HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնաֆելիետոն

ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀ 
ԸՆԿԵՐ ՄԱԼԵՆԿՈՎԻՆ,
ՊԱՏՃԵՆԸ՝ ԸՆԿ. Ա. Ի. ՄԻԿՈՅԱՆԻՆ 

 ՀԱՅ ԵՐԳԻԾԱԲԱՆ՝ ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻՑ

Ինքնաֆելիետոն

ԴԻՄՈՒՄԻ ՓՈԽԱՐԵՆ

Ես հայելի չունեմ տանս, ուստի ինքս ինձ ոչ տեսել եմ, ոչ ճանաչում եմ։ Միայն, հենվելով ժողովրդական կարծիքին, ես, որպես թե, հայ ազգի միակ երգիծաբանն եմ ներկայումս։

Սկսնակ չեմ եղել բոլորովին։ Իմ առաջին ֆելիետոնը, որը 1910 թվականին Տաճկաստանում պայթեց թուրք փաշայի և ամերիկյան միսիոներների գլխին, գովասանքի ու շնորհավորանքի փոշու մեջ խեղդեց ինձ։ 1915 թվին, երբ հայտնվեցի Կովկասում, կովկասահայ բոլոր թերթերի ֆելիետոնիստներն իրենց գրիչները վայր դրին, և Բաքվի «Արևը» իր տարեկան գրականության տեսության մեջ գրեց. «Կովկասում բազմաթիվ ֆելիետոնիստներ կան, բայց մեր կարծիքով նրանց մեջ միակ օժտվածը Լեռ Կամսարն է»։

Չկա մի հայ խմբագիր, որից հրավեր ստացած չլինեմ իր թերթին աշխատակցելու համար։

Մի խոսքով, ես և հայ ժողովուրդը լավ էինք իրար գտել, նստած մեր լեռնաշխարհում՝ ասում ու ծիծաղում էինք։

Այսպես՝ մինչև 1921 թիվը։

1921 թվականին Սովետական կառավարությունը երկրից քշելով դաշնակներին՝ Հայաստանը գրավեց։ (Ես այդ ժամանակ Թավրիզում էի)։

Տեր դառնալով երկրին, բոլշևիկյան կառավարությունը ձեռնամուխ եղավ մաքել երկիրն իր դարն ապրած դաշնակյան մտայնությունից։

Մի փոքր մաքրեց՝ տեսավ չէ, շատ է դժվար։ Երկրում այնպիսի խավարամտություն էր տիրում, այնքան թանձր նացիոնալիզմ էր նստել, որ առանց երգիծաբանի անողորմ ծաղրի, մի փոքր դժվար կլիներ այդ։

Ուստի, ինձ Թավրիզից օգնության կանչեց։

Երբ Երևան եկա՝ Հայաստանի ղեկավարությունն ինձ ասաց.

-Ախպեր ջա՛ն, մենք քեզ ճանաչում ենք որպես հակակրոնական, հականացիոնալիստական, անաչառ գրող։ Կակռազ՝[1] մեզ էլ այդ է պետք։ Եկ, օգնիր մեզ այս հնի մնացուկները մաքրենք, մի օր էլ հալբաթ[2] քո լավության տակից դուրս կգանք։

- Աչքիս վրա,- ասացի,- ես վաղուց էի սպասում ձեզ։ Մենք ընդհանուր շատ բան ունենք իրար հետ և երկար կողք կողքի կարող ենք կռվել։

- Լա՞վ։

- Լավ։

Մեր մեջ դաշինքը կնքված էր, և ղեկավարությունը վերցրեց ինձ, երկաթյա վնտերով ու բոլտերով[3] ամրացրեց իր միակ օրգան “Խորհրդային Հայաստանին”, որպես միակ ֆելիետոնիստ, և ես ամրանալով իմ նոր բնագծում, ամբողջ 15 տարի ռումբեր տեղացի հակասովետական գաղափարախոսությունների՝ կրոնի, նացիոնալիզմի, սովետական ապարատում տեղ գտած բյուրոկրատիզմի ու վնասարարությունների գլխին, որոնք հետագային առանձին հատորներով լույս ընծայվեցին։

Իմ արձակած «քաղցր» ռումբի վրա, ինչպես ճանճերը մեղրի կաթիլի վրա, հավաքվում էին երկրի և արտասահմանյան հայ ընթերցողները հավասարապես։ Այդ օրերին, ներկայիս Սովետահայ գրողների միության նախագահ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը գրում էր ինձ Փարիզից.

«Դու արտասահմանում միակ կարդացվող հեղինակն ես ներկայումս։ «Խորհրդային Հայաստանում» տպագրված քո ֆելիետոններն անխտիր արտատպվում են արտասահմանի հայկական թերթերում և ձեռքից ձեռք անցնում։

Այս բախտավոր վիճակս տևեց 15 տարի։

Մի օր էլ կառավարությունն ինձ կանչեց թե՝

- Գիտե՞ս ինչ կա, սիրելի՛ս, դու որ կրոնի ու դաշնակների մասին գրում ես՝ շատ լավ ես անում։ Միայն որ մեր բացերի մասին էլ ես գրում՝ այդ մի փոքր լավ չես անում։ Արտասահմանում վերցնում են դրանք և օգտագործում մեր դեմ։

- Ես գրում եմ ձեր թերթում,- ասացի,- թերթն էլ գնում է արտասահման։ Ես ինչպե՞ս գրեմ, որ ինձ երկրում կարդան՝ արտասահմանում չկարդան։ Թատրոնի դերասանների մոտ, ճիշտ է, այդ հնարավոր է՝ նրանք խոսում են բարձր և մեկուսի։ Գրողն ինչպե՞ս կարող է օգտվել դերասաններին միայն հատուկ այդ հնարքից։

Սրա վրա կառավարությունը, թե՝

- Որ այդպես է, արի քեզ առայժմ մի երեք տարով բանտարկեմ, տեսնենք վերջը ի՞նչ դուրս կգա։

- Խնդրե՜մ,- ասացի և բանտը մտա։

Չեմ ուրանում, բանտապետս բարի մարդ էր՝ ձանձրույթս փարատելու համար, աշխատանքի հեռավոր լագեր ուղարկեց ֆիզկուլտուրայի։ Այնտեղ գետային նավեր էի բեռնաթափում և շատ գոհ էի վիճակիցս։ Միայն մի անգամ նարյադչիկս[4] ծանր բեռ դրեց կռնակիս և ես ճոճուն սանդուղքից գետը գլորվեցի։ Բայց ոչինչ, նարյադչիկս չէր մեղավորը, այլ ես՝ որ մի փոքր թուլակազմ էի...

Երբ աքսորիս երեք տարին լրացավ, Հայաստան վերադարձա և մտնելով «Սովետական Հայաստանի» խմբագրություն հարցրի.

- Շատ հաջող բանտարկվեցի, այժմ կարո՞ղ եմ գրել։

Խմբագիրը պատասխանեց.

- Մենք առայժմս սուր ֆելիետոնի կարիք չունենք։

Մի պատասխան, որ շատ զարմացրեց ու մինչև օրս շարունակում է զարմացնել ինձ, որովհետև տեխնիկական զարգացած ներկա դարում ի՞նչ դժվար է «սուր» ֆելիետոնի ծայրը մի փոքր բթացնել։

Ճիշտ այդ միջոցին էլ միլիցիան ինձ քաղաքից վտարեց և ես կծկված իմ «սուր» փշերում, ոզնու նման, Բասարգեչարի սարերը քաշվեցի և ապրեցի մի փչակում։

Այսպես 14 տարի։

Տասնչորս տարվա ընթացքում կենցաղային և այլ թերությունները բավական շատացել էին երկրում։ Կոլխոզի նախագահները սկսել էին խժռել, խանութպաները՝ թերաչափել ու թերակշռել, պահեստապետները՝ գողանալ, դատավորները սկսել էին կաշառք համտեսել, ապարատները՝ բյուրոկրատանալ և այլն, և այլն։

Այս կենցաղային արատները մաքրելու համար երկիրը սաստիկ կարիք ուներ երգիծաբանների՝ մանավանդ Գոգոլների ու Շչեդրինների։

Վերջապե՜ս, մտածեցի ես փչակումս նստած, հիմա Հայաստանի կառավարությունը կհիշի իր միակ երգիծաբանին և ինձ մոտ կգա։

Եվ իսկապես։ Չանցած մի շաբաթ, «Սովետական Հայաստանի» խմբագիր Դալլաքյանը հեռագիր հեծած, շտապ դռանս կանգնեց և կանչեց.

- Լեռ Կամսա՜ր։

- Հը՜։

- Կենդանի՞ ես։

- Չգիտեմ իսկապես, կաց մի ժաժ գամ, տեսնե՞մ։ Ժաժ եկա, տեսա, որ դեռ ողջ եմ։

- Ողջ եմ,- ասացի,- ի՞նչ կա։

- Գնանք,- ասաց,- Ցեկան[5] քեզ շտապ կանչում է։ Էս էլ քեզ հարյուր ռուբլի ճամփու ծախս։

Ցեկայում ինձ հետ մի անախորժ դեպք պատահեց։ Կոմենդանտը[6] պահանջեց, որ անպայման վերարկուս հանեմ ու ես ընդդիմանում էի։ Ընդդիմանում էի ոչ թե քաղաքական, այլ զուտ տնտեսական շարժառիթներով։ Շալվարիս ետևը մի անվայելուչ կարկատան կար ձգված, և ես աշխատում էի թաքցնել այն վերարկուիս փեշի տակ։ Ի վերջո ես պարտվեցի, իհարկե, և վերարկուս հանեցի՝ մի բան, որ դրդեց ինձ խիզախ լինել հետագա իմ բանակցություններում և երբեք կռնակս ցույց չտալ հակառակորդիս՝ նրան... շալվարիս կարկատանը ցույց չտալու համար...

Ցեկայում ինձ ընդունեց Գրականության և արվեստի վարչության պետ ընկեր Հովհաննես Մամիկոնյանը և բառացի ասաց հետևյալը.

- Քո գրական իրավունքները լրիվ վերականգնված են։ Մոռացի՛ր կրածդ տանջանքները և մեզ համար ֆելիետոններ, մանավանդ սովետական կոմեդիաներ գրիր։ Շատերն են գրել, բայց անհաջող։ Մեր հույսը միայն քեզ վրա է դրված։ Վստահ եմ, որ մեր հույսերը կարդարացնես։

Պատասխանեցի.

- Սովետական կոմեդիա գրելու չափ ծանր ու պատասխանատու գործ կատարելու համար շա՜տ եմ սոված, ընկեր Մամիկոնյան։ 17 տարի չեմ ապրել, միայն հալածվել եմ, և այս րոպեիս էլ դեռ վստահ չեմ, թե ետևիցս մեկը չի ընկել։ Չէ՞ որ կեցությունն է որոշում գիտակցությունը։ Այս կեցությամբ բնորոշված գիտակցությամբ գրված կոմեդիան ո՞ր ռեժիսորը կհամաձայնի բեմ հանել։

- Կլինի, կլինի, այդ բոլորը կլինի,- ասաց։ - Գրիր մի ֆելիետոն մեր թերթի, և մի կարճ երեք երեսանոց կոմեդիայի հայտ՝ թատերական վարչության համար, և դու կստանաս հինգ հազար ռուբլի ավանս, կանցնես պիեսի աշխատանքին, որի գրելուց հետո կստանաս քսան հազար ռուբլի, կուղարկենք ստալինյան մրցանակի՝ կունենաս հարյուր հազար, պիեսի տպագրությունից՝ մի տաս հազար, իսկ երբ կսկսի ներկայացվել՝ արդյունքի տասը տոկոսը, ամսական մոտ տասնհինգ հազար։

Մի խոսքով՝ «հազար»։

Ես տուն եմ գալիս և պատմում լսածներս։

Կինս կարտոֆիլ էր կճպում կերակուրի համար։ Տղաս, որ նկարչական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող է, իմ պատմածից հուսադրված, պատրաստվում է Մոսկվա գնալ ուսումը շարունակելու, աղջիկս, որ նշանված է արդեն, մտովին պատրաստվում է հարսանիքի։

Բոլորն ինձ լսում էին բերանբաց և նրանց աչքերում տասնյոթ տարվա վշտի արցունքները տեղի էին տալիս ուրախության արցունքներին։

Երբ ես հայտնեցի հինգ հազար ավանսի մասին՝ նկատեցի, կնոջս ձեռքերը թեթևակի դողացին, և մինչ այդ, որ կարտոֆիլները քերում էր, սկսեց զգալի կերպով թանձր կճպել։ Տղաս Մոսկվա գնալու համար ճանապարհ ընկնելով, ավանսով մինչև Թբիլիսի-Սոչի առաջացավ, իսկ աղջիկս մի փառավոր հարսանիքի ծրագիր կազմեց։

Երբ այսպես պատմելով “քսան հազարին” հասա, կինս կարտոֆիլի կճեպները մի մատ հաստության հասցրեց, որդիս Ռոստով հասավ, իսկ աղջիկս սկսեց հրավիրատոմսերը գրել։

«Հարյուր հազարին» հասնելիս, արդեն կարտոֆիլներն ամբողջովին կճեպ դարձան կնոջս դանակի տակ, տղաս Մոսկվայի տակ հասավ, իսկ աղջկաս հարսնևորներն արդեն սկսեցին ժամանել։

Այսպես կոտորվեցինք հարստանալով։

Հաջորդ օրը, երբ, ըստ մեր որոշման, Ցեկա տարա պատրաստի ֆելիետոնն ու կոմեդիայի հայտը, կարդալով ֆելիետոնս՝ սովխոզի մի խժռող դիրեկտորի մասին գրված, Արվեստի վարչության պետ ընկեր Մամիկոնյանն ասաց.

-Ահա՜քեզ իսկական սովետական ֆելիետոն։ Հիանալի է և այնքան սյուժետային, որ մի փոքր փոփոխությամբ կարելի է կոմեդիայի վերածել։

Հավանելով երկուսն էլ, ֆելիետոնը «Սովետական Հայաստանի» խմբագրություն ուղարկեց, իսկ կոմեդիայի հայտը՝ Թատերական վարչություն՝ ընթացք տալու։

Երբ այդ երկու հիմնարկները գնացի և հոտոտեցի նրանց վերաբերմունքը, դուրս գալիս անմիջապես հեռախոսի մոտ գնացի և հրահանգեցի կնոջս՝ կարտոֆիլն առայժմս մի փոքր նոսր կճպել, որդուս Մոսկվա չմտնել, աղջկաս՝ հրավիրյալներին անորոշ ժամանակով մուտքի մոտ սպասեցնել։ Ասացի, որ ես «Սովետական Հայաստանի» խմբագրությունից և Թատերական վարչությունից լավ բան չեմ սպասում, վախենում են ինձ մոտ գալ։

Եվ իրոք, ինն ամիս, ինն օր գնացի եկա, բայց այդ հիմնարկները որևէ պատասխան չծնեցին ինձ տալու համար։ Եվ ես ճանապարհին ամեն անգամ երազում էի մի քերականություն, որ ներկա և ապառնի ժամանակները միաձուլված լինեին իրար և ինչ որ ասվելու էր «վաղը» կարելի լիներ ասել և «այսօր»...

Իմ ամենօրյա մարշրուտն[7] էր՝ հանդիպել Ցեկա, հավաստիանալու համար, որ «վերջս լավ է լինելու», հետո «Սովետական Հայաստանի» խմբագրություն, լսելու՝ «վաղն անպայման կտպվի» խոստումը, ապա՝ Թատերական վարչություն՝ հին «վաղը» նորով փոխանակելու և վերջապես Գրողների վարչություն, իմանալու, որ ներկայացրածս պիեսը «դեռ չեն կարդացել, վաղը կկարդան»։

Եթե մյուս բոլոր վարչություններն այսպես անգործ են, այդ ոչինչ, ես ներում եմ, բայց Թատերական վարչության անգործությունը ես ներել չեմ կարող, որովհետև իրեն ներկայացված պիեսներից անվերջ գործողություն է պահանջում, իսկ ինքն անգործ նստում։

Լավ էր, որ կինս իր կճպած կարտոֆիլի թանձր կեղևները դեռ չէր թափել։ Լվացինք և ամբողջովին կերանք։ Տղաս առանց Մոսկվա մտնելու տուն վերադարձավ, իսկ աղջիկս ամուսնության հույսը կտրեց։

Այսպիսով ուրեմն, իմ օրացույցային օրը ես ստիպված էի չորս հավասար մասի բաժանել՝ մեկը Ցեկայի, մյուսը խմբագրության, երրորդը Թատերական վարչության, չորրորդը Գրողների միության համար։

Այլ խոսքով՝ մի օրում ապրում էի չորս սուտկա[8]։

Մյուս կողմից, հասարակությունը իմանալով իմ գրական իրավունքների վերականգնման մասին, գրվածներս կարդալու բուռն տենդով բռնված, տանը, փողոցում, տրամվայում, ավտոբուսում հանդիպելիս՝ անվերջ հարցնում էր ինձ.

-Ե՞րբ, ասա՛ վերջապես, ե՞րբ պիտի կարդանք քեզ։

Իսկ ես, չորս հիմնարկների տված պատասխանները թարգմանելով բառացի ասում էի.

-Վա՛ղը, վա՛ղը, վա՛ղը, վա՛ղը։

Անցան օրեր։ Մի օր էլ աղջիկս համբերությունից դուրս գալով մտնում է թերթի խմբագրություն ու հարցնում.

-Ինչո՞ւ չեք տպում պապայիս ֆելիետոնները։

Խմբագիր Դալլաքյանը պատասխանում է.

-Լեռ Կամսարն ամբողջ 15 տարի հեռացված էր գրական ասպարեզից։ Նրա կրկին երևան գալը գիտե՞ք ինչ աղմուկ կարող է բարձրացնել մասսայի մեջ։

-Իսկ եթե վախենում էիք տպել, ինչո՞ւ հեռագրով Երևան կանչեցիք ու ամբողջ ամիսներ անգործ թողած՝ տանում բերում եք։

Հետո տուն գալով.

-Պապա՛,-ասաց,- վախենում են քեզ տպել, վերևից գրավոր հրամանի են սպասում, հետագայում պատասխանատվության չկանչվելու համար։

-Գիտե՜մ, աղջի՛կս։ Այդ ես գիտեմ։ Եթե թերթի տիրաժը[9] չի հետաքրքրում նրանց, ի՞նչ արժե ռիսկի ենթարկել խմբագրական փափուկ աթոռը։

Մի անգամ էլ, երբ մտա խմբագրատուն, տեղակալն էր այնտեղ նստած, նա թե՝

-Լավ կլիներ, որ առաջ հանդես գայիք «Գրական թերթում»՝ նոր մեզ մոտ։

Վերցրի ֆելիետոնս «Գրական թերթին» տարա։ Խմբագիր Մամիկոնյանը կարդաց, սաստիկ հավանեց և ասաց.

-Երբեք չէի սպասում, որ Դուք այսքան տարվա ընդհատումից հետո, դեռ կարող եք այսքան սուր ֆելիետոն գրել։ Անգամ, ավելի սուր, քան առաջ։ Եթե Դուք այս հոդվածը առաջ մեզ բերած լինեիք, անպայման կտպագրեինք մեր թերթում, բայց քանի որ առաջ «Սովետական Հայաստանին» եք ներկայացրել, մեզ անհարմար է այն տպագրել։

Հասկացա այլևս, որ ես մի շատ վտանգավոր ռումբ եմ, գցված խմբագրությունների արանքում, և ոչ մի խմբագիր չի համաձայնվում ինձ ներս առնել։

Ու ես դրսում կանգնած, մենախոսում եմ Համլետի «լինել, թե չլինելը»։ Բայց Համլետն ինձանից բախտավոր էր նրանով, որ լինելն էլ, չլինելն էլ իրենից էր կախված, իսկ իմ չլինելս է միայն ինձանից կախված, իսկ լինելս՝ Ցեկայից, «Սովետական Հայաստանից», Թատերական վարչությունից և Գրողների միությունից, որոնք շարունակում են դեռ «վաղը» պատասխանել։

Ափսո՜ս, սակայն, որ այդ չորս հիմնարկներն իմ դեպի կյանք տանող ճանապարհին են նստած։ Եթե մահվանս ճանապարհին նստած լինեին և իմ մահը միշտ այսպես վաղվան հետաձգեին, ես հավիտյանս չէի մեռնի, որովհետև նրանց «վաղերը» հավերժական են...

Հիմա, ես, իհարկե, հույսս կտրել եմ չորս հիմնարկներից, բայց էլի շարունակում եմ հաճախել իներցիայով։ Ճիշտ է, երբ ուշքս վրաս է լինում, գիտակցում եմ նրանց անհուսալիությունը՝ չեմ գնում։ Բայց այդ միշտ չէ, որ հաջողվում է ինձ։Երբեմն դուրս գալով տանից մտազբաղ, սոխի կամ սխտորի գնալիս, հանկարծ աչքս բաց եմ անում այդ չորս հիմնարկներից մեկն ու մեկի դռանը և “ատբոյ[10]“ եմ տալիս ինքս ինձ։

* * *

Ընկե՛ր Մալենկով, երբ կարդաք իմ տխուր կյանքի այս ուրախ պատմությունը, գրված լուսանկարչական ճշտությամբ, հույս ունեմ օգնության ձեռք կմեկնեք ինձ, դուրս գալու իմ այս անել դրությունից։ Այդ հույսն ինձ ներշնչում է 19-րդ համագումարում Ձեր արտասանած ճառը երգիծանքի նշանակության մասին։

Ես գտնվում եմ ամենահասուն տարիքում և ունեմ գրելու եռանդ։ Տվեք ինձ հնարավորություն, իմ ունեցած ուժն ու կարողությունը հայրենիքիս ի սպաս դնելու, ինչպես դրել եմ ամբողջ 15 տարի։

Երգիծանքը թանկագին ժանր է գրականության մեջ և երգիծաբանները բոլոր դարաշրջաններում էլ մատների վրա են համրվել։ Որովհետև սուր ծաղրը խորթ գաղափարախոսությունների աշխարհում ավելի կործանիչ է, քան ատոմային ռումբը ֆիզիկական աշխարհում։

Թույլ մի տվեք, որ Հայաստանի գրական ղեկավարությունն այսպես շռայլությամբ վերաբերվի դեպի իր միակ երգածաբանը։

Եվ վերջ։

Մնամ խորին հարգանքներով՝

Լեռ Կամսար

15.04.1953թ. Երևան

 


[1] Հենց, ճիշտ ու ճիշտ (ռուս.)։

[2] Երևի, թերևս (թուրք.)։

[3] Հեղույս և պտուտակ (ռուս.)։

[4] Վերակարգիչ (ռուս.)։

[5] Կենտկոմ (ռուս.)։ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե։

[6] Պարետ (ռուս.)։

[7] Երթուղի (ռուս.)։

[8] Օր ու գիշեր (ռուս.)։

[9] Տպաքանակ (ռուս.)։

[10] Նահանջի ազդանշան (ռազմ., ռուս.)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter