
Հեղափոխությունից հետո Եգիպտոսում առօրյա կյանքը մնացել է նույնը, բայց մեկ բան փոխվել է
Մարդկանց ամենօրյա կյանքի առումով ոչինչ չի փոխվել Եգիպտոսում հեղափոխությունից հետո: Երկրում մի շարք տնտեսական խնդիրներ կան, քանի որ ողջ տնտեսական համակարգը կոռումպացված էր մինչ հեղափոխությունը և կառուցված էր մի քանի գործարարի վրա, որոնք մոտ էին կանգնած իշխանությանը: Նրանց մեծ մասն այժմ բանտում է: «Հետքի» հետ զրուցելիս այսպիսի կարծիք հայտնեց Եգիպտոսի ժողովրդավարական ակադեմիայի խորհրդի անդամ, Եգիպտոսի հեղափոխության ակտիվիստներից Բեյսմ Ֆաթհեյը:
«Անշուշտ, մենք ուզում ենք ինստիտուցիոնալացնել հեղափոխությունը և օրենքները և ամեն ինչ: Հինգ ամիսը շատ կարճ շրջան է այս առավելություններին հասնելու համար»,- հավելեց նա:
Եգիպտոսում իշխող ռեժիմի դեմ ցույցերի ժամանակ, որոնք սկսվեցին հունվարի 25-ին և ավարտվեցին փետրվարի 11-ին` հանգեցնելով երկիրը 30 տարի շարունակ ղեկավարած նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականին, ավելի քան 800 ցուցարար սպանվեց կենտրոնական անվտանգության ուժերի և նրանց վարձած ավազակների կողմից:
Բեյսմ Ֆաթհեյն ասում է, որ Եգիպտոսում իսկապես խնդիր է այն, որ նրանք, ովքեր սպանել են ցուցարարներին, մինչ այժմ որևէ պատիժ չեն ստացել, քանի որ Զինված ուժերի գերագույն խորհուրդը, որը նախկինում կապված էր Մուբարաքի ռեժիմին, մնում է իշխանության մեջ:
18-օրյա ցույցերի ժամանակ 15 հազար մարդ վիրավորվեց, քանի որ նրանց դեմ կիրառվում էր զենք և ռազմատեխնիկա: Մոտ 1000 մարդ ամբողջությամբ կամ մասամբ կորցրեց տեսողությունը, քանի որ ոստիկանությունը ռետինե փամփուշտներով միտումնավոր կրակում էր ցուցարարների աչքերին, որպեսզի կանգնեցնի նրանց:
Սակայն Բեյսմ Ֆաթհեյը միևնույն ժամանակ ասում է, որ մարդկանց ազատ մտածելու և արժանապատվություն ունենալու առումով Եգիպտոսում իրավիճակը բացարձակապես այլ է հեղափոխությունից հետո:
«Մենք նախկին սպառնալիքները չենք ստանում: Նախկինում գաղտնի ոստիկանությունն ինձ և բոլոր ակտիվիստներին 24 ժամ անընդմեջ պահում էր հսկողության տակ: Մենք սպառնալիքներ էինք ստանում գաղտնի ոստիկանությունից, իսկ այժմ չենք ստանում, և սա քաղաքական մակարդակում ձեռքբերումներից մեկն է »,- նշում է Եգիպտոսի հեղափոխության ակտիվիստը:
Մինչ հեղափոխությունը նա երեք անգամ ձերբակալվել է իր քաղաքական գործունեության համար, բայց մի քանի օր հետո ազատ է արձակվել:
Եգիպտոսում հեղափոխության համար կային շատ պատճառներ և ոչ թե միայն մեկը: Եգիպտացիների 40 %-ի կենսամակարդակը աղքատության գծից ցածր է:
Բեյսմ Ֆաթհեյն ասում է, որ մյուս պատճառը ոստիկանության դաժանությունն էր: Եգիպտոսում սովարական բան է կարդալը, որ ամեն օր որևէ մեկն առանց պատճառի ձերբակալվել է կամ խոշտանգվել ոստիկանության բաժանմունքում:
Եգիպտոսում հակահառավարական առաջին ցույցը տեղի ունեցավ Թունիսում հեղափոխությունից 11 օր անց: Սա մեծ ներշնչանք էր եգիպտացիների համար, ովքեր մտածում էին. «Եթե թունիսցիներն արեցին դա, ապա մենք ինչո՞ւ չպետք է անենք»:
Հեղափոխության մեկ այլ պատճառ, Բեյսմ Ֆաթհեյի խոսքերով, այն էր, որ դրանից 2 ամիս առաջ անցկացված խորհրդարանական ընտրություններն ամբողջովին կեղծվել էին: Իշխող կուսակցությունը ստացել էր խորհրդարանում տեղերի 81 %-ը: Մյուս 19 %-ը ստացել էին կուսակցություններ, որոնք կապեր ունեին կամ հավատարիմ էին իշխող կուսակցությանը: Այսպիսով, ընդդիմությունից ոչ ոքի չէր հաջողվել մտնել խորհրդարան:
Բեյսմ Ֆաթհեյն ու իր նման ակտիվստները երկար տարիներ ցույցերի էին մասնակցում, որպեսզի առաջ մղեն իրենց գաղափարները: Հունվարի 25-ին` ռեժիմի դեմ ցույցերի առաջին օրը, նրանք ընդամենը կոչ արեցին մեծ ցույց անցկացնել ներքին գործերի նախարարության դեմ (և ոչ թե Թահրիր հրապարակում)` ընդդեմ ոստիկանության դաժանության, և պահանջել նախարարի հրաժարականը:
«Սա մեր երազանքների գագաթնակետն էր: Բայց պարզվեց, որ ամսի 25-ին շատ մարդիկ արձագանքեցին ու սկսեցին մասնակցել և ինքնաբուխ կերպով սկսեցին Կահիրեի բոլոր վայրերից գնալ Թահրիր հրապարակ: Դա առաջին պահն էր, որ մարդիկ զգացին ազատությունը, զգացին, որ իրենք ամենաուժեղն են: Անհավատալի էր»,- ասում է Բեյսմ Ֆաթհեյը:
Այդ օրը նա պատասխանատու էր ծածկոցներ, վրաններ ու քնապարկեր բերելու համար, քանի որ նրանք կարող էին որոշել մնալ հրապարակում: Հաջորդ օրերին չքաղաքականացված մարդիկ, ովքեր նախկինում երբեք չէին մտածել հեղափոխության մասին, դուրս եկան փողոցներ` ցույց անելով Մուբարաքի և ռեժիմի դեմ:
Հունվարի 28-ին այսպես կոչված ինտերնետային ակտիվիստիները Ֆեյսբուքում և բլոգներում տեղադրեցին այն վայրերի ցուցակը, որտեղից պետք է սկսվեին երթերը: Դրանք պետք է սկսվեին ողջ երկրով մեկ գտնվող մզկիթներից ու եկեղեցիներից և ուղղվին դեպի շատ տրամաբանական նշանակետ` Թահրիր (արաբերեն` Ազատության) հրապարակ, որտեղ մարդիկ հավաքվել էին 3 օր առաջ:
Նույն օրը ինտերնետն ու բջջային հեռախոսակապն անհասանելի դարձան եգիպտացիների համար, բայց մարդիկ Կահիրեի շրջակայքում գտնվող բոլոր վայրերից սկսեցին շարժվել դեպի Թահրիր հրապարակ: Բեյսմ Ֆաթհեյն ասում է, որ անվտանգության ուժերը, որոնց ամենամեծ մասը կենտրանացած էր Կահիրեում, շրջապատել էին հրապարակը, որպեսզի կանխեին ցուցարարների մուտքը այնտեղ:
Բացի եգիպտացի ժամկետային զինծառայողներից կազմված մոտ 750 հազարանոց բանակից, որը կհրաժարվի ենթարկվել սեփական ժողովրդի վրա կրակելու որևէ հրամանի` Եգիպտոսն ունի 1.5 մլն-անոց ներքին բանակ` անվտանգության ուժեր: Եգիպտացի ակտիվիստի խոսքերով` այս ուժերը ստեղծվել ու պահվում են քաղաքական նպատակներով և մարզված են` ցույցերի հետ գործ ունենալու համար:
«Մենք կռիվ սկսեցինք: Մենք անզեն էինք, իսկ նրանք զինված էին ռետինե փամփուշտներով, նույնիսկ զենքով ու ռազմատեխնիկայով, իհարկե արցունքաբեր գազով, ամբողջ օրը ծեծում էին, նույնիսկ ոստիկանական ավտոմեքենաներ էին օգտագործում` մարդկաց վթարի ենթարկելու համար: Հունվարի 28-ին մարդիկ գնացին Թահրիր հրապարակ 1.5 մլն զինվորի դեմ 5 ժամ կռվելուց հետո, և նրանք 5 ժամում պարտություն կրեցին ժողովրդից: Երբ դու այս ամենի մեջ ես, քո մեջ ինչ-որ բան է լինում, ադրենալին, որը տանում է դեպի առճակատում և քեզ մղում է առաջ, ոչ թե հետ»,- ասում է Բեյսմ Ֆաթհեյը:
Նա հավելեց, որ ցուցարարները, այդ թվում և ինքը վախեցած էին: «Ես զգում էի, որ խիզախ եմ և դուրս եմ եկել երկար տարիների իշխանության դեմ, բայց լրիվ այլ իրավիճակ է, երբ չորսբոլորդ փամփուշտներ ես գտնում, և մարդիկ են սպանվում: Հեղափոխությունը միշտ սկսվում է առաջին արյունահեղությամբ: Երբ ես ու իմ ընկերը գնում ենք ցույցի, և իմ ընկերը սպանվում է, ես չեմ կարող հետ գնալ, ես պետք է շարունակեմ. կամ ես էլ կսպանվեմ, կամ էլ մենք կհաղթենք ուղղակի մեր ընկերոջ վրեժը լուծելու համար: Եգիպտոսում հենց այսպես էր»,- ասում է Բեյսմ Ֆաթհեյը:
Նա մեջբերեց Եգիպտոսի հեղափոխության ակտիվիստներից մեկի խոսքերը, ով հունվարի 27-ին Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Այս երկու օրվա ընթացքում ինձ շատ են ծեծել, բայց ես զգում եմ, որ մենք շատ մոտ ենք: Ես այսօր միևնույն է գնալու եմ ցույցի, քանի որ մենք շատ մոտ ենք և մենք պետք է հասնենք նրան, ինչին ուզում ենք»:
Հունվարի 28-ին նա սպանվեց:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել