Մեղադրողը վերապատրաստման դասընթացի է, նրան փոխարինում է միանգամից 2 դատախազ
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց եւ կարճ ժամանակ անց հետաձգվեց Արամ Մուղալյանի եւ նրա ընկերներ Ռոբերտ Փիլոյանի, Գագիկ Առաքելյանի եւ Արթուր Քլյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Պատճառն այն էր, որ մեղադրող դատախազ Անդրանիկ Դոլինյանը, ըստ Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանի լիազորագրի, այսօրվանից մասնակցում է վերապատրաստման դասընթացների, եւ նրա փոխարեն դատարանում մեղադրանքը պաշտպանելու են դատախազներ Անդրանիկ Սահակյանն ու Արսեն Աղաբեկյանը: Քանի որ մեղադրողները նոր են մասնակցում գործի քննությանը, նյութերին ծանոթանալու համար 10 օր ժամանակ խնդրեցին:
Երբ նիստը հետաձգելու միջնորդությունն արվեց, ամբաստանյալներից մեկի մայրը` Մարինա Հակոբյանը, դահլիճից սկսեց աղմկել եւ իր դժգոհությունը հայտնել: Դատական նիստը խանգարելու համար դատավոր Վահե Խալաթյանը նախազգուշացրեց Մ. Հակոբյանին` զգուշացնելով, որ կրկնվելու դեպքում այլ սանկցիաներ կկիրառվեն:
Արամ Մուղալյանի, Ռոբերտ Փիլոյանի, Գագիկ Առաքելյանի եւ Արթուր Քլյանի պաշտպանները նույնպես դժգոհ էին մեղադրողների միջնորդությունից: Թեեւ նշեցին, որ նյութերին ծանոթանալը մեղադրողների իրավունքն է եւ չեն առարկում, սակայն 10 օրը շատ համարեցին:
Այսօրվա նիստին ոչ տուժող Սիաբանդ Խուդոյանն էր ներկայացել, ոչ էլ՝ 4 վկաները: Վերջիններիս դատական նիստի մասին ծանուցելու համար նամակներ էին ուղարկվել, սակայն նամակները հետ են եկել` «տեղափոխվել է» գրությամբ:
Հիշեցնենք, որ տղաներից առաջին երեքը մեղադրվում են գույքի ոչնչացմամբ խուլիգանություն կատարելու եւ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ կատարելու հատկանիշներով, իսկ Արթուր Քլյանը` միայն խուլիգանության համար:
![]() |
| Անդրանիկ Սահակյանն ու Արսեն Աղաբեկյանը |
Ըստ մեղադրանքի` իրենց անզուսպ եսամոլությամբ ներքին բավականություն ստանալու, զվարճանալու, ուրիշի գույքը ոչնչացնելով եւ վնասելով զուգորդված հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու եւ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու իրենց դիտավորությունը, Արամ Մուղալյանն իր ընկերների հետ այս տարվա հունվարի 6-ից մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում 4 անգամ իրենց առավելություններն ընդգծելու, հասարակության շրջանում վախ, խուճապ առաջացնելու եւ դրանով հասարակությանը հակադրվելու, զվարճանալու հանդուգն ցանկությամբ, Սիաբանդ Խուդոյանին պատկանող տանը հարակից տարածքում դյուրավառ նյութի միջոցով մեկ հրկիզել են տարածքում գտնվող ոչ պիտանի հարդը, մեկ Ս. Խուդոյանին պատկանող 1.440.000 ՀՀ դրամ արժողության 1200 հակ պարունակող խոտի դեզի 1-ին շարքում դրված հակերից մեկը եւ ծխահարման արդյունքում վնասել 30 հակ խոտ` պատճառելով 36.000 ՀՀ դրամի նյութական վնաս։ Կրակի արդյունքում խանձվել են նաեւ դեզի մոտ կապված շան մազերը:
Մեկ անգամ էլ «կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ խոտի դեզը իր նախկին տեղում չի եղել եւ իրենց հետ վերցրած բենզինը լցրել են խոտի դեզի նախկին տեղում եւ հրկիզել են»։
Օգոստոսի 26-ի դատական նիստի ժամանակ տուժող Սիաբանդ Խուդոյանն ասաց, որ ինքը որեւէ բողոք չունի, իսկ նիստը լուսաբանող լրագրողներին խնդրում էր օգնել, որպեսզի տղաները ազատության մեջ լինեն: Իսկ պաշտպանները նախաքննական մարմնի կողմից թույլ տրված մի շարք կեղծիքներ էին հայտնաբերել:
Փաստաբաններից Մկրտիչ Դավթյանն այսօր դատարանում ասաց, որ նախորդ դատական նիստին 4 պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել, եւ մեղադրող Ա. Դոլինյանը ժամանակ էր խնդրել միջնորդությանը ծանոթանալու համար, այն դեպքում, երբ գիտեր դասընթացին մասնակցելու մասին: Փաստաբանը համեմատության համար նշեց, որ քրեական գործի ամբողջ նյութերին ծանոթանալու համար իրենց տրվել է ընդամենը 4-օրյա ժամկետ եւ այդ ընթացքում ծանոթանալուց բացի հասցրել են նաեւ միջնորդություններ ներկայացնել, ուստի խնդրեց մեղադրողներին տրամադրել ոչ ավել, քան 4-5 օր:
Անդրանիկ Սահակյանն ու Արսեն Աղաբեկյանը նշեցին, որ իրենք մինչեւ ամսի 10-ը շատ զբաղված են եւ տարբեր դատարաններում մի շարք գործեր ունեն: Դատարանը բավարարեց մեղադրողների միջնորդությունը եւ դատական նիստի օր նշանակեց սեպտեմբերի 9-ը, սակայն որոշում կայացնելուց հետո դատախազներից մեկն ասաց, որ այդ օրը 2-3 գործ ունի: Դատավորը ստիպված փոխեց նիստի օրը:
Պաշտպաններին դուր չեկավ, որ հաջորդ նիստն ավելի ուշ է նշանակվում: Նրանք նշեցին, որ նախկին մեղադրող Ա. Դոլինյանը գիտեր, որ գնալու է դասընթացների, հետեւաբար կարող էր գործը տալ նոր մեղադրողներին, որպեսզի ծանոթանան, ինչի արդյունքում էլ այսօր դատական նիստը անհարկի չէր հետաձգվի: «Առանց այդ էլ մեր պաշտպանյալները ապրիլ ամսից կալանքի տակ են»,- ավելացրեց փաստաբան Մ. Դավթյանը:
Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 11-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել