
«Կազանի հանդիպումից հետո լարվածությունը նվազել է»
«Նույնիսկ Ադրբեջանում ոչ ոք չի կասկածում, թե որ կողմն էր մեղավոր Կազանի հանդիպման ձախողման մեջ: Հասկանալի է, որ Ռուսասատանի նախագահի համար այս հանդիպումների շարքը դարձել է անձնական գործ»,- այսօր մամուլի ասուլիսին ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա կարծիքով` եթե Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունը ձախողվում է, ապա դա անմիջականորեն անրադառանում է ՌԴ նախագահի վրա: Իսկ ՌԴ-ն և մյուս գերտերությունները փորձում են պահպանել հրադադարի իրավիճակը:
«Եվ Վաշինգտոնում, և Մոկվայում շատ լավ հասկանում են, որ արագ լուծումների դեղատոմս իրականում գոյություն չունի»,- նշեց Ս. Մինասյանը:
Միաժամանակ, Մինասյանի խոսքերով, եթե մոտ ժամանակներում ստորագրվի որևէ փաստաթուղթ, ապա դա կնշանակի, որ գերտերությունները խուսափում են լարված իրավիճակից, և կսկսվի բանակցային մի նոր փուլ:
«Կազանի հանդիպումից հետո լարավածությունը նվազել է կոնֆլիկտի գոտում»,- նշեց քաղաքագետը:
Նրա կարծիքով` պատճառն այն է, որ Ադրբեջանը գիտակցում է, որ տարածաշրջանում առկա լարվածության դիմաց նա թանկ գին է վճարելու, որովհետև բանակցային գործընթացին ուշադիր հետևում է նաև միջազգային հանրությունը:
Ինչ վերաբերում է Եվրախորհրդարանում տիրող մթնոլորտին, Մինասյանը նշեց, որ այնտեղ կան տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր տարբեր մոտեցումներ ունեն:
«Սակայն Եվրոպայի խորհրդարանը չի հանդիսանում այն օղակը, որը լուծելու է կամ վճռորոշ դեր է խաղալու Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ: Այդ դերը կատարում են գերտերությունները, այդ դերը կատարում է այն ֆորմատը, որն ընդունված է ասել Մինսկի խմբի շրջանակ»,- ասաց Մինասյանը:
Նրա կարծիքով` Եվրամիության ներգրավումը բանակցություններին միայն դրական ազդեցություն կունենա:
Այն հարցին, թե ինչ կփոխվի Ղարաբաղի` բանակցություններին անմիջականորեն մասնակցելուց, բանախոսը պատասխանեց, որ դա Ադրբեջանի համար կնշանակի վերջին տասնամյակում ամբողջ դիվանագիտական, ինֆորմացիոն աշխատանքի կորուստ:
«Չեմ կարծում, որ մոտ ապագայում դա կլինի, բայց դրա կոնտեքստը դրական է»,- հավելեց բանախոսը:
Իսկ եթե ՀՀ-ն ճանաչի Ղարաբաղի անկախությունը, Մինասյանի կարծիքով` դրանով Ադրբեջանին կտրվի երկու հնրավորություն. սկսել պատերազմը կամ այն չսկսել` կորցնելով իր ռազմավարության մի օղակը` պատերազմի սպառնալիքը: Իսկ պատերազմից հետո կորուստները կլինեն շատ ավելի մեծ:
«Դա բավականին վտանգավոր խաղ է: Չեմ կարծում, թե Հայաստանի իշխանությունները կգնան այդ քայլին, բայց դա զսպող դեր է խաղում»,- ասաց Ս. Մինասյանը:
Բացի այդ` նրա կարծիքով` գերտերություններն ամեն ինչ անում են, որպեսզի լարավածությունը տարածաշրջանում նվազի, որովհետև հիմա ոչ ոք չի ուզում նոր պատերազմի վերսկսում:
Մեկնաբանել