HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրում ատեստատ վաճառելու բիզնեսը բարգավաճում է

Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում ատեստատ վաճառելը կարծես սովորույթ է դարձել: Դպրոցի տնօրենները կլորիկ գումարի դիմաց ավարտական փաստաթուղթը վաճառում են բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն Նույնիսկ «գնորդների» տարածքային աշխարհագրությունն են ընդլայնել` ներառելով հեռավոր մարզերը: Առայժմ 2 տնօրենի դեմ է քրեական գործ հարուցվել, սակայն, ըստ մարզում շրջանառվող լուրերի, ատեստատով գումար աշխատող տնօրենները մի քանիսն են, որոնք դեռ ազատության մեջ են:

2011 թ. հուլիսի 11-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում դատավոր Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ քննվեց ատեստատ վաճառած հերթական դպրոցի տնօրեններից մեկի դեմ հարուցված քրեական գործը:

Վանաձոր քաղաքի բնակիչ Էդվարդ Միրզախանյանը, ով անհատ ձեռներեց է  այդ քաղաքում, 2010թ. մայիսին ԱՄՆ մեկնելու համար շահել է «Green C`rd»: Նա, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն ներկայացրած փաստաթղթային փաթեթում չունենալով միջնակարգ կրթության մասին ատեստատ, իր ազգական ոմն Էդիկի միջոցով ծանոթացել է Էջմիածին քաղաքի բնակիչ, Հովհաննես Սեթաղյանի հետ եւ վերջինիս խնդրել է օգնել ատեստատ ձեռք բերելու հարցում:

Համաձայնության գալուց հետո Հ. Սեթաղյանի առաջարկով Էդվարդ Միրզախանյանը 2010 թ. հուլիսին խոշոր չափերի հասնող` 370.000 դրամ կաշառք է տվել նրան ու տրամադրել իր տվյալները:

Հ. Սեթաղյանը, Էջմիածին քաղաքում հանդիպելով իր ծանոթ, «Վաղարշապատի թիվ 9 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարուժան Հայրապետյանին, խնդրել է Էդվարդ Միրզախանյանի տվյալներով միջնակարգ կրթության մասին ատեստատ տրամադրել:

Ըստ առաջադրված մեղադրանքի` «Հայրապետյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական նպատակով Էջմիածին քաղաքի բնակիչ, ամբաստանյալ Հովհաննես Սեթաղյանի խնդրանքով Վանաձոր քաղաքի բնակիչ Էդվարդ Միրզախանյանի անվամբ ակնհայտ կեղծ գրառումներ եւ տեղեկություններ մտցնելով, Վաղարշապատի թիվ 9 միջնակարգ դպրոցի կնիքով եւ տնօրենի ստորագրությամբ կազմել է կեղծ փաստաթուղթ: Ամբաստանյալ Վարուժան Հայրապետյանը այն հանձնել է ամբաստանյալ Հ. Սեթաղյանին, որի դիմաց կաշառք ստանալու պատրվակով նրանից հափշտակել է 185.000 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար…»:

Է.Միրզախանյանը կեղծ ատեստատը ձեռքին դիմել է ԱՄՆ-ի դեսպանատուն: 2011 թ. փետրվարի 15-ին դեսպանատան աշխատակիցները կասկածել են ատեստատի իսկությանը եւ լրացուցիչ տեղեկանք են պահանջել: Միրզախանյանն ատեստատի կեղծ լինելու փաստը թաքցնելու նպատակով կրկին դիմել է Հ. Սեթաղյանին, ով իր հերթին ատեստատի իսկությունը հավաստելու վերաբերյալ կեղծ տեղեկանք ձեռք բերելու համար դիմել է դպրոցի տնօրեն Վարուժան Հայրապետյանին եւ նրանից ստացել Վաղարշապատի թիվ 9 միջնակարգ դպրոցի կնիքով կնքված եւ տնօրենի ստորագրությամբ հաստատված կեղծ տեղեկանք` վերոհիշյալ ատեստատն օրենքով սահմանված կարգով Էդվարդ Միրզախանյանին տրված լինելու մասին:

Եռյակի նկատմամբ այս տարվա մարտի 22-ին հարուցվել է քրեական գործ` որպես խափանման միջոց կիրառելով բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: 

Էդվարդ Միրզախանյանը մեղադրվել է Քրեական օրենսգրքի 312 հոդվածի 2-րդ և 325 հոդվածի 2-րդ մասերով, (Կաշառք տալը, որը կատարվել է խոշոր չափերով եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր... կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), Հովհաննես Սեթաղյանը` Քր. օր-ի 38 հոդվածի 5-րդ և 312 հոդվածի 2-րդ մասով ու 325 հոդվածի 2-րդ մասով (օժանդակել է կաշառք տալուն, որը կատարվել է խոշոր չափերով եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր... կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը նույնն է), իսկ  դպրոցի տնօրեն Վարուժան Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 314 հոդվածի 1-ին մասով (խարդախություն եւ պաշտոնեական կեղծիքը ):

Ամբաստանյալները դատարանում իրենց լիովին մեղավոր ճանաչեցին եւ հայտնեցին, որ զղջում են կատարած հանցանքների համար, խնդրում են գործը լսել արագացված ընթացակարգով եւ իրենց նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժներ:

Դատավոր Հրաչիկ Սարգսյանը բավարարեց միջնորդությունը եւ վճռեց, որ նրանց նկատմամբ պետք է նշանակել հոդվածների սանկցիաներով նախատեսված հնարավորինս մեղմ պատիժներ եւ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի 26.05.2011 թ. որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ նրանց ազատել պատժից եւ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացնել:

Հուլիսի 12-ին նույն դատարանում, դարձյալ դատավոր Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ, արագացված կարգով քննվեց մեկ այլ դպրոցի տնօրենի դեմ հարուցված քրեական գործ: Այս անգամ դարձյալ ատեստատի «բիզնես» անելու համար ամբաստանյալի աթոռին հայտնվել էր Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի միջնակարգ դպրոցի 22 տարվա տնօրեն Մխիթար Դանիելյանը:

Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Արմավիրի «Արգավանդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, Արգավանդ գյուղի բնակիչ Ռոման Ներսիսյանի վստահությունը չարաշահելով, նրան միջնակարգ ընդհանուր կրթության ատեստատ տրամադրելու համար կաշառք ստանալու պատրվակով վերջինից 2011 թ. փետրվարի 21-ին իր աշխատասենյակում ստացել է 400 ԱՄՆ դոլար գումար:

Ռոման Ներսիսյանը 2001 թ. ավարտել է Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը եւ ստացել 8-ամյա կրթության վկայական: Հետագայում աշխատանքի անցնելու համար դիմել է տարբեր կազմակերպություններ, որտեղ նրանից պահանջել են միջնակարգ ընդհանուր կրթության ատեստատ: 2010 թ. նոյեմբերին Ռ. Ներսիսյանը օրինական կարգով դասընթացներ անցնելու եւ միջնակարգ ընդհանուր կրթության ատեստատ ստանալու հարցով դիմել է Մխիթար Դանիելյանին, որն էլ խոստացել է 3 օրվա ընթացքում նրան տրամադրել միջնակարգ ընդհանուր կրթության ատեստատ` պահանջելով 400 ԱՄՆ դոլար:

2011 թ. փետրվարի 15-ին եւ 17-ին Մխիթար Դանիելյանը եւ Ռոման Ներսիսյանը կրկին հանդիպել են դպրոցում եւ բանակցություններ վարել գումարի չափի և ատեստատը տրամադրելու ժամկետների վերաբերյալ: Այնուհետև 2011 թ. փետրվարի 21-ին Մխիթար Դանիելյանը կրկին դպրոցի տարածքում հանդիպել է Ռոման Ներսիսյանին եւ ատեստատ տալու համար կաշառք ստանալու պատրվակով նրանից ստացել է նախապես պայմանավորված 400 դոլարը:

Նախաքննության ընթացքում ապացուցվել է, իսկ դատարանում Մխիթար Դանիլյանն ընդունեց, որ կատարել է Քր.օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված արարք:

Այս գործով մեղադրանքը պաշտպանում էր ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Արմեն Բոշնաղյանը: Քանի որ ամբաստանյալը միջնորդել էր արագացված դատաքննություն իրականացնել, ուստի դատարանում ապացույցներ չներկայացվեցին` հիմք ընդունելով նախաքննության ընթացքում ձեռք բերվածը:

Դատախազը սկսեց հերթով թվարկել Մ. Դանիելյանի արարքը «մեղմացնող հանգամանքները»:

Նա դատարանից պահանջեց հոդվածով նախատեսված նվազագույն պատիժ` 3 տարի, միեւնույն ժամանակ հիշեցնելով, որ նա վրա տարածվում է համաներումը: Ստացվում էր, որ մեղադրողն ինքն է որոշում այս գործով համաներում կիրառե՞լ, թե՞ ոչ` առանց հաշվի առնելու դատապարտվողի կարծիքը:

Վիճակը շտկեց դատավորը` ամբաստանյալից հարցնելով, արդյոք նա ցանկանո՞ւմ է, որ համաներում կիրառվի իր նկատմամբ: «Բա ո՞նց չեմ ուզում, ուզում եմ»,- ասաց Մխիթար Դանիլյանը:

Դրանից հետո դատավոր Հրաչ Սարգսյանի կայացրած դատավճռում բառացի տեղ էին գտել մեղադրողի բոլոր «ցանկությունները»: Մխիթար Դանիլյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման եւ համաներմամբ ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Նշենք, որ Վարուժան Հայրապետյանն ինքն է դիմում գրել եւ աշխատանքից ազատվել, իսկ Մխիթար Դանիելյանին` հենց դպրոցում կալանավորելուց հետո, աշխատանքից հեռացրել է Արմավիրի մարզպետը:

Մեկնաբանություններ (3)

rita
Varujani nman tnoren voch miajn marzum ayl amboxch hanrapetutynum ches gtni storytyn er nman xelaci mardy het nman kerp varvel rita gevorgyan kananc xorhrdi naxagah
Գրիշա
Հարգելի Դավիթ, շնորհակալություն արձագանքելու համար: Չեմ ցանկանում բառախաղի մեջ մտնել, սակայն իմ գրածը վերաբերում է ոչ թե հոդվածի նվազագույն պատժաչափին, այլ ընդհանրապես այդ արարքի համար նախատեսված պատժաչափին, որը նախատեսված է այդ հոդվածով: Տեղեկացնեմ, որ մեղադրողը նույնիսկ հաշվի չառավ արարքի հասարակական վտանգավորության աստիճանը եւ այդ մասին չնշեց, ընդհակառակը՝ հերթով թվարկեց մեղմացնող հանգամանքները: Իսկ դատավորը նշեց, որ հարգելով նրա տարիքը եւ այլ հանգամանքներ, մեղմ պատիժ է նշանակում: Այս ամենը համադրելով կարող ենք ասել, որ նվազագույն պատիժ է նշանակվել:
Դավիթ
Հոդվածագրին: Հարգելի Գրիշա Բալասանյան, Ձեր մշտական ընթերցողներին, որոնցից եմ նաև ես, ու հասարակությանը սխալ տեղեկատվություն չտրամադրելու և թյուրիմացության մեջ չգցելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է ծանոթանալ ՀՀ գործող Քրեական Դատավարության Օրենսգրքին, ինչպես նաև կարդալ 23.05.2011-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ: Ստորև մեջբերում եմ վերոնշյալ փոփոխություններից մեկը, որև առնչվում է հոդված է 178-ի 2-րդ մասին. Հոդված 17. Օրենսգրքի 178-րդ հոդվածում՝ 3) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուuից հինգ տարի ժամկետով: Վերոնշյալից ակնառու է, որ մեղադրողի պահանջած 3 տարի պատժաչափը բոլորովին էլ օրենքով նախատեսված նվազագույնը չէ ինչպես ներկայացված է Չեր հոդվածում: Ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ արագացված կարգով դատական քննություն անցկացնելու և դատավճիռ կայացնելու կարգը, ըստ որի , ակնհայտ է դառնում որ Ձեր հոդվածում ներկայացված երկրորդ դատավարության ժամանակ մեղադրող կողմի կողմից պահանջվել է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գրեթե առավելագույն պատժաչափ, որն էլ բավարարվել է դատարանի կողմից: Կարծում եմ պատշաճ կերպով ՀՀ գործող օրենսդրությանը ծանոթանալը և հասարակությանը մեղմ ասած ոչ ճիշտը տեղեկատվություն մատուցելուց զերծ մնալը Ձեր թերթին հեռու կպահի ոչ ցանկալի հետևանքներից, հնարաոր դատական քաշքշուկներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter