HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Եթե մի բան շատ ուզում ես, ավելի լավ է դրանից հրաժարվես»

Մարիա Ատլաս. «Ես ճանապարհի մարդ եմ: Մի անգամ փառատոններից մեկի ժամանակ ահռելի մեծ լաբիրինթոս էր պատրաստված: Ես մտել ու չէի կարողանում դուրս գալ, որովհետև շատ ծանոթներ տեսա ճանապարհին ու մոռացա, որ պետք է դուրս գամ: Ես հստակ հասկացա, որ կարևորը ճանապարհն է և ոչ թե նպատակը, որովհետև այդ ճաապարհի ընթացքում նպատակը կարող է փոխվել: Գուցե ամենակարևորը հենց այդ պահին է լինում, և մինչև հասնես քո նպատակակետին, լիքը բան փոխվի: Պետք է գիտակցված ապրել ամեն մի վայրկյանը. այստեղ և հիմա»:

Ռուս դերասանուհի Մարիա Ատլասը (Պոպովա) իր հիմնական գործից բացի զբաղվում է պրոդյուսերական աշխատանքով, 2003 թ.-ին հիմնել է «Игра 3000» կազմակերպությունը, որի միջոցով իրականացվում են ամենամյա բարեգործական նախագծեր: Դերասանուհին խոստովանում է, որ շատ է սիրում նաև երգել: Իր ձայնը շատ հզոր չի համարում, ոչ էլ իրեն` մեծանուն երգչուհի, բայց ժամանակ առ ժամանակ բեմի վրա ելույթ է ունենում նաև որպես երգչուհի: Այժմ ունի մեկ թողարկված ալբոմ:

«Մինչև հիմա չեմ հասկանում` ինչպես կարող է մարդն ընտրել մեկ մասնագիտություն, օրինակ` ասի` ես ուսուցիչ եմ և ամբողջ կյանքն աշխատի ուսուցիչ: Դերասանի մասնագիտությունն ավելի քան որևէ այլ մասնագիտություն ազատություն է տալիս», - ասում է Մարիա Ատլասը:

Մարիայի համար հետաքրքիր է իր մասնագիտությունը, քանի որ այն թույլ է տալիս կերպարանափոխվել. երաժիշտից դառնալ խոհարար, գրողից` վաճառողուհի և այդպես շարունակ: Դերասանուհին շատ կցանկանար խաղալ ուժեղ կնոջ դեր, ով կարողանում է հաղթահարել իր առջև կանգնած դժվարությունները, ներկայացնել պատմություն, որտեղ երևում են մարդու ապրումներն ու հույզերը, թե որ իրավիճակում մարդն ինչ ընտրություն կարող է անել: Նրան հետաքրքրում է հատկապես Օլգա Չեխովայի դերը:

«Կցանկանայի խաղալ ոչ սովորական ճակատագիր ունեցող կնոջ դեր», - ասում է Մ. Ատլասը:

Վերջինս հայ հանդիսատեսին ներկայացել է Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմում, որտեղ խաղացել Եվրեդիկեի մոր` Սոնայի դերը: Այս տարի ֆիլմը «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ին «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում արժանացավ գլխավոր մրցանակին:

Դերասանուհու համար, բացի դերը, շատ կարևոր է նաև, թե ում հետ է աշխատելու, ովքեր են նրա գործընկերները, ինչ թիմ է իր հետ ներկայանում: Նույն Մարիա Սահակյանի հետ նրանք երկար ժամանակ շփվել են նախքան ֆիլմում միասին աշխատելը:

«Սիրում եմ այն դերը, երբ սցենարը կարդալով հասկանում եմ, որ այն գրվել է հենց ինձ համար, ոչ թե պարզապես հայտնվել ես այդտեղ և պետք է ուղղակի արագ յուրացնես տվյալ դերը», - ասում է Մարիան:

Տարիներ շարունակ լինելով կինոյի ոլորտում ռուս դերասանուհին դժվարանում է խոսել ժամանակակից ռուսական կինոյի մասին: Նրա խոսքերով` այսօր Ռուսաստանում իրար հետևից շատ են նկարահանում այնպիսի ֆիլմեր, որոնք ոչ միայն չեն վերադարձնում ներդրված գումարները, այլև ոչինչ չեն տալիս հանդիսատեսին: Սակայն այդ նույն ռեժիսորներն ամեն անգամ ստանում են ֆինանսավորում` շարունակելով նկարահանել նմանատիպ ֆիլմեր: Սրանք հիմնականում նրանք են, ովքեր սերտորեն համագործակցում են պետության հետ:

«Ահա և ձեզ ռուսական նոր կինոն: Իսկ այն նոր անունները, որոնք չեն ցանկանում համագործակցել պետության հետ, և նրանք պարտավոր էլ չեն համագործակցել, պետք է «հրաշքներ գործեն», - ասում է Մարիա Ատլասը: - Ես չեմ ուզում համագործակցել պետության, դրա կառույցների հետ: Ես ուզում եմ ուղղակի նկարահանվել, և դրա համար չեմ ուզում կոնտակտի մեջ մտնել պաշտոնյաների հետ»:

Այն ռուսական ֆիլմերը, որոնք դուր են գալիս դերասանուհուն, հիմնականում անկախ, հեղինակային նախագծեր են, որոնք հաճախ չեն հասնում զանգվածային լսարանին: Նման նախագծերում մասնակցելու առաջարկություններ պարբերաբար ստանում է, բայց սովորաբար խնդիր է լինում ֆինանսավորման հետ: Առաջարկից հետո երկար ժամանակ է անցնում մինչև համապատասխան գումար է հայթայթվում ֆիլմը նկարահանելու համար:

«Երբ նայում եմ կինոն ու մոռանում եմ` որտեղ եմ և դառնում եմ այդ պատմության մասը, այդ դեպքում կարող եմ ասել, որ դա կինո է», - ասում է դերասանուհին:

Վերջինիս համար կարևոր է, որ կինոթատրոնից դուրս գալուց հետո ֆիլմը մտածելու, վերլուծելու տեղիք տա, ազդեցություն ունենա, եթե անգամ չգիտես, թե ինչու է այն այդքան տպավորիչ:

«Իսկ եթե ասում են` հիմա քեզ ցույց կտանք մերկ կին, մերկ մարմին կամ բանան և ահա, նստիր ծիծաղիր, իմ դեպքում դա արդեն չի աշխատում», - ասում է Մարիան:

Դերասանուհին, ով խաղում է նաև թատերական ներկայացումներում, խոստովանում է, որ կինոն իր համար ավելի հոգեհարազատ է: Կինոյում բավարար ժամանակ կա ձուլվելու կերպարին,  հնարավորություն` կերպարի մեջ ապրելու:

Երբ խոսք բացվեց կյանքում և բեմի վրա խաղալու, կյանքի ու խաղի նմանության մասին, Մարիան ասաց, որ ի տարբերություն խաղի, կայնքում ամեն մի քայլն իր հետևից բազում հետևանքներ է բերում տվյալ մարդու և նրա շրջապատի մարդկանց համար:

«Կյանքին կարելի է վերաբերել որպես խաղի այն տեսանկյունից, որ կարող ես խաղալ որոշ իրավիճակներ, հանգամանքներ, բայց չխաղալ քո պատասխանատվության ու մարդկանց հետ ունեցած հարաբերությունների հետ: Խաղալ կարելի է խաղի հետ,  բայց մարդկանց հետ խաղալ չի կարելի: Մարդկանց պետք է վերաբերվել մեծ սիրով»:

«Ինչի՞ վրա երբեք խաղադրույք չէիք կատարի» հարցին պատասխանում է. «Ինձ դավաճանելու վրա: Հիմա, երբ արդեն երիտասարդ աղջիկ չեմ, երբ շատ բան արդեն ապրել եմ, ես արդեն կարողանում եմ ասել` ոչ, սա պետք չէ անել: Չի կարելի դավաճանել ինքդ քեզ»:

«Ի՞նչը չեք կարող ոչ մի դեպքում կորցնել այս խաղում»,-շարունակում եմ հարցս. «Եթե մի բան շատ ուզում ես, ավելի լավ է դրանից հրաժարվես. եթե դա այնքան ես ուզում, որ անգամ պատրաստ ես այնպիսի քայլերի, որոնց համար հետագայում զղջալու ես, պետք է դրանից միանգամից հրաժարվել: Հետագայում ավելի վատ կլինի, երբ դավաճանես ինքդ քեզ»,- պատասխանում է Մարիան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter