
Բավական չէ՞ մսխեք Երևանի բյուջեն
Այս օերերին Երևանումենտրոնական մեծ թափով ընթանում են կենտրոնական փողոցների վերաասֆալտապատման աշխատանքներ: Թեև այդ փողոցների նախնական վիճակն ամենևին էլ անբարեկարգ չէ, Երևանի քաղաքապետարանը որոշել է հսկայական ռեսուրս տրամադրել դրանք վերաասֆալտապատելու համար այն դեպքում, երբ քաղաքի այլ շրջաններում ասֆալտապատման անհրաժեշտությունը գրեթե կենսական է:
Սույն թվականի օգոստոսի 7-ին Երևան քաղաքի «ամենաօրինակելի» թաղամասերից մեկը համարվող Դավիթաշեն 4-րդ թաղամասի 10-րդ շենքի բակ մուտք գործեց ծանր տեխնիկա՝ Honda մակնիշի հսկայական մի էքսկավատոր, որը պետք է ապօրինի կոյուղագիծ անցկացներ ինչ-որ բիզնեսմենի խանութի համար: Ամբողջ օրվա ընթացքում այն փորեց այդ բակի տարածքում, որն առանց այդ էլ գտնվում էր ոչ այնքան բարեկարգ վիճակում:
Եթե նույնիսկ չնշենք այն փոշին, որն իրենց թոքերի ամբողջ խորությամբ զգացին բնակիչները, և այն աղմուկը, որը շատերի գլխացավի պատճառ դարձավ, փորողները նաև վնասեցին տարածքի ասֆալտե ծածկույթը և ոռոգման խողովակները, ինչի հետևանքով հեղեղվեցին հարևան շենքի նկուղները: Արդեն մոտ մեկ շաբաթ բակը նույն վիճակում է, սակայն թաղապետարանի աշխատակիցներից և ոչ մեկի մտքով անգամ չի անցնում այցելել, էլ չասենք վերացնել իրենց իսկ կողմից արտոնված ապօրինի գործողությունների հետևանքները:
Իհարկե, սրանք մեր քաղաքի՝ նման վիճակում հայտնված միակ բակն ու փողոցը չեն: Խնդիրը, այն է՝ ֆինանսական միջոցների ոչ խելամիտ կառավարումը, արդեն գլոբալ բնույթ է կրում և տարածվում մայրաքաղաքի կառավարման բոլոր բնագավառների վրա:
Մենք պահանջում ենք, որ քաղաքային իշխանությունները հանրային բաց հաշվետվություն ներկայացնեն կենտրոնի փողոցների վերաասֆալտապատման ֆինանսական նպատակահարմարության և անհրաժեշտության վերաբերյալ, իսկ ապա պարզաբանեն, թե ինչպես է վերահսկվում բնակելի տարածքներին հարակից ասֆալտի շերտի պահպանումը, և ով է պատասխանատու: Արդյոք նույն քաղաքային բյուջեում «միջոցներ չկա՞ն» մայրաքաղաքի իսկապես անբարեկարգ հատվածները ասֆալտապատելու համար այն պարագայում, երբ շարունակաբար վերաասֆալտապատվում են արդեն իսկ բարեկարգ փողոցները:
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել