչը հետեւանքով զոհվել է 18, վիրավորվել մոտ 30 մարդ:
Տեղեկացնենք, որ Հրաչյա Հարությունյանի փաստաբաններն այսօր բողոք են ներկայացնելու հայ վարորդին հիվանդանոցից կանացի հագուստով դատարան տեղափոխելու վերաբերյալ: Փաստաբանները կարծում են, որ այդպիսով բժիշկները, ովքեր թույլ են տվել Հ. Հարությունյանին այդ տեսքով հիվանդանոցից դուրս հանել, եւ իրավապահ մարմինների աշխատակիցները, նվաստացրել են հայ վարորդի արժանապատվությունը:
Մեկնաբանել