HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Սահմանամերձ Ջուջևանի դպրոցն ունի 5 առաջին դասարանցի

Այսօր` սեպտեմբերի 2-ին Աննան, Անուշը, Անանը, Գուրգենն ու Թաթուլն առաջին անգամ են դպրոց գնում: 6-ամյա հինգ երեխաները համադասարանցիներ են. Տավուշի մարզի սահմանամերձ Ջուջևան գյուղի միջնակարգ դպրոցի դասազանգը նրանց համար հնչեց առաջին անգամ: Գուրգենի մայրը` Լուսինեն, ծնողներից «ամենաանփորձն» է, և որպես աշակերտի ծնող նա նույնպես առաջին անգամ է գալիս դպրոց: Խոստովանում է, որ հուզվում է, բայց և մեծ ակնկալիքների ունի տղայից: Նրա խոսքերով` Գուրգենն ընդունակ է, շատ ակտիվ, բայց և «մի քիչ չար է»:

«Այլևս այդպես չասեք, չար երեխա չկա», - ընդհատում է նրան դասվարը` Անահիտ Բաբաջանյանը:

Վերջինս նույնպես առաջին անգամ է հանդիպում իր նորաստեղծ դասարնին, ուրախ է նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով, արդեն հնչել են շնորհավորանքներն ու բաժանվել դասագրքերը: Սակայն նրան տխրեցնում է դասարանի փոքր թվաքանակը: Չնայած նման դեպքում կիրառվում են տարբեր մեթոդներ, ավելի քան 40 տարվա մանկավարժն ունի փորձ` աշխատելու նման փոքրաքանակ լսարանի հետ, բայց դժվարությունները շատ են: Այս դեպքում դժվար է նաև երեխաների համար, որոնց միջև պետք է լինի առողջ մրցակցություն, թիմային աշխատանք, այնինչ նրանց համար նախատեսված բազմաթիվ խաղեր ու առաջադրանքներ դժվար է ամբողջական ձևով  կազմակերպել: Դասերը նմանվում են անհատական պարապունքների:

Մինչ դասվարը ծնողներին ցուցումներ է տալիս` կապված իրենց նորաթուխ դպրոցականների հետ, երեխաները սկսում են իրար հետ խոսել, քննարկել, տղաներն իրենց բնույթից ելնելով անգամ փոքր-ինչ աղմկում են: Չնայած դեռ դաս չեն արել, բայց երեխաներն արդեն հոգնել և ուզում են տուն գնալ: Լուսինեն պատմում է, որ դպրոց գալուց առաջ` դեռևս տանը Գուրգենը մեքենաներով խաղում էր, և նա ստիպված էր անընդհատ հիշեցնել, որ իրենք պետք է դպրոց գնան:

Ընկեր Անահիտը ոգևորված է իր նոր աշակերտներով, մեծ հույսեր է կապել նրանց հետ, բայց նաև մեծ ցանկություն ունի, որ հաջորդ տարիներին երեխանրի թիվն ավելին լինի, փոքր գյուղում արտագաղթ չլինի, իսկ գնացածներն էլ շուտ հետ գան: Չնայած եղել է, որ նա ունեցել է նաև երեքհոգանոց դասարան, բայց եղել է և 12, 15 աշակերտներով դասարան: 1980-ականների վերջում, 1990-ականներին ևս բավարար թվով աշակերտներ եղել են, սակայն աստիճանաբար թիվը սկսել է նվազել: Ա. Բաբաջանյանի խոսքերով` պետությունը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի սահմանամերձ գյուղերին, քանի որ դժավարությունները շատ են, իսկ մարդիկ լքում են իրենց բնակավայրերը:

Դպրոցի տնօրեն Վալերիկ Վարդանյանը ևս խոստովանում է, որ աշակերտների թիվը նվազում է, ինչը կապված է գյուղացիների սոցիալ-տնտեսական վատ պայմանների հետ, որը հանգեցնում է արտագաղաթի: Այս տարի դպրոցն ունի 8 շրջանավարտ, ընդհանուր` 72 աշակերտ: Նախորդ տարի եղել է 75 աշակերտ, դրանից առաջ` 86:

Սակայն ի տարբերություն աշակերտների թվաքանակի` Ջուջևանի դպրոցը կադրերի պակաս չունի: Տնօրենի խոսքերով` անգամ հաճախ են ասում, որ հաստիքները ուռճացված են, նույն առարկան կարող են դասավանդել ավելի քիչ թվով ուսուցիչներ` այդպիսով ունենալով ավելի շատ դասաժամեր: Սակայն, տնօրենի խոսքերով, քանի դեռ նա է տնօրենը, չի ցանկանա, որ որևէ մեկը զրկվի աշխատանքից, քանի որ բոլորի համար թեկուզ նման պայամաններում նախընտրելի է աշխատանք ունենալը: Վ. Վարդանյանը խոստովանում է, որ չգիտի, թե ինչ պետք է լինի, որպեսզի արտագաղթը կանխվի, բայց և հույս ունի, որ այս ամենը ժամանակավոր է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter