Սեյրան Օհանյան. ՊՆ-ն ավելացնելու է սահմանամերձ բնակավայրերի պայմանագրային զինծառայողների թիվը
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 9-ին այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին:
Սեյրան Օհանյանը առանձնազրույցներ է ունեցել զինծառայողների և սպաների հետ: Նա նշել է, որ բանակում դրական միտումներ են արձանագրվել զինվորների ֆիզիկական պատրաստության ասպարեզում, զգալիորեն բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները:
Նախարարը ծանոթացել է նաև սպաների համար նախատեսված բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքների ընթացքին:
Հաջորդ օրը' օգոստոստի 10-ին, Սեյրան Օհանյանը մասնակցել է Մովսես գյուղի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին, որոնց ներկա էին նաև առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Մովսես գյուղի բնակիչներ:
Միջոցառման սկզբում հյուրերը ներկա են եղել Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին, որից հետո եկեղեցու բակում բացվել է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կիսանդրին: Այնուհետև Սեյրան Օհանյանը ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում Մովսես գյուղից զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Ելույթ ունենալով գյուղի օրվան նվիրված հանդիսավոր նիստում՝ Սեյրան Օհանյանն ասել է. «Հազարամյա պատմություն ունեցող այս գյուղը շարունակել է պահպանել իր պատմական այն բոլոր ավանդույթները, որոնք բնորոշ են հայ ժողովրդին, բնորոշ են նրա պատմության շարունակականությանը, բնորոշ են պայքարին: Հենց դա է հնարավորություն տվել, որ Մովսես գյուղը միշտ լինի համախմբված դժվարագույն պայմաններում: Մովսես գյուղը այսօր մի յուրահատուկ ամրոց է, որը պահպանում է Տավուշի մարզի նշված տարածքը»:
Սեյրան Օհանյանն ասել է, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Մովսես գյուղից 402 կամավոր մեկնել է մարտադաշտ և իր ավանդը ներդրել հաղթանակի մեջ: «Ցավոք սրտի, նրանցից 207-ը չվերադարձավ մարտի դաշտից: Նրանց օրինակի ու հերոսական կերպարի շնորհիվ է, որ մեր սերնդակից մովսեսցիներից 484-ը կռվեցին և իրենց մեծ ներդրումն ունեցան Արցախյան ազատամարտում: Նրանց անձնվիրության շնորհիվ է, որ մենք այսօր կարողանում ենք ոչ խաղաղություն, ոչ պատերազմ պայմաններում ապահովել մեր սահմանամերձ բնակավայրերի մարդկանց խաղաղ արարումը»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Նա հանդիսավոր միջոցառման ավարտին Մովսես գյուղի մի շարք ազատամարտիկների պարգևատրել է գերատեսչական մեդալներով:
Այնուհետև պաշտպանության նախարարը լրագրողներին հայտնել է, որ պաշտպանության նախարարությունն ավելացնելու է սահմանամերձ բնակավայրերի պայմանագրային զինծառայողների թիվը, քանի որ դրանով, բացի պաշտպանությունից, նաև սոցիալական խնդիրներ են լուծվում: «Իսկ սահմանների ինժեներական սարքավորման աշխատանքները լինելու են շարունակական, բանակը լինելու է զգոն, որպեսզի մարդիկ միշտ վստահ լինեն, որ մենք իրենց կողքին ենք»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել