
Սվարանցը բանկերի համար «հռչակվել է» անվստահելի ու ոչ ցանկալի գործընկեր
«Մենք վստահ էինք, որ իրենք տեղյակ են եղել մեր մարումներից: Մենք վարկի թե տոկոսները, հետո էլ մայր գումարը պարտաճանաչ մարել ենք, բայց անցել է դրանից 2 տարի ու «Սեֆ ինտերնեշնըլ» վարկային կազմակերպությունը գումարի պահանջով մեզ դատի է տվել: Հիմա մենք դատական քաշքշուկների մեջ ենք ու դրա պատճառով չկարողացանք օգտվել կառավարության` աղքատ համայնքներին տրվող սուբսիդավորված վարկերից»,- ասում է Սվարանցի համայնքապետ Արթուր Մարգարյանը:
Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Սվարանց համայնքն ընդգրկված է եղել այն աղքատ գյուղերի ցանկում, որոնք կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերը պիտի ստանային տարեկան 8% տոկոսադրույքով, իսկ 6%-ը պիտի վճարեր պետությունը: Արդեն մի քանի տարի ձգձգվող ու հանգուցալուծման չհասած վարկային մի պատմության պատճառով Սվարանցը բանկերի համար «հռչակվել է» անվստահելի ու ոչ ցանկալի գործընկեր:
Ծովի մակերեւույթից 1750 մ բարձրության վրա գտնվող այս գյուղը արտագաղթը գրեթե դատարկել է` 208 բնակիչ, որոնք չեն հեռացել ոչ թե նրա համար, որ շատ են սիրում բնակավայրը, այլ որ գումար ու գնալու տեղ չունեն: Հիմնական զբաղմունքը անասնապությունն է` առկա արոտավայրերն ու խոտհարքները այդ հնարավորությունն ընձեռում են, սակայն մարդկանց առաջ կրկին ծառանում է պակասող գումարի խնդիրը: Սվարանցեցիները վարկային կազմակերպություններից վարկեր վերցրել են, բայց քանի որ մշտապես գրավի խնդիր կա, այդ գումարները չեն գերազանցել 1մլն դրամը:
«Մեր գյուղի տներին գին չեն տալիս: Ես իմ տունն, ասենք, գնահատում եմ 50 հազար դոլար, բայց բանկը գին չի տալիս գյուղական տներին: Ու եթե ճշմարտության աչքերին նայենք, 50 հազար արժեն գյուղի սաղ տներն իրար հետ,- անդրադառնալով գրավին` նկատում է սվարանցեցի Նվեր Վարդանյանը,- դրա համար էլ, ճիշտ է, մենք լավ արոտավայրեր ունենք, բայց անասնապահությանը զարկ տալու համար մեծ գումարներ չենք կարողանում վերցնել` ամենաշատը 300 կամ 500 հազար դրամ»:
Վարկային կազմակերպությունների համար «անվստահելի» համարվող Սվարանցում, համայնքի ղեկավար Արթուր Մարգարյանի համոզմամբ, ավելի շատ խաբված վարկառուներն են, քան բանկերին խաբողները: 2005 թ. «Սեֆ ինտերնեշնըլ» վարկային կազմակերպությունից անձամբ ինքը վարկ է վերցրել 1 մլն 500 հազար դրամ եւ, ինչպես հավաստիացնում է, դեռեւս 2006 թ. հոկտեմբերին պարտաճանաչ մարել տոկոսներն ու մայր գումարը:
2,5 տարի անց Արթուր Մարգարյանն ու Սվարանցի մնացած վարկառուները դատարան ներկայանալու ծանուցագիր են ստացել: «Սեֆ ինտերնեշնլ» վարկային կազմակերպությունը դատական հայց էր ներկայացրել գումարի բռնագանձման պահանջով` պատճառաբանությամբ, թե տվյալ վարկառուները չեն մարել վերցրած վարկի մայր գումարը:
Սվարանցեցի Անդրանիկ Ծատրյանը եւս ներքաշված է այդ պատմության մեջ: «Կոպեկ-կոպեկ, ամեն ամիս իրա ժամին տվել ենք տոկոսները, բայց վերջումը էս վիճակն է ընկել,- ասում է Անդրանիկ Ծատրյանը,- մայր գումարն էլ երկու օր շուտ եմ փակել: Էս կազմակերպությունն էն ձեւի էր, որ դաժե եղել է` մեկ օր ուշացրել ենք, տոկոս են վրեքս աշխատացրել, 1500 դրամ մեկից գանձել են: Ով որ մեր գումարները հավաքել է, էդ մարդը` Նաիրի Շալունցը, հիմի նստած է: Նաիրին դաժե ասել է, որ ինքը վերցրել է գումարները: Փոխանակ էդ մարդուց գումարները գանձեն, բանկը նորից մեզ է դատի տվել, թե` փողերս չեք տվել: Մենակ մենք չենք, է~, 98 հոգի կա էս գործի մեջ քաշված: Հետո` դժվար թե մենակ Շալունցի ձեռքի գործ ըլնի սա, պարզվումա` իրան էլ են կեղծ կնիքով չեկեր տվել: 78 մլն դրամից են խոսում, բայց կարա՞ր էդ մարդն էդքան մենակով յուրացներ, ի՞նչ ա, իրա պետը չի՞ իմացել` ինչա կատարվում: Բայց ես մենակ էն գիտեմ, որ մեզ դեռ դատարան են կանչում: Ու մենակ մեզ չէ, հարեւան գյուղերից էլ»:
«Վորլդ Վիժն» կազմակերպության կողմից ստեղծված եւ Սյունիքի մարզում գործունեություն ծավալող «Սեֆ ինտերնեշնըլ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործառույթները չեն տարբերվում Հայաստանում գործող մնացած նույնատիպ կազմակերպություններից` կարճաժամկետ վարկեր, բարձր տոկոսադրույքներ, ուշացումների համար համապատասխան տույժ ու տուգանքներ:
Կազմակերպությունը սկզբնական շրջանում տրամադրել է գյուղատնտեսական վարկեր գյուղական համայնքներին: Հետագայում ընդգրկվել է նաեւ Գորիս քաղաքը: 18-ից մինչեւ 24% տոկոսադրույքով վարկերը տրամադրվել են 17 ամիս մարման ժամկետով:
Սովորաբար, բանկերը կամ վարկային կազմակերպությունները պարտավորությունները չկատարած վարկառուի նկատմամբ զիջումներ կատարում են առավելագույնը 3 ամսվա կտրվածքով: Երեւութականություն է ստեղծվում, թե բանկը լավության կարգով հնարավորություն է ընձեռում պարտք մնացած վարկառուին գումար հայթայթելու ու վարկը մարելու: Այդ ընթացքում տույժն ու տուգանքն աշխատում են:
Երեք ամիս համբերելուց հետո բանկը, այնուամենայնիվ, վարկառուին դատի է տալիս: Բազմաթիվ դատական գործեր հենց սա են փաստում: Սակայն դեպք, որ վարկային կազմակերպությունն իր պարտատերերի մասին հիշեր միայն վարկային պարտավորության ժամկետից գրեթե երեք տարի անց, դեռ չէր եղել: Սվարանցեցիները եւս արդարացիորեն նույն հարցն են տալիս: Եթե իրենք, իրոք, չեն փակել վարկը, ապա ինչու՞ են այդ մասին հիշում ոչ թե հաջորդ օրը, այլ տարիներ անց:
Դատական գործեր հարուցելով` «Սեֆ ինտերնեշընըլ»-ը նախկին վարկառուներից պահանջում է ոչ միայն կազմակերպությանը իբրեւ թե պարտք մնացած մայր գումարները, այլեւ 2,5 տարիների ընթացքում կուտակված տոկոսները:
2009 թ. կազմակերպության Գորիսի աշխատակից Նաիրի Շալունցը գումարների շորթման մեղադրանքով դատապարտվել է ու երկու տարի է` կրում է իր պատիժը: Նաիրին մեղքն ընդունել է: Գորիսցի պաշտոնյաներից մեկը պատմեց, որ կազմակերպությանը հասցրած վնասի փոխհատուցման նպատակով վերջինս վաճառել է տունը, բացօթյա սրճարանը եւ մեքենան: Ըստ երեւույթին, պարտքն ամբողջությամբ չի փակել, եւ բանկը որոշել է կորցրած գումարները վերադարձնել գյուղացիներից` վարկի կրկնակի մարման պահանջով դատարան հայց ներկայացնելով:
Այս պատմության մեջ հայտնված վարկառուներից առավել տուժել են նրանք, ովքեր ունեն կայուն աշխատանք: Նրանց հաշիվների վրա դատարանի որոշմամբ կալանք է դրվել եւ բռնագանձում տարածվել, քանի որ Գորիսի առաջին ատյանի դատարանը կազմակերպության հայցը մասնակի է բավարարել:
«Էսօր որ մեր համայնքի բնակիչները չեն կարողանում էդ էժան վարկերից օգտվեն, պատճառը էս պատմությունն է: Մեր գյուղից Լեռնիկը Վարդանյան, Սպարտակը Մարության, Պատվականը Պատվականյան եւ այլք, դիմել են եւ մերժվել, քանի որ Սվարանցը համարվում է ոչ հուսալի պարտնյոր, ես ինքս դիմել եմ, մերժվել եմ: Մենք դիմել ենք կառավարությանը, Կենտրոնական բանկին` ինչ սկսվել է էս քաշքշուկը, որ ընդառաջեն, խնդիրը լուծվի, բայց ոչ մի տեղաշարժ չկա,- ասում է Սվարանցի համայնքապետը,- ում որ մենք գումարները տվել ենք, այդ մարդուն արդեն դատել են: Մեր դատերին ինքը եղել է, ասել է, որ գումարները ստացել է մեզնից ու չի մուտքագրել, բայց հաշվի առնող չկա: Ես էսօր աշխատում եմ, բայց աշխատավարձս չի հերիքում դատական քաշքշուկներին մասնակցելու համար: Տո Կապան են կանչում, տո` Երեւան, տո` Գորիս: Մինչեւ հիմա էս գործը ավարտված չէ»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել