HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուտ

Մի օր, չգիտեմ` ինչպես եղավ, մի ստախոս մարդու կարիք զգացի:

Ստախոս, բայց ոչ թե այնպես մանր-մունր տեսակի, այլ խոշոր, եզակի:

Ինձ ասացին, որ այդ մասշտաբի ստախոս դու միայն կարի արտելներում կարող ես ճարել, ուրիշ ոչ մի տեղ: Ելա, սկսեցի ման գալ կարի արտելները: Դես` ստախոս, դեն` ստախոս. չգտա:

Ու երբ պատրաստվում էի վերջին արտելից դուրս գալ հուսախաբ, գլխավոր վարպետը ինձ ներս կանչեց և ասաց հետևյալը.

-Զուր ես մեր արտելները ման գալիս, քո ցանկացած ստախոսը չես գտնի մեզ մոտ: Մենք խաբում ենք մեր հաճախորդներին 366 անգամ նահանջ տարում, 365 անգամ հասարակ տարում: Իսկ ես գիտեմ, որ դու այդքանովը չես բավարարվի: Քո փնտրած ստախոսը դու միայն Գրողների միության մեջ կարող ես գտնել:

Ի՞նչ անեմ:

Ելա, Գրողների միություն գնացի:

Քարտուղարը, լսելով խնդիրս, սեղանի գզրոցից երկու ցանկ հանեց դրեց առջևը ու հարցրեց:

-Պահանջածդ ստախոսը բանաստե՞ղծ պիտի լինի, թե՞ արձակագիր:

-Արձակագիր, - ասացի, - որովհետև ոտանավորով գրված սուտը կարճ է լինում:

Այն ժամանակ քարտուղարը մեկ տետրակը հետ, գզրոցը դրեց ու բաց անելով արձակագիրների ցուցակը վերից վար մի անգամ տնտղեց ու ասաց.

-Այստեղ ստախոսներ շատ կան, համարյա բոլորն էլ ստախոսներ են, բայց չգիտեմ` քեզ կբավարարե՞ն, թե՞ ոչ:

-Նրանց ստերը  մոտավորապես ի՞նչ բնույթի են,- հարցրի:

-Բնույթները բազմաժանր են ու բազմապիսի, - ասաց քարտուղարը: Կան այնպիսիք, որոնք ներկան են սխալ պատկերում, կան էլ, որոնք պատմությունն են աղավաղում: Դրացից ո՞րն ես ուզում:

-Պատմություն աղավաղող,- ասացի:

-Կան այդպիսիք: Անգամ ոչ միայն պատմություն աղավաղող, այլ մինչև իսկ հիմնիվեր շուռ տվող: Ոտները` վերև, գլուխը` ներքև:

-Իմ ուզածն էլ հենց այդ է,- ասացի ուրախացած,- տո՛ւր մեկը դրանցից:

-Ախորժո՞ւմ ես Վանի հերոսամարտը կեղծողներից, - հարցրեց գրողների քարտուղարը ցուցակին նայելով:

-Այո՛, շատ, շատ:

-Այստեղ կա մի Մկրտիչ Սարոյան, որ գրել է «Այրող հուշեր»: Միայն թե, որովհետև ինչպես կերևի, այդ «հուշերը», մի փոքր թաց լինելով, ոչ մի ընթերցողի չեն «այրում»: Մեղադրելի չէ, որովհետև նա պրոֆեսիոնալ գրող չի: Մի խեղճ թոշակառու ուսուցիչ, որ Գրողների միություն է մտել միայն մի գիրք գրելու իրավունքով: Եվ մենք այդ իրավունքը տվել ենք` ի նկատի ունենալով նրա նյութական անձուկ վիճակը: Եվ նա ազնիվ խոսք է տվել չկրկնել իր հիմարությունը:

-Կարողացե՞լ է կեղծել:

-Զարմանալի հաջող: Գրել է, թե ինչպես դաշնակցական մի հայտնի գործիչ Վանում պաշարված մի խումբ հայերի (ինքն էլ մեջը) ազատում է պաշարման օղակից, տանում, հասցնում է Բաղդադ, ինքն էլ ճանապարհին զոհվում, ու հեղինակն իր երախտիքը հատուցում է իր ազատարարին... նրա անունը չհիշատակելով գրքում:

-Անգլուխ ձիվո՞ր:

-Այո: Հեղինակին ազատում է ձի նստած մեկը, որ գլուխ չունի...

-Գիրքը մե՞ծ է, - հարցրի:

-Ո՛չ, փոքր է:

-Ինձ հարկավոր է մեծը: Որովհետև մեծ սուտը մեծ գրքի մեջ միայն կարող է լինել:

-Այստեղ կա մի ուրիշ գրող՝ Ծերուն Թորգոմյան անունով: Սա միայն Հայաստանին չի պատկանում, իհարկե: Թորգոմյանի մի ոտը Թիֆլիսում է, մյուսը՝ Երևանում, և նա բավարարում է և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի ստի պահանջը հավասարապես: Ծերուն Թորգոմյանը, հայ մարդ չճարելով, մի վրացի է բերում Վան իր «Անմար կրակներում», որ հեղափոխական կայծեր տարածի հայ ժողովրդի մեջ և նրան ազատի սուլթանական լծից:

-Ա՜յ, սուտն այդպես կլինի, - ասացի ես, չկարողանալով հիացմունքս պահել:

-Դրանից ավելի մեծ սուտ կա, - ասաց Գրողների քարտուղարը` իմ ջերմ ընկալումից քաջալերված,- Զարզանդ Դարյանը գրել է մի գիրք, ահա՛ այս մեծության,- ասաց քարտուղարը` թևերը բաց անելով, ինչքան կարող էր,- և մեջը` ամբողջովին սուտ:

-Գրքի անո՞ւնը:

 -«Արծիվ Վասպուրականի»: Այս գիրքը եթե լույս ընծայվեր այն ժամանակ, երբ տաճկական դատարանները 101 տարվա բանտարկության վճիռ էին տալիս, կալանավորն առանց դույզն-ինչ ձանձրույթի կկարդար գիրքը մինչև իր մահը: Ես թերթեցի այդ գիրքը հասարակ աչքով, մեջը «արծիվ» չտեսա: Ակնոց դրած թերթեցի, խոշորացույցով նայեցի՝ դարձյալ չգտա: Բաց արի գրքի հավանոցի դուռը. ոչ մի թռչուն: Եվ ես գովեցի Զարզանդին իր անկեղծության համար: Ուրիշ հեղինակներ երկար կարդալ են տալիս իրենց երկերը՝ միայն վերջում են հայտնում գրածի սուտ լինելը, իսկ նա հենց սկզբում հայտնում է՝ գրածս սուտ է, մի կարդացեք: Միայն ըստ իս Դարյանն իր վեպը պիտի վերնագրեր՝ «գոյություն չունեցող Վասպուրականի արծիվ»:

-Իսկ վեպում ակնառու ստեր կա՞ն,- հարցրի:

-Արտառոց ստեր: Ամբողջ Վանի ինքնապաշտպանությունը Արամ փաշան իր ուսերի վրա կրեց, իսկ նա վերագրում է Արմենակ Եկարյանին ու Փանոս Թերլեմեզյանին, որոնք ոչ այլ ինչ էին, քան երկու զերոներ Արամի ձախ կողմը շարված...

Բայց այնուամենայնիվ Արամն էլ արծիվ չէր. ինքնապաշտպանությունը Վանի ժողովուրդն իր ուսերին տարավ այնքան համահավասար, որ չէր արժի այնտեղ արծիվներ փնտրել:

Ասաց քարտուղարն ու շարունակեց.

-Այս՝ քաղաքական սուտ: Իսկ ինչպիսի՜ գեղարվեստական ստեր կան գրքի մեջ` չես կարող պատկերացնել:

Ահա ձեզ մի քաղաք` շրջապատված տաճիկ զորքերով. քաղաքի անկումը՝ ժամերի խնդիր, ժողովուրդը ամեն րոպե սպասում է սրախողխող լինելու, Զարզանդ Դարյանը ժամանակ է գտնում սիրաբանություններ խաղալ վեպում, սրախոսություն, հարսանիք, ուրախություն...

Այդ ժամանակ Զարզանդ Դարյանը պիտի Վանում լիներ` հասկանալու համար, որ նման օրհասական տագնապների ժամանակ իր սեռն անգամ մոռանում է մարդը` չիմանալով` ինքը աղջի՞կ է, թե՞ տղա...

Սա մի զավեշտ է, նման այն զավեշտին, որ ասում է՝ մի մարդու կախաղան են հանում, իսկ նա դառնալով դահճին ասում է. «Կամաց արա, շալվարս չպատռես»...

Բոլոր այս ասածներից հասկացա, որ Զարզանդ Դարյանը հենց իմ փնտրած մարդն է, գնացի իրեն գտա ու հարցրի.

-Դու ստախո՞ս ես:

-Անչա՛փ, - ասաց Զարզանդը: Եվ ինձ տեսնելիս ճշմարտությունը զարզանդում է, փախչում:

-Հա՞, հենց ապրե՛ս, փնտրածս էլ այդ է: Կարո՞ղ ես «Արծիվ Վասպուրականից» ավելի մեծ սուտ գրել:

-Կարող եմ:

-Երկար գրիր, չվախենաս, դրա համար ես կվճարեմ:

-Վճարելու մասին մի խոսեք, որովհետև մեր բոլոր ստերի համար Պետհրատն է վճարում, իսկ երկարության մասին մի մտածեք: Սուտը կարճ չի գրվում:

-Միայն այս անգամ աղավաղելու համար մի փոքր ավելի խորացիր հայոց պատմության մեջ:

Վասպուրականի մասին գրածդ ժամանակակից է, և ականատեսները կարող են բռնել ստերդ: Գնա՜ մինչև Հայկ, Արամ, Տիգրան: Եվ եթե պատմական այդ հեռավորության մեջ էլ փառաբանես Թերլեմեզյանին ու Եկարյանին, դու ասած կլինես աշխարհի ամենամեծ սուտը և չեմպիոն կհռչակվես:

-Դու թող ինձ, ես գիտեմ ինչ կանեմ...

Մենք բաժանվեցինք իրարից ջերմ, բարեկամական մթնոլորտում:

Ես նրան ուժ ու կարողություն մաղթեցի:

Ու երբ նա ինձ հարցրեց՝ ուժ ու կարողություն ի՞նչ բանի համար, պատասխանեցի.

-Անխիղճ կերպով ստելու համար...

Լեռ Կամսար, 1965թ.


Մեկնաբանություններ (1)

Spartak
Փառահեղ է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter