HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Նոյեմբերյանի գրադարանը չի կարողանում ապահովել ծրագրային և մասնագիտական գրականություն

ԽՍՀՄ փլուզումից հետո Նոյեմբերյանի քաղաքային գրադարանն առաջին անգամ որոշակի համալրվել է միայն անցած տարի: Անցած և այս տարի մարզային գրադարանից հայտնել են, որ կա գրքերի համալրում, որից կարող է օգտվել նաև այս գրադարանը:

Նախատեսված չէ առանձին գումար գրականություն ձեռք բերելու համար

Տարիներ շարունակ քաղաքային գրադարանը, որ սպասարկում է նաև շրջակա գյուղերի բնակիչներին, չի համալրվել: Այն ֆինանսավորումը, որը ստանում է կառույցը Նոյեմբերյանի քաղաքապետարանից, նախատեսված է աշխատավարձերի, կոմունալ և կենցաղային ծախսերի համար: Նախատեսված չէ առանձին գումար գրականություն ձեռք բերելու համար:

Այս ընթացքում ժամանակ առ ժամանակ փոքր թվով համալրումներ եղել են միայն բարեգործական հիմունքներով, սակայն ոչ պետական մակարդակով: Այժմ գրադարանում կա շուրջ 32 հազար գիրք: Մեծ մասը խորհրդային տարիներին ստացված գրքեր են:

Գրադարանի տնօրեն Արմինե Նավասարդյանի խոսքով` վատ է մասնավորապես հայ գրականության վիճակը. գրադարանը չի կարողանում աշակերտներին ապահովել դպրոցի ծրագրային գրականությամբ: Քանի որ հիմնական համալրումը տեղի է ունեցել խորհրդային շրջանում, որից հետո դպրոցական ծրագիրը փոփոխություններ է կրել, աշակերտները չեն կարողանում պահանջված գրականությունը ձեռք բերել գրադարանից:

Վատ է նաև մասնագիտական գրականության վիճակը. առկա գրքերն այլևս չեն կարող ապահովել ներկա մասնագիտական պահանջները: Այս տարիների ընթացքում ավելացել են նոր մասնագիտություններ ու նորամուծություններ, այնինչ գրադարանի մասնագիտական գրքերը շատ սահմանափակ են:

Մասնավորապես, շատ են օգտագործվում դպրոցական և ուսանողական ծրագրային գրքերը, որոնցից շատերը շարքից դուրս են եկել և հազիվ են «ծառայում» ընթերցողներին: Նման պայմաններում ընթերցողները միմյանց «փոխանցում են» գրքերը. հաճախ մի գրքի համար իսկապես հերթ է լինում:

Գրադարանը չունի արտասահմանյան ժամանակակից գրականություն

Ժամանակակից հայ գրականությունը քիչ թե շատ տարբեր միջոցներով համալրվել է, սակայն արտասահմանյան ժամանակակից գրականություն գրադարանը չունի: Իր միջոցներով գրադարանը գնել է մի քանի այնպիսի գրքեր, որոնք և մեծ պահանջարկ ունեն, և միաժամանակ եղել են փոքրածավալ ու մատչելի: Ա. Նավասարդյանը բացատրում է, որ եթե տվյալ գրողի պատմվածքները հրատարակվեն ոչ թե ամբողջական գրքով, այլ առանձին պատմվածքներով, կլինեն մատչելի և գրադարանի համար ավելի հասանելի: Գրադարանը կարող է իրեն թույլ տալ 1500-2500 դրամի սահմաններում փոքր գրքեր գնել, բայց մի քանի հազար դրամ արժողության գրքերը սեփական միջոցներով գրադարանը չի կարող գնել: Հաճախ պահանջը կապված չի լինում մեծ գումարների հետ, բայց որոշ դեպքերում այդ գումարն էլ չի լինում:

Տնօրենի խոսքով` ընթերցողները քիչ չեն, բայց որոշները չեն կարողանում օգտվել գրադարանից կոնկրետ գրականության բացակայության պատճառով: Բացի ծրագրային գրքերից՝ ընթերցողները շատ են հարցնում նաև Է. Մ. Ռեմարկ, Պաուլո Կոելյո, Դեյլ Կարնեգի, որոնց գրքերից գրադարանը չունի:

Գրադարանում կա շատ փոքր հատված` նվիրված մանկակական գրականությանը: Սակայն փոքր լինելը պայմանավորված է ոչ թե տարածքով, այլ գրքերի սահմանափակությամբ: Գրքերի մեծ մասը շատ հին է և մաշված: Հեքիաթների մի քանի գրքեր, որոնք ձեռք են բերվել վերջին տարիների ընթացքում, այնքան են օգտագործվել, որ ժամանակ առ ժամանակ վերանորոգվում են:

Չի կարելի գրադարանը համալրել ակցիաներով

Գրքերի համալրում կատարվում է նաև որոշ ակցիաների շրջանակներում ևս, բայց այն գրականությունը, որն անհրաժեշտ է ընթերցողներին, հնարավոր չէ ձեռք բերել ակցիաների շրջանակներում:

«Գրադարանը համալրելու համար ուղղակի պետական մոտեցում է պետք, ընդամենը դա: Չի կարելի գրադարանը համալրել նմանատիպ ակցիաներով,- ասում է գրադարանի տնօրենը:- Իհարկե, նման ակցիաները կարևոր են, դա ևս համալրման եղանակ է, բայց դա պետք է լինի զուգահեռ գործընթաց»:

Տնօրենի խոսքով` այսօր ընթերցանության առումով վիճակն այնքան ծայրահեղ չէ, որքան հաճախ ներկայացվում է` նշելով, թե հիմա գիրք քիչ են կարդում: Սակայն նա փոքր-ինչ ծայրահեղություն է նկատում ընթերցողների շրջանում: Ա. Նավասարդյանի խոսքով` մի կողմից կան շատ զարգացած, տեղեկացված ընթերցողներ, կան նաև այնպիսիք, ովքեր անգամ գրքերի ցուցակի մեջ են տառասխալներ անում:

«Այն միջին շերտը չի երևում»,- ասում է տնօրենը:

Նրան ուրախացնում է, որ կան ընթերցողներ, ովքեր գրքերը վերցնում են՝ ներքին, հոգևոր պահանջից ելնելով: Զրույցում նա հիշում է մշտական ընթերցողներից մի տատիկի, ով խոստովանում է, որ առանց կարդալու՝ չի կարողանում ապրել, անգամ իր հարսին, ով զբաղված է լինում կենցաղային հարցերով, անընդհատ խորհուրդ է տալիս գործերը թողնել ու գիրք կարդալ:

Ա. Նավասարդյանի կարծիքով` ընթերցանությունը ներքին պահանջ է, որը մարդը կարիք ունի բավարարելու, սակայն այն ոչ բոլորն ունեն:

«Օրինակ` եթե 20 մարդ կա, հո բոլորը չեն կարող երգել կամ գրել: Նրանց միջից երկուսը կամ երեք գուցե կարողանան դա անել: Նույնը նաև ընթերցանության դեպքում է: Չեմ կարծում, թե հիմա քիչ են կարդացողները»,- ասում է Ա. Նավասարդյանը:

Պետք է ոչ թե անհնարին բաներ, այլ հնարավորի առավելագույնն անենք

Այժմ գրադարանն ունի 8 աշխատող` տնօրենը, 5 գրադարանավարները, հաշվապահը և հավաքարարը:

«Մեզ հաճախ են ասում, և մենք ընդունում ենք, որ մենք շատ ենք,- ասում է տնօրենը:- Մենք կարող ենք աշխատել քիչ թվով, պրոֆեսիոնալ մակարդակով և բարձր աշխատավարձով»:

Վերջինս միակն է, ով աշխատում է ամբողջ դրույքով` ստանալով 35 հազար դրամ աշխատավարձ, մյուսներն աշխատում են կես դրույքով:

Ա. Նավասարդյանի խոսքով` Նոյեմբերյանի քաղաքային գրադարանը շատ հեռու է 21-րդ դարի գրադարանից: Նա շատ է ցանկանում գրադարանում ստեղծել տեղեկատվական կենտրոն, սակայն գրադարանն անգամ մեկ համակարգիչ չունի: Առիթ եղած դեպքում գրադարանը տարբեր ծրագրեր է գրում, փորձում է ինչ-որ բան նախաձեռնել, բայց դեռևս լուրջ հաջողություն չի արձանագրվել:

Տնօրենի կարծիքով` նմանատիպ խնդիրները, որոնք ունեն այլ գրադարաններ ևս, պետք է լուծվեն պետական մակարդակով: Միաժամանակ, պետական աջակցությունը պետք է լինի մշակույթի բոլոր ճյուղերում: Համայնքներն այնքան ուժեղ չեն, խնդիրներն էլ շատ են, և նման պայմաններում դժվար է լրջորեն հոգալ գրադարանի կարիքները: Միաժամանակ գրադարանի տնօրենը համարում է, որ բացի պետությունից՝ իրենք ևս պետք է իրենց կարողությունների շրջանակում ինչ-որ բան անեն և փոխեն:

«Մենք ինքներս պետք է ոչ թե անհնարին բաներ անենք, այլ հնարավորի առավելագույնն անենք: Ինչքան որ կարող ենք, ամեն տարի մի բան ավելացնենք, հետո նոր արդեն պահանջենք մյուսներից», - ասում է Ա. Նավասարդյանը:

Մեկնաբանություններ (1)

Կարին
Տիկին Նավասարդյան եւ հարգելի լրագրող. անհրաժեշտ է հրատարակել գրադարանին պակասող հիմնական ծրագրային գրքերի ցուցակը եւ դիմել հանրության օգնությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter