
Ինքնասպանության փորձից՝ երիկամի վաճառք
Արմենը 46 տարեկան է, նրա աջ աչքը փոքր տարիքում հարվածից վնասվել է, և այն հեռացրել են, իսկ անցյալ տարի նա զրկվել է աջ երիկամից:
«ԱԺ պատգամավոր Վրեժ Մարկոսյանի բարեկամին՝ Վրեժ Փարվանյանին եմ երիկամս վաճառել: Գերմանիայում 2 ամիս պատգամավորի քրոջ՝ Դունյա Մարկոսյանի տանն եմ ապրել, նա էլ էր խոստումներ տալիս, ասում էր՝ փեսաս Մոսկվայում ա, կօգնի, Ռուսաստանի տունդ կծախես: Փեսան էլ՝ աղջկա ամուսինը, «Skype»-ով ասում էր՝ պրոբլեմ չկա, կանենք»,- պատմում է Արմենը և շեշտում, որ երիկամը տալուց հետո բոլորը շռայլ խոստումների մասին մոռացել են:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Տիգրան Մեծ» տպարանի սեփականատեր Վրեժ Մարկոսյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ Դունյան իր հարազատ քույրն է, ապրում է Գերմանիայում, իսկ թե ո՞վ է վերջինիս տանը հյուրընկալվել, տեղյակ չէ. «Չեմ ուզում, որ քրոջս անհանգստացնեք, հիմա նա Մոսկվա է գնացել, ինչո՞ւ պետք է օգնեմ, որ հետը կապվեք: Քույրս ի՞նչ կապ ունի, անհնար է, որ նա խոստումներ տար, էդ մարդը ձրի՞ է արել էդ բանը»:
Ասում է, որ գումարի մի մասը՝ 10 հազար դոլարը, չեն տվել:
Սուտ է ասում:
Ամբողջ գումարը տվե՞լ են:
Չգիտեմ: Բայց գիտեմ, որ նման բան չի լինի: Հնարավոր չէ, բացառվում է:
Պատգամավոր Մարկոսյանը հավելում է, որ Վրեժ Փարվանյանն իր մոր հորեղբոր տղայի թոռն է. «Գիտեմ, որ նա երիկամի խնդիր ունի՝ դիալեզի տակ էր: Լսել էի, որ Գերմանիայում իրեն պետք է պատվաստում անեին: Վիրահատե՞լ են, թե՞ ոչ, չգիտեմ, երիկամի վաճառքի մասին չեմ լսել»:
Արմենը ՌԴ քաղաքացի է, 1985-2002թթ. ապրել է Ռուսաստանում: Վերադառնալով Հայաստան՝ հայրենի գյուղում զբաղվել է հողագործությամբ: Նա 3 երեխա ունի, երկուսն արդեն չափահաս են:
«Մենք Կազանում տուն ենք կառուցել, բայց մայրս իրեն է վերցրել,- ասում է Նատաշան՝ Արմենի՝ ազգությամբ ռուս կինը,- մեծ պրոբլեմ մորս պատճառով: Ամուսինս Գերմանիա գնաց մեր բուժման ծախսերի համար, որ երեխաներին լավ լինի, և տան հարցը լուծի: Կազանի տան փաստաթղթերի պատճեններն էլ էր հետը վերցրել, ասում էր՝ նրանք խոստացել են օգնել, որ տունը վաճառենք»:
Արմենն ավելացնում է՝ տան արժեքը 400-500 հազար դոլար է: Ինքը մոտ 2 տարի առաջ մեկնել է Կազան, դիմել դատախազություն, սակայն խորհուրդ են տվել հայցով մտնել դատարան:
«Իրավաբան վարձելու, փաստաթղթեր ստանալու և գրանցելու խնդիրներ կան՝ մոտ 7000 դոլարի ծախս: Կինս ու երեխաս առողջական խնդիրներ ունեն, աղջկաս համար սկզբում շատ ծանր ախտորոշում էին տվել, հետո իմացանք, որ սխալ է. վիճակն այդքան էլ վատ չէ,- շարունակում է Արմենը,- Կազանից եկա Մոսկվա ու գործ էի ման գալիս, հիվանդանոցներում էլ հարցնում էի երիկամի մոմենտով, թե ոնց կարող եմ ծախել: Մի քանի օր հետո կանալները գտա, բայց դե մարդ էր պետք, ծանոթ էր պետք… Արդեն ներվային վիճակ էր, զանգում էի՝ տունը ուտելու բան չկար, աղջկաս հիվանդանոցի մոմենտներն էր… Գնացի, որ ինձ մոստից գցեմ, բայց միլիցեքը կալմեջ արեցին ու տարան գժանոց: Մեկ շաբաթ հոգեբուժարանում են պահել, հետո կնոջս հետ խոսեցին, ես էլ համոզեցի, թողեցին, հետ եկա տուն»:
Որոշ ժամանակ անց Արմենը կրկին հանգել է երիկամը վաճառելու մտքին: Ասում է, որ համացանցից գլուխ չի հանում, պարզապես մտել է Երևանի ինտերնետ ակումբներից մեկը, մի աղջկա 1000 դրամ է տվել, ասել իր հեռախոսահամարը և խնդրել երիկամի վաճառքի մասին հայտարարություն տարածել: Սակայն պոտենցիալ գնորդները զանգահարել են անձամբ իր՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնի պատին փակցրած հայտարարության հիման վրա:
«Զանգողներ շատ կային. Մոսկվայից մի քանի հոգի զանգեցին, Ապարանից Էդգար Փարվանյանը զանգեց, ու առաջին անգամ հանդիպեցինք հենց Բաբլոյանի հիվանդանոցի մոտ («Արաբկիր» բ/կ): Հետո արդեն նրա եղբոր՝ Հայկազ Փարվանյանի հետ եմ բոլոր հարցերի շուրջ պայմանավորվել,- հիշում է Արմենը,- նրանց հոր՝ Վրեժ Փարվանյանի համար էր երիկամ պետք: Սկզբում 35 հազար դոլար ուզեցի, բա՝ ախպեր ջան, հասկանում ենք, որ երիկամը թանկ ա, բայց էդքան գումար չունենք, արի վիռուչատ արա, մինչև կյանքի վերջ ախպերություն կանենք, գումարներով միշտ կօգնենք քեզ: Կազանի տան համար էլ էի ասել, խոստացան, որ էլի կօգնեն»:
Արմենի խոսքով՝ իրեն ինչ-որ բժշկական կենտրոն են տարել, որտեղ անալիզներ է հանձնել, և պատասխաններն ուղարկվել են Գերմանիա. «Բայց մի 2 ամիս ձգձգվեց: Ասացի՝ Հայկազ ջան, Մոսկվայից զանգում, 40-50 հազար դոլար էին առաջարկում, բա՝ մենակ թե մի գնա, ընդեղ քեզ կխաբեն, կսպանեն, չգիտեմ ինչ օյիններ կանեն, իսկ մենք քեզ քիչ կտանք՝ 28-30 հազար դոլար, բայց զատո նադյոժնի ա: Ընենց մարդկանց անուններ էր տալիս՝ պատգամավոր Վրեժ Մարկոսյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամ, Դավիթ Գրաֆ, ասում էր՝ մեր ախպերությունն ա: Ես էլ սաղ կյանքս այ սենց միամիտ միշտ էլ քաշվում եմ, որ մարդկանց վստահում եմ... Վերջը անալիզների համար Գերմանիայից հաստատեցին, որ ամեն ինչ նորմալ է»:
Արմենը շեշտում է, որ Հայկազ Փարվանյանին նախապես զգուշացրել է իր նյարդային ապրումների մասին և հարցրել՝ գուցե հոգեկանի հետ կապված Գերմանիայում հրաժարվե՞ն վիրահատությունից. «Ասում ա՝ ախպեր, պրոբլեմ չկա, քեզ ինչ ա եղել, որ հոգեկանդ խանգարված լինի, ընդեղ էդ ձևի ոչ մի բան էլ չեն ստուգում, էնքան որ վիրահատեն»:
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը 2012թ. ապրիլին Արմենին Շենգեն վիզա է տվել, որն ուժի մեջ էր նույն ամսվա 19-ից մինչև հուլիսի 17-ը: Արմենը պատմում է, որ Գերմանիայի հիվանդանոցից Վրեժ Փարվանյանի հիվանդության վերաբերյալ փաստաթղթեր են ուղարկել դեսպանատուն. «Բայց դեսպանատանը վաճառք չի կարելի գրել. գրած ա, որ երիկամս տալիս եմ իմ բարեկամին: Հարցրին՝ ծախսերը Փարվանյանների վրա՞ է, ասացի՝ հա: Հարցրին՝ քո հետագա բուժումներն ո՞վ պետք է անի, ասացի՝ սաղ իրենք են անելու: Չհարցրին էլ, թե ինձ ինչ բարեկամ են, վիզան տվեցին, գնացի»:
Գերմանական «Charite Campus Mitte» նեֆրոլոգիայի բժշկական կենտրոնի (տրանսպլանտոլոգիայի բաժին) տված եզրակացության համաձայն (ստորագրված կլինիկայի տնօրեն, պրոֆեսոր Կ. Միլլերի կողմից)՝ Արմենը կլինիկա է ընդունվել 2012թ. հունիսի 25-ին, դուրս գրվել հուլիսի 3-ին: Իսկ «հունիսի 27-ին լապարասկոպիկ միջամտությամբ, որպես դոնորական օրգան, վերցվել է նրա աջ երիկամը»:
«Ես վիրահատությունից առաջ պնդեցի և Գերմանիայում միակ աչքս ռենտգենով-բանով ստուգեցին: Լրիվ առողջ էր, ասացին՝ իդեալական ա, ու եթե հիմա այդ հիվանդանոցից պահանջեն, բոլոր թղթերը կուղարկեն: Սա կապացուցի, որ վիրահատության հետևանքով է աչքիս վիճակը վատացել, օրենքով աչքիս պատճառով ինձ չէր կարելի վիրահատել, բայց եթե արել են, պետք է այնպիսի դեղեր սրսկեին, որ տեսողությանս չվնասեր»,- ասում է Արմենը:
Նրա քույրը՝ Հասմիկը, հավելում է, որ հարազատները Գերմանիայից վերադառնալուց հետո են տեղեկացել, թե ինչ է կատարվել: Մինչ այդ Արմենի պայմանավորվածության մասին իմացել են միայն նրա կինը և որդին: Նատաշան էլ մանրամասնում է, որ մեկնելուց մոտ 1 ամիս առաջ է տեղեկացել, թե ամուսինն ինչու է գնում Գերմանիա: Այդ ընթացքում, Նատաշայի ասելով, ինչ-որ մեկն իրենց այցելել է, հետագայում պարզել է, որ եկվորը Հայկազ Փարվանյանն է. «Գերմանիայում նրանց հետ վիճել էր, որ չի վիրահատվելու, բայց, ամեն դեպքում, վիրահատվեց: Չգիտեմ: Մենք բոլորս ասում էինք՝ չանես այդ բանը, շատ կփոշմանես, հաշմանդամ կմնաս… »:
«Բժիշկները չեն համաձայնվել վիրահատել: Ինչքան որ ես եմ հասկացել, արդեն որ հասել են Գերմանիա, ստիպել են, որ ինքը վիրահատության գնա: Որովհետև Արմենը զանգել է տուն և ասել՝ կարող ա չվիրահատեն, չեն թողնում, որ երիկամիս պատճառով աչքս վնասվի»,- նշում է Հասմիկը: Նա անձամբ մեկ ամիս առաջ եղբորը տարել է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն: Արմենի մոտ ախտորոշվել է «սկսող, բարդացած կատարակտա, ցածր աստիճանի կարճատեսություն»: Ակնաբույժները վիրահատությունը անհրաժեշտ են համարել, ինչը կարժենա 327 հազար դրամ:
«Ճիշտն ասած՝ շատ բորբոքված էի: Զանգեցի այդ մարդուն՝ Հայկազ Փարվանյանին: Սկզբում ասում էր՝ ես չեմ ճանաչում, սենց-նենց... Հետո ասում է՝ ինչու եք վախեցնում, ինչու եք շանտաժ անում, եթե պետք է օգնել, ասեք՝ օգնենք: Ասացի՝ դե, ուրեմն որոշեք, ինչքանով կարող եք օգնել ու զանգեք: Բայց ոչ էլ զանգեց»,- հիշում է Հասմիկը:
Արմենի ներկայացմամբ, մինչև մեկնելը Հայկազը մաս-մաս իրեն 2000 դոլար է տվել, այնուհետև՝ վիրահատությունից ժամեր առաջ, որդուն փոխանցել է 13 հազար դոլար: Երեք հազար եվրո էլ անձամբ Վրեժ Փարվանյանն է Գերմանիայում իրեն տվել, որպեսզի ոսկի որոնող սարք գնի:
«Ինձ Ժիրոն էր դիմավորել՝ մեր բաքսյորների մենեջերը: Սկզբում պայմանավորվել էինք, որ ինձ պետք է տանեին Մյունխեն՝ խանութից 5000 եվրոյով այդ սարքը գնելու: Հետո համ փողը քիչ տվեցին, համ էլ ինտերնետով անպետք սարք պատվիրեցին, որը ոսկու մասին ոչ թե 3 մետր, այլ ընդամենը 20 սմ խորության տվյալներ է հաղորդում»,- պատմում է Արմենը: Նա Ժիրոյի ազգանունը չգիտի, ասում է, որ որոշ դեպքերում հենց նա է բժիշկների հետ խոսել և թարգմանչի դեր կատարել: Գերմանիայում ապրող հայազգի բռնցքամարտիկ Դավիթ Գրաֆի (Վահագն Սահակյան) մենեջերը Ժիրայր Բասմաջյանն է: Պարզաբանումների ակնկալիքով «Հետքը» փորձում է նրա հետ կապ հաստատել, բայց առայժմ չի հաջողվում:
«Պայմանավորվել էինք նաև, որ վերադառնալուց հետո ինձ պետք է 10 հազար դոլար տային, որպեսզի 6 ամիս հետո նորից մեկնեի Գերմանիա՝ երիկամս հետազոտելու և բուժվելու: Սկզբում Հայկազն ասաց՝ 6 ամիս հետո կգաս, հետո ձգձգեց, ասում ա՝ սպասիր նայենք՝ պապայի վիճակը ոնց է լինում: Ասում եմ՝ պապայիդ վիճակն ինչ կապ ունի ինձ հետ, ստուգվել եմ, արդեն երիկամս տափակած ա, կրեատինին հասել ա 130, ես էլ ընկնե՞մ դիալեզի տակ,- Հայկազ Փարվանյանի հետ խոսակցությունն է վերհիշում Արմենը,- արդեն վերջում ասում ա՝ ի՞նչ ես արել որ, քեզ ինչքան հասանելի էր, տվել ենք, գնա քո փողերով բուժվիր: Բա քո հայրն ա, դե դու քո երիկամը տայիր, փրկեիր հորդ, թող քո բարեկամներից մեկն ու մեկը տար: 7 տարի էդ մարդը դիալեզ էր ստանում»:
Արմենը նշում է, որ «Charite Campus Mitte» կլինիկայում ուղղակի երիկամների առևտուր էր. «Ռուս էլ կար, թուրք էլ… Ռուսերեն խոսում էին, որ թուրքերը 80 հազար եվրոյով երիկամ են ուզում: Ճիշտն ասած՝ զգացի, որ վերջը սենց ա լինելու, ուզում էի փոխվեմ դրանց կողմը, բայց էլի ես իմ մարդկությունն արեցի, մտածեցի՝ ամոթ ա, խիղճս չտարավ»:
Հայկազ Փարվանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ եթե ցանկություն ունենք «սուտ բաներ» գրելու, ինքը ոչնչով օգնել չի կարող: Երբ փորձեցինք հստակեցնել, թե ինչն է սուտ, նա զարմացավ, թե ինչ իրավունքով ենք իրեն հարցեր տալիս. «Եթե դուք ցանկություն ունեք իրավապահ մարմինների, ընդհանրապես օրենքի հետ գործ ունենալ, խնդրեմ, փորձեք, ձեր բախտը որոշեք»:
Արմենը կատարվածի մասին գլխավոր դատախազությունում դիմումներ է գրել: Դրանք հասցեագրվել են Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազին: Մեկ ամիս առաջ ավագ դատախազ Ա. Մայիլյանը Արմենին պատասխանել է. «Ձեր և քաղաքացի Հայկազ Փարվանյանի միջև բուժման ծախսերի կապակցությամբ վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ, որի համար Դուք իրավունք ունեք դիմել Հ. Փարվանյանի բնակության վայրի դատարան»:
«Հետքը» զրուցել է նաև տարբեր իրավաբանների հետ: Փաստաբան Հովիկ Արսենյանը նշում է, որ այսօրինակ դեպքերի պատճառով էլ մարդիկ հարցնում են՝ որտե՞ղ մնաց մեր Սահմանադրության 1-ին հոդվածը, ո՞ւր է այդ իրավական պետությունը. «Մեծ ցավ եմ ապրում, ուղղակի չեմ կարողանում պատկերացնել, որ դատախազությունը նման պատասխան է տվել»: Ըստ Արսենյանի՝ իրավապահները պետք է անհապաղ ձեռնարկեին մի շարք գործողություններ. «Պետք է նյութեր նախապատրաստվեին, գուցե առաջին հերթին նշանակվեր դատաբժշկական փորձաքննություն և պարզվեր՝ քաղաքացու երիկամն իսկապե՞ս հանված է, առողջական ինչպիսի հետևանքներ է դա առաջացրել… »:
Հովիկ Արսենյանը, ելնելով Արմենի պատմածներից, գտնում է, որ կատարվածը թրաֆիքինգ է: Ինքը՝ Արմենը, թրաֆիքինգի մասին երբևէ չի լսել: Նա ասում է, որ տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ իրեն խաբել են, երկրորդ՝ առողջությանը վնաս են հասցրել:
«Իմ սաղ տունս պրոբլեմ ա, դրա համար էլ երիկամս վաճառել եմ: Եթե սա հանցագործություն ա, թող ինձ պատժեն, ու նրանց էլ թող պատասխանատվության ենթարկեն,- ասում է Արմենը,- ես ամեն ինչ մանրամասն գրել եմ, բայց չեն էլ կանչել, որ հարցաքննեն: Հայկազը 100 տոկոս հարցերը տեղում լուծել ա… Պարզ ա՝ պատգամավորի բարեկամներն են, հարուստ, շատ թափով մարդիկ են: Դրա համար էլ էս վիճակն ա»:
Գերմանիայի դեսպանատնից «Հետքի» հարցմանը դեռ չեն պատասխանել: Իսկ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը տեղեկացրեց, որ գլխավոր դատախազությունում քաղաքացու դիմումը քննարկվել և ոստիկանությանը հանձնարարվել է դրա հիման վրա նախապատրաստել նյութեր:
Հ. Գ. Արմենի, Նատաշայի և Հասմիկի անունները փոխված են:
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել