
Հ. Սահակյան. «Որոշ լրատվամիջոցներ, քաղաքական գործիչներ խառնվել են իրար, փորձում են չարախնդալ»
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, «Հետքի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, Մաքսային միությանը միանալու պատրաստակամության մասին, ասաց, որ Հայաստանը, լինելով Ռուսաստանի հետ մեկ անվտանգության համակարգում, չի կարող տնտեսական առումով անմասն մնալ, եւ սա ոչ նորություն է, ոչ էլ հայտնագործություն:
«Երեկ երեկոյան, երբ հայտնի դարձան երկու նախագահների մամուլի ասուլիսից որոշակի շեշտադրումներ, տեսանք, որ որոշ լրատվամիջոցներ, քաղաքական գործիչներ խառնվեցին իրար, փորձեցին չարախնդալ: Բայց այս դեպքում չարախնդալու առիթը չեն ունենալու ոչ թե նրա համար, որ բարիացել են, այլ եւս մեկ անգամ թույլ չենք տալու, որ չարախնդան»,- ասում է Հովհաննես Սահակյանը:
Պատգամավորը նշեց, որ Հայաստանը շարունակելու է համագործակցել Եվրամիության հետ եւ Մաքսային միությանը միանալը չի կարող խոչընդոտ հանդիսանալ այդ համագործակցությանը:
«Մենք բազմիցս ասել ենք, հիմա էլ ասում ենք, որ պատրաստ ենք խորացնելու մեր հարաբերությունները, գործունեությունը Եվրամիության հետ այն աստիճանի, որքանով Եվրամիությունն է պատրաստ: Գիտեք, կան տարբեր չափանիշներ եւ 28 պետությունները, որ դարձան Եվրամիության անդամ ինչպիսի ճանապարհ են անցել, ուստի կարծում եմ՝ այստեղ խնդիրը միայն մեր դաշտում չէ»,- ավելացրեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:
Անդրադառնալով Եվրամիության անդամ պետությունների ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե Ռուսաստանը ճնշում է գործադրել Հայաստանի վրա` Մաքսային միությանը միանալու հարցում, Հովհաննես Սահակյանն իր համար «խորթ տերմինալոգիա» համարեց:
«Այսօր մենք ունենք կայացած երկիր, պետություն եւ ամենակարեւորը ժողովրդավարական երկիր եւ ունենք հմուտ, փորձառու երկրի ղեկավար, ով մեր երկրի շահերն է պաշտպանում: Այս դեպքում ճնշումն անհնար է»,- նշեց Հ. Սահակյանը:
Տարածված այն կարծիքը, թե Հայաստանը, ընտրելով Ռուսաստանին, հեռանում է Եվրոպայից, պատգամավորը չի կիսում եւ խորհուրդ է տալիս սպասել հետագա գործընթացներին, քանի որ Հայաստանը չի դադարեցնում իր գործունեությունը Եվրամիության հետ` Ասոցացման համաձայնագրի, Արեւելյան գործընկերության շրջանակներում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել