HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Նոյեմբերյանի գրադարանի «հյուրերը» հայկական ծիսական տիկնիկներն էին

Նուրին անձրևաբեր տիկնիկն է, որը պատրաստում են ձողի վրա ամրացված ցախավելին շոր հագցնելով: Ծաղկամերը համբարձման տոնի տիկնիկն է. այն խորհրդանշում է սերը: Իսկ Ուտիս տատը և Պաս պապը` Ակլատիզը, մշտական հակամարտության մեջ են: Առաջինը բարեկենդանի տիկնիկն է, երբ սեղաններն առատ են, երկրորդը` բարեկենդանին հաջորդող մեծ պասի:

«Տատը գնաց շերեփը ձեռքին, պապը եկավ շամբախն ուսին»,- այսպես էին ասում Լոռվա բանահյուսության մեջ:

Հին հայկական, ծիսական տիկնիկների պատմությունն ու մշակույթն էին ներկայացնում Նոյեմբերյանի քաղաքային գրադարանում ցուցադրված տիկնիկները:  Հուլիսի 17-ին «Մի կտոր մանկություն քաղաքային գրադարանում» խորագրով միջոցառման այցելուներին ու հյուրերին էին ներկայացվել նոյեմբերյանցի երեխաների պատրաստած տիկնիկները` հայկակական ավանդական, սլավոնական տիկնիկներ և այլն:

Միջոցառման նախաձեռնողը գրադարանի տնօրենն է` Արմինե Նավասարդյանը: Նա պատմում է, որ երբ ձեռքն են ընկել հայ ազգագրության մասին գրքերը, միտք է ծնվել իրենց այցելուներից թիմ ստեղծել, որոնք կարող են տիկնիկներ պատրաստել: Դրանք հին հայկական կենցաղում, մշակույթում ավանդական դեր են ունեցել, ամեն ծես ու ավանդույթ իր խորհրդանշական տիկնիկն է ունեցել: Սակայն ժամանակի ընթացքում ծեսերի մի մասը մոռացվել է, դրանց հետ` նաև տիկնիկներ պատրաստելու ավանդույթը:

Գրադարանում ցուցադրված բոլոր տիկնիկները «նորաթուխ» էին. երեխաներն այն պատրաստել են այս ամռան ընթացքում: Տիկնիկներ ստեղծելիս օգտագործվել են տարբեր առարկաներ՝ կտորներ, կոճակներ, անգամ այնպիսի իրեր, որոնք թվում էր, թե այլևս պիտանի չեն: Արդյունքում ստացվել էին ամենատարբեր գույների, ձևի ու չափսի տիկնիկներ:

«Միջոցառման նպատակը ճանաչողական և ուսուցողական էր: Ուզում էի երեխաներն իմանան, որ մենք ունեցել ենք հին հայկական ծիսական տիկնիկներ, որոնք հատուկ իմաստ ու նշանակություն են ունեցել,- ասում է Ա. Նավասարդյանը:- Գլխավոր նպատակներից մեկն էր՝ նաև ցույց տալ, որ գրադարանը միայն գիրք տալու և վերցնելու վայր չէ: Այստեղ կարող են բազմաբնույթ միջոցառումներ լինել` կապված մշակույթի տարբեր ճյուղերի հետ»:

Օրվա հերոսները տիկնիկներն էին, այցելուների մեծ մասը` երեխաները: Նրանք զարմացած ու հիացած շրջում էին տիկնիկների մոտով ու զանազան հարցեր տալիս մեծահասակներին: Այնուամենայնիվ, չի կարելի ասել, թե միջոցառումը մասնավորապես մանուկների համար էր. տիկնիկը ոչ միայն խաղալիք է, այլև մարդու կյանքի, պատմության, տարբեր իրադարձությունների խորհրդանիշն ու պատկերը: Այն չի խոսում, սակայն կարող է արտահայտել իր հույզերը, տխրությունը կամ ուրախությունը:

Բացի երեխաների պատրաստած տիկնիկներից` գրադարանում ներկայացված էին նաև ավելի փորձառու տիկնիկագործների` Սասուն Մուրադյանի և Փառանձեմ Խանգելդյանի գործերը, «Հույսի կամուրջ» հկ-ի սաների պատրաստած տիկնիկները, ինչպես նաև առաջին անգամ ցուցադրվել էին Աննա Խաչիկյանի նկարներն ու Ծովիկ Թամազյանի ձեռքի աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter