
Հայաստանի քաղաքական համակարգի հիմնական «գաղտնիքը»
Ստեփան Դանիելյան
Երկիրը փլուզելու տեխնոլոգիանները կարելի է երկար թվարկել, սակայն կարևոր է հասկանալ, որ միշտ չԷ, որ այն փլուզում են դրսից. չնայած նման օրինակներ շատ կան: Հաճախ երկիրը միտումնավոր կերպով փլուզում են ներսից:
Ո՞րն է պատճառը:
Պարզ է, որ երբ իշխանությունը յուրացնում է հակաժողովրդական խմբավորումը, որի նպատակները տրամագծորեն հակառակն են հանրային շահին և սպասարկում են միայն իշխանությունը բռնազավթած խմբավորման շահադիտական նեղ նպատակներին, ապա առաջանում է խնդիր. կատարված բազմաթիվ հանցագործությունների համար օրենքով նախատեսված պատժից խուսափելու համար անհրաժեշտություն է առաջանում որքան հնարավոր է երկար պահել զավթված իշխանությունը:
Այդ դեպքում հասարակությունը վերածվում է ոչ թե իշխանության պարտնյորի՝ հանուն ընդհանրական նպատակների, այլ թշնամու, որը կարող է օրինականության և սահմանադրական կարգի հաստատումից հետո պատժել հանցագործներին: Ինքնափրկության բնազդներից ելնելով՝ հանցախումբը պետք է քայքայի իր պոտենցիալ թշնամուն` հասարակությանը:
Քայքայման համար պետք է արժեքազրկել այն հնարավոր արժեքային համակարգը, որը կկարողանա միավորել հասարակությանը. դրա հետևանքով հասարակությունը վերածվում է իրար նկատմամբ թշնամությամբ լցված ամբոխի: Բնական է, որ մարդիկ միմյանց մեղադրելու են նման ռեժիմների դեմ չպայքարելու, միավորման անկարողության համար: Արդյունքում «պարզվում» է, որ մեղավորը ժողովուրդն է: Դրա համար վարվում է համապատասխան հարկային, «մշակութային», «կրթական» , ինֆորմացիոն քաղաքականություն: Սակայն դա բավական չէ:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման ռեժիմները լինում են խիստ անկայուն, ոհմակային արժեհամակարգով կառավարվող, և օրինականության բացակայության պայմաններում նրանց ներսում տեղի է ունենում իշխանության պայքար, որն երբեմն ավարտվում է հեղաշրջումներով: Այս պայմաններում հանցախմբի թիրախում հայտնվում է ոչ միայն հասարակությունը, այլև հենց հանցախմբի բաղադրիչ հատվածները:
Իշխանության կողմից աջակցվող ինֆորմացիոն դաշտը «անհասկանալի» կերպով վարկաբեկում է հենց ռեժիմի կարկառուն ներկայացուցիչներին, որն երբեմն հանրության կողմից ընկալվում է որպես անկախ մամուլի գոյության փաստ: Սակայն իրականությունն այն է, որ իշխանության համար ընթացող իրական պայքարն ընթանում է հենց ռեժիմի ներսում, և մամուլի ու կուսակցությունների հիմնական առաքելությունը հանդիսանում է ռեժիմի ներսում բուն դրած «դիսիդետների» սանձահարումը:
Սա է Հայաստանի քաղաքական համակարգի հիմնական «գաղտնիքը»:
Սակայն բոլորին պարզ է, որ նման իրավիճակն ունի կայունության սահմանափակ հնարավորություններ, որից հետո ռեժիմները կորցնում են ինքնպահպանման վերջին ռեսուրսները: Իքս պահին, երբ առաջանում են կրիտիկական իրավիճակներ, պարզվում է, որ համապատասխան հաստատությունները սաբոտաժի են ենթարկում կենտրոնական իշխանության հրահանգները: Դա նման կարգի ցանկացած իշխանության ավարտն է:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել