Արցախի իշխանությունների հանցակից թողտվությունը Քաշաթաղում այլևս հանդուրժելի չէ. Ալեքսանդր Քանանյան
Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանի հայտարարությունը
Վերաբնակեցման գոտու կառավարման խեղված ռազմավարության և բնակեցման ապապետական բազմամյա կասեցման պայմաններում՝ Արցախի կենտրոնական իշխանության հանցակից թողտվությամբ Քաշաթաղում դարձյալ վերսկսվել է վարչական սանձազերծ հալածանք՝ շրջանի մտավորականության և արվեստի գործիչների դեմ: Հերթական անգամ հարձակման գլխավոր թիրախը Բերձորի Արվեստի և սպորտի դպրոցի տնօրեն, բնագավառի վաստակաշատ նվիրյալ Գոռ Մանուկյանն է: Օրենքի կոպիտ խախտումներով և Քաշաթաղի ներկայիս վարչակազմին բնորոշ ծայրահեղ անգրագիտությամբ՝ վարչական և ոստիկանական ահաբեկմամբ փորձ է արվում շարունակական բռնաճնշումներով կոտրել կայացման վերջնափուլում գտնվող տեղի քաշաթաղյան հասարակությունը և ամեն գնով հասնել շրջանից գիտակից և անկախ քաշաթաղցիների արտամղմանը: Ինչպես և նախկինում, այս անգամ ևս տեղում ապօրինությունների հրահրողը՝ շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանն է, որը, 2001 թվականից ստանձնելով շրջանի ոստիկանապետի պաշտոնը, աչքի է ընկել տեղի վերաբնակ հասարակության դեմ անընդհատ գործած ոտնձգություններով: Առանձնապես հիշատակելի է, որ սույն անձը 2004-2006 թթ. Քաշաթաղի մերօրյա հայաթափման տխրահռչակ «ջատագով» Համլետ Խաչատրյանի գլխավոր հանցակիցն էր, որի հակապետական գործունեության հետևանքով նշված տարիներին Քաշաթաղից հեռացել են հարյուրավոր ընտանիքներ և ամայացել մի շարք բնակավայրեր: Սուրեն Խաչատրյանի հանրային զսպման և օրենքի շրջանակում զուտ վարչարարությամբ զբաղվելու պարտադրման բազմամյա փորձերը, ցավոք, ապարդյուն էին: Տարիների փորձը վկայում է, որ Արցախի բարձագույն իշխանությունը բարի կամոք ընդունակ չէ վերափոխել վերաբնակեցման գոտու կառավարման և վերաբնակեցման կասեցման արդի փակուղային փիլիսոփայությունը: Ուստի, անհրաժեշտ է համահայկական հուժկու և անկասելի միջամտություն՝ Քաշաթաղի կառավարման ոլորտում ստեղծված միանգամայն անհանդուրժելի իրավիճակը դարմանելու և Սուրեն Խաչատրյանին Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի պաշտոնից դուրս շպրտելու ուղղությամբ: Միաժամանակ, խիստ վարչական պատժի պետք է ենթարկվեն վարչակազմի դրդմամբ օրենքի բազմակի խախտումներ և կողմնակալություն դրսևորած տեղի ոստիկանության պատասխանատուները:
Հիշեցնենք, որ Գոռ Մանուկյանի հանդեպ սույն անձի ատելության պատճառը՝ նրա անկախ քաղաքացիական կեցվածքն էր և՝ Արվեստի դպրոցի երեխաներին Երևանից նվիրաբերված մերսեդես-սպրինտեր միկրոավտոբուսը՝ վարչակազմի ղեկավարի սեփական նպատակներին ծառայեցնելու պահանջին ի պատասխան Արվեստի և սպորտի դպրոցի տնօրենությունից ստացած մերժումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել