HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հացադուլ՝ ընդդեմ դատախազության գործողությունների

Երեկվանից անժամկետ հացադուլ է հայտարարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արամ Մուղալյանը: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Արամի փաստաբան Վահե Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ Արամ Մուղալյանը եւ նրա ընկերներ Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը եւ Արթուր Քլյանը մեղադրվում են գույքի ոչնչացմամբ խուլիգանություն կատարելու եւ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ կատարելու հատկանիշներով (ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մաս, 34-185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր), իսկ Արթուր Քլյանը` մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանության (258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) հատկանիշներով։

Վահե Գաբրիելյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Արամ Մուղալյանի հացադուլի պատճառը դատախազության գործելաոճն է: Վերջինս անհարկի ձգձգում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննությունը:

Ըստ փաստաբանի՝ Արամ Մուղալյանը կարծում է, որ ինքը ապօրինի է գտնվում կալանքի տակ եւ ցանկանում է դատարանին միջնորդություն ներկայացնել խափանման միջոցը փոխելու խնդրով, սակայն հնարավորություն չի ունենում: Արմավիրի մարզի դախատազությունը արդեն 3 անգամ միջնորդություն է ներկայացնում եւ նիստը հետաձգվում է, ինչը Արամին զրկում է դատական պաշտպանությունից:

Նշենք, որ երեկվա նիստը նույնպես հետաձգվել է դատախազության միջնորդության պատճառով: Մեղադրող դատախազ Անդրանիկ Դոլինյանը, ըստ Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանի լիազորագրի, երեկվանից մասնակցում է վերապատրաստման դասընթացների, եւ նրա փոխարեն դատարանում մեղադրանքը պաշտպանելու են դատախազներ Անդրանիկ Սահակյանն ու Արսեն Աղաբեկյանը: Քանի որ մեղադրողները նոր էին մասնակցում գործի քննությանը, նյութերին ծանոթանալու համար 10 օր ժամանակ խնդրեցին, դատարանն էլ նրանց միջնորդությունը բավարարեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter