
«Ամուլսարի հանքի շահագործման դադարեցումն անհրաժեշտություն է»
«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համանախագահ Վազգեն Գալստյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Ջերմուկը դիտավորությամբ չի ճանաչվել Ամուլսարի ազդակիր համայնք, որպեսզի այդ տարածքում հանքարդյունաբերությունը չարգելվի:
Բնապահպանական մի խումբ ակտիվիստներ, մասնագետներ, հասարակական կազմակերպություններ շարունակում են բարձրաձայնել, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը ռիսկային է եւ կարող է բացասական ազդեցություն թողնել Ջերմուկ քաղաքի վրա:
«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համանախագահը նշում է, որ հանքավայրի շահագործումը երկու չափանիշով կարող է բացասական ազդեցություն թողնել զբոսաշրջային եւ առողջարանային քաղաք հռչակված Ջերմուկի վրա: Առաջինն այն է, որ հանքի շահագործման համար իրականացվող պայթեցումները կազդեն Ջերմուկի տաք ջրերի հիդրոերկրաբանական ռեժիմի վրա, ինչի արդյունքում հնարավոր է հանքային ջրերի հոսքի նվազում, ջերմաստիճանի կամ հանքային ջրի բաղադրության փոփոխում: Երկրորդը` «քամիների վարդն» է, որը կազմված է Զանգուրի լեռնանցքում տեղադրված հիդրոկայանի տվյալներից եւ չի համապատասխանում Ամուլսարի «քամիների վարդին»:
«Չեմ բացառում, որ քամիների հոսքը դեպի Ջերմուկ իր հետ կբերի նաեւ հանքի պայթեցման հետեւանքով առաջացած փոշին: Ի դեպ, ՇՄԱԳ-ում (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական,-հեղ.) ներկայացված չէ, թե փոշու սյունի բարձրությունը որքան է լինելու պայթեցման ընթացքում եւ ինչպիսին է լինելու փոշու բաղադրությունը, որը, կարծում եմ, դարձյալ դիտավորյալ բացթողումներ են, որպեսզի հաշվարկը հիմնավոր չկատարվի, եւ այն վնասները, որ պետք է կրի Ջերմուկը, չերեւան իրենց հաշվետվություններում»,-ավելացրեց Վազգեն Գալստյանը:
Նա ավելցնում է, որ հիդրոերկրաբան Ռուբեն Յադոյանը բավականին պարզ նշել է, որ Ամուլսարի հանքի պայթեցումը չի կարող ազդեցություն չունենալ Ջերմուկի հանքային ջրերի վրա:
« «Գեոթիմ» ընկերության կողմից ներկայացված ՇՄԱԳ-ում նշված է մի փաստարկ, թե ինչպես չի կարող պայթեցումն ազդել հանքային ջրերի վրա: Այդ հետազոտությունն իրականացրել են Լոնդոնում, որն ի մի բերելով հայտարարում են, թե հանքարդյունաբերության ընթացքում իրականացված պայթեցումները չեն ազդի Ջերմուկի հանքային ջրերի վրա: Սակայն, Ռուբեն Յադոյանն առաջարկել էր հետազոտությունն իրականացնել տեղում, փաստացի այն իրավիճակում, որն առկա է, այլ ոչ թե վիրտուալ Լոնդոնի տվյալները բերել եւ համեմատել Հայաստանի լեռնային ռելիեֆի պայմանների հետ»,-ավելացրեց Վ. Գալստյանը:
Նրա կարծիքով`այսօր Ամուլսարի հանքի շահագործման դադարեցումն անհրաժեշտություն է, եւ ծրագրային որեւէ փոփոխություն չի կարող բավարարել, քանի որ դրանով չեն նվազում ռիսկերը: Ծրագրերով կարող են առաջարկել բազմաթիվ փոփոխություններ, որոնք ֆինանսների հետ են կապված, սակայն ռիսկը մնում է նույնը: Վ. Գալստյանն ասաց, որ «Գեոթիմ» ընկերությունը վերջերս հրապարակել էր, որ պոչամբարի տեղադիրքը փոխել են, սակայն իր կարծիքով, այդ փոփոխությունը չի նվազեցնում այն ռիսկը, որը կարող է առաջանալ հանքարդյունաբերության հետեւանքով:
«Հանքի շահագործումը հնարավոր է կանգնեցնել միայն հանրության համատեղ ուժերով, քանի որ այս դեպքում, պետական կառույցները ցուցաբերում են ակտիվ անգործություն եւ միակ հնարավոր ճանապարհը կլինի ակտիվ հանրային ճնշումը` եւ պետական մարմինների, եւ հանքարդյունաբերող ընկերության, եւ այն կազմակերպությունների վրա, որոնք ֆինանսավորում են «Գեոթիմ» ընկերությանը»,-կարծում է Վազգեն Գալստյանը:
Ըստ նրա` քաղաքացիական հանրության որակական փոփոխություն գործնական առումով նկատվում է, սակայն խնդիրը պայքարի ձեւաչափի փոփոխության մեջ է: Վազգենի խոսքերով, առաջ պայքարը տեղային էր` լոկալ, այժմ այն ավելի է ընդլայնվել եւ ընդհանուր է դարձել:
«Մենք բավական ակտիվ ճնշում ենք գործադրում այն կազմակերպությունների ու բանկերի վրա, որոնք ֆինանսավորում են «Գեոթիմ» ընկերությանը` Ջերմուկում հանքարդյունաբերական գործունեություն ծավալելու համար: Հիմնական ճնշումն այդ ուղղությամբ է, ինչը հասարակության լայն զանգվածների համար այնքան էլ տեսանելի չէ»,-ասաց «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համանախագահը` հավելելով, որ քննարկումներ, սեմինարներ կազմակերպվում են, թե Հայաստանում, թե երկրի սահմաններից դուրս:
Վազգեն Գալստյանին մտահոգում է նաեւ Ջերմուկը զբոսաշրջային քաղաք հռչակելու ծրագրերի խափանումը, քանի որ հատկապես արտասահմանցի զբոսաշրջիկը ինտերնետում տեսնելով, որ Ջերմուկի կողքին կա հանքավայր էկոտուրիզմի նպատակներով չի ցանկանա գալ Ջերմուկ:
«Ջերմուկում էկոտուրիզմի հսկայական պոտենցիալ կա, ինչն այսօր շատ քիչ մասով է օգտագործվում: Եթե հանքարդյունաբերության հետեւանքով հանքային ջրերի որակական փոփոխություն տեղի ունենան, էկոտուրիզմի զարգացման հնարավորություններն այստեղ կնվազեն եւ որեւէ PR գործողություն չի կարող եվրոպացի զբոսաշրջիկին համոզել, որ գա Ջերմուկ»,-ավելացրեց Վազգեն Գալստյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել