HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միշտ կարևոր է, թե մեր կյանքի նպատակը որտեղ ենք դնում»

Փիթեր Ջեմը  (Peter Jam) լիբանանահայ երաժիշտ է, ով իր կիթառով շրջում է աշխարհի  տարբեր երկրներով՝ տարածելով ոչ միայն իր ստեղծած երգերն ու երաժշտությունը, այլև դրանց զուգակցելով նաև խաղաղության կոչերը: Փիթերը նաև ՄԱԿ-ի խաղաղության դեսպան է: Մեր զրույցը նրա հետ սկսեցինք  նրա երգի ուղերձից՝ «Եթե դու ուզում ես, ապա կստանաս» (“If you want, you will get”):

-Քո երգում նշում ես, որ եթե դու ցանկանում ես, ապա կստանաս: Սա ի՞նչ ուղերձ է: Այդքան դյուրի՞ն է ստանալ այն, ինչ մարդ ցանկանում է:

-Դյուրին կգա, դյուրին կգնա: Եթե մտածես, որ դժվար կգա, ուրեմն դժվար էլ ձեռք կբերես: Իհարկե, կարող ես արյուն, արցունք թափել, դժվարությամբ ձեռք բերել ինչ-որ բան, որը կարող է դժվարությամբ էլ չգնալ: Բայց նաև պետք է լինի հավատքը: Մարդ օդում կարող է ասել՝ օքեյ, ես հավատք ունեմ այսինչ կամ այնինչ բանի հանդեպ, բայց մնա նույն տեղում: Հավատքը պետք է պրակտիկ դարձնել: Ես ավելացնում եմ՝ պահպանիր հավատքդ և գործունյա կամքով եղիր: Խոսքը լավ է, երբ գործ կա, իսկ երբ խոսքը կա, բայց գործը չկա՝ սուտ է լինում: Եթե կամք ունենաս, ճանապարհ կարող ես գտնել նպատակիդ հասնելու համար:

Նյութապաշտության աշխարհում ժողովուրդն ամեն ինչ հիմնում է նյութի վրա, դրա համար սա գուցե մի քիչ դժվար հասկացվի կամ, թերևս, չեն հասկանա այն, ինչ պետք է ասեմ: Հիմա պետք է ասես, թե պարապ տեղն եմ անում դա, բայց ոչ. ժողովրդին պետք է շիտակ, պրակտիկ  ձևով խորհուրդ տամ:

2011 թ. գնացել էի  17 երկիր, որպեսզի այս երգի ուղերձը տարածեմ: Գիտեք՝ երբ ինչ-որ մեկը նայի իմ վիդեոները, գուցե մտածի, թե  «սրիկան» դրամի կարիք ունի (ծիծաղում է- Մ.Մ.), բայց ինձ մոտ միայն գաղափարն է: Ես Բուրջհամուտից եմ՝ հայկական գաղութի միջից,  և հարուստ ընտանիքից չեմ: Գուցե ոմանք մտածեն, թե ինձ դրամ են տվել  կամ ՄԱԿ-ից գումար եմ ստացել, բայց նման բան չկա, ամեն ինչի հնարավոր է հասնել, երբ գաղափար ունես:

-Այսօր մարդը, կարծես, միայնակ է զգում իրեն աշխարհում: Ինչո՞ւ են մարդիկ իրենց միայնակ զգում: Նույնիսկ վիրտուալ հաղորդակցության ժամանակ մարդ իրեն միայնակ զգում:

-Հարցին այսպես պատասխանեմ. «If you want love, you will get love»: Ժողովրդի մեծ մասն ուզում է սիրվել, ուզում է համակրանք ստանալ: Մենք մոռանում ենք, որ այդ ամենը գալիս է մեր միջից: Եթե ուզում ես, որ ինչ-որ մեկը համակրանք ունենա քո հանդեպ, դու պետք է սկսես: Դա սկսում է քեզնից, բայց այսօրվա աշխարհում ժողովուրդն ավելի եսասեր է: Պետք է լինի թենիսի պես՝ եթե  գնդակը չնետես, այն չի վերադառնա քեզ մոտ:

-Փիթեր, մարդիկ երբեմն դժգոհում են ժամանակի արագ անցնելուց, ավելին՝ նույնիսկ գիտականորեն փորձում ապացուցել, որ ժամանակն իրականում ավելի  շարագ է անցնում, քան նախկինում: Արդյո՞ք այսօրվա մարդու ողբերգությունը պայմանավորված է ժամանակով:

-Ես այդպիսի տողեր ունեմ իմ երգերից մեկում, որտեղ գրել եմ, որ ժամանակը կա՛մ   գործածում ենք, կա՛մ վատնում ենք, կա՛մ չենք գործածում: Ամուսնական զույգեր կան, որ չեն օգտագործում ժամանակն իրար ճանաչելու համար: Այդ դեպքում կարող են առաջանալ խնդիրներ: Սիրո աշխարհից բացի գոյություն ունի վախի աշխարհ: Մարդիկ ավելի ռեակցիաներով են պատասխանում, քան գործողություններով, այսինքն՝ դու ինչպես վարվեցիր իմ նկատմամբ, նույն պատասխանն էլ կլինի իմ կողմից: Բայց, կարծում եմ, մարդ պետք է ավելի շատ գործողություն անի, այլ ոչ թե մտածի ռեակցիաներով պատասխանելու մասին: Իմ նոր ալբոմի երգերից մեկում՝ «Նայիր ինքդ քեզ» (“Looking youself”), շատ եմ խոսում վախի մասին: Վախի ուժը մարդուն դարձնում է բոլորովին այլ մարդ, նա այլևս չի մնում այն մարդը, ում ճանաչում ես: Հոգեբանական շատ հիվանդություններ կան, որոնց պատճառը վախն է:

-Իսկ գուցե մարդիկ վախենո՞ւմ են իրենք իրենց ճանաչելուց կամ խուսափո՞ւմ են դրանից:

-Կարող է լինել: Եթե դու քեզ չես ճանաչում, դու չես ճանաչի նաև մյուսներին: Այդ դեպքում մարդիկ ինչպե՞ս կարող են քեզ ճանաչել: Նրանք կռահելով պետք է քեզ ճանաչեն, և հնարավոր է՝ սխալ ձևով ճանաչեն քեզ:  Մենք պետք է վստահ լինենք ինքներս մեզ վրա, որպեսզի դիմացիններն էլ սխալ գաղափար չկազմեն մեր մասին: Մենք պետք է աշխատենք մեր մեջ, թե ով ենք մենք, կերտենք մեր անձնավորությունը:

-Իսկ ի՞նչ է կյանքը քեզ համար:

-Ետ դառնամ իմ երգերից մեկի տողերին. կյանքի նպատակը ուրախ լինելն է, ուրախ լինելը երջանկություն է դառնում, եթե այն կիսում ենք ուրիշների հետ, իսկ կիսելը հոգատարությունն է, հոգատարությունն էլ բերում է իսկական սեր, որն ամենամաքուրն է: Քո երջանկությունը պետք է կախյալ չլինի ուրիշներից, դու երջանիկ պետք է լինես քո մեջ, ուրիշ բառով ասած՝ պետք է գոհ լինես ինքդ քեզնից: Իսկ երբ քո երջանկությունն սկսում ես կիսել ուրիշների հետ, դա ավելի մեծ երջանկություն է տալիս քեզ: Դա կարող է դրսևորվել բոլոր ոլորտներում՝ անձնական կյանքում, երաժշտության մեջ: Տարիներով մտածել եմ այս նյութի մասին, թե ինչ է կյանքի նպատակը, հետո սկսեցի մտնել մեծ փիլիսոփայությունների մեջ, և այդ ժամանակ հասկացա, որ ամեն ինչ ավելի պարզ է՝ կյանքի մեջ  պետք է ուրախ լինես, որ կյանքը շարունակվի, եթե տխուր լինես, կհիվանդանաս ու կմեռնես: Շատ-շատ պարզ է: Բեյրութում ավտո ունեմ, որն էժանանոց է, դեղին գույնի, և բոլորը գիտեն այդ ավտոն: Մի օր սկսեցի սրտեր գծել ավտոյի վրա, գրեցի՝ սեր և խաղաղություն, ու երբ Բեյրութում քշում եմ ավտոս, բոլորը նայում են ու նույնիսկ ամենադժվար երթևեկության  ժամանակ նայում և ժպտում են, հատկապես երբ  շներիցս մեկը նստած է լինում կողքիս: Հիմա կարող է խոսեմ բժշական տեսակետից, չնայած բժիշկ չեմ: Ժպտալը, ուրախ լինելն իմունային համակարգը լավացնում են, և մարդ հիվանդ չի լինում: Եսասիրությամբ պետք է չմոտենաս քեզ, ասես, որ եթե այս տունը կամ ավտոն ունենամ, ուրախ կլինեմ: Դրանք մատերիալիստական բաներ են, որոնք կրկին գալիս են մարդու «ես»-ից:

Կարևոր է, որ մարդ սիրի ինքն իրեն: Եսասիրությունն ու ինքդ քեզ սիրելը շատ տարբեր բաներ են: Եթե եսասեր ես, մատերիալիստական ձևով ես մտածում, ասում ես՝ ամեն ինչ պետք է լինի ինձ համար: Դա վատ է, բայց երբ դու գոհ լինես քո անձով, քո արածներով և քո մեջ սեր լցնես, կարող ես կիսվել ուրիշների հետ: Ես կիթառ եմ նվագում ու դրանից ուրախ եմ: Բուրջհամուտում ապրել եմ պատերազմի մեջ, հիվանդացել էի, բայց ուրախ եմ, որ հիվանդություն ունեցա, որովհետև հակառակ դեպքում այս անձը չէի լինի: Ինչ փորձառությունների միջով էլ անցնում եմ, ինքս ինձ հարց եմ տալիս, թե ինչ պետք է սովորեմ դրանից:

-Փիթեր, դու ՄԱԿ-ի խաղաղության դեսպան ես: Ի՞նչ է խաղաղությունը քեզ համար: Ո՞րն է խաղաղության ընկալումը քեզ համար:

-Եթե պետք է խոսենք խաղաղության մասին, ապա պետք է սկսենք մարդու ներսի խաղաղությունից: Նույն նյութն է: Խաղաղություն չի կարող լինել առանց սիրո և հույսի: Սրանք երեքը մեկ են, և կարող եմ բացատրել, թե ինչու: Մարդկային խաղաղությունը պետք է բերենք մեր մեջ, որպեսզի դիմացիններին տանք: Եթե խոսենք խաղաղությունը մարդու անձից դուրս, մարդկային փոխհարաբերությունների մեջ լինելու մասին, ապա պետք է ասեմ, որ խաղաղություն չկա առանց արդարության, արդարություն չկա առանց իրավունքների:  Երկու տեսակի խաղաղություն կա: Խաղաղություն կա, որ կեղծ է, երբ մեկը գալիս է և մյուսին պարտադրում իր խաղաղությունը: Դա նորից վախ է, և այդ կեղծ խաղաղությունը արագ կարող է քանդվել: Իսկ մյուս խաղաղությունը կայուն խաղաղությունն է:

Առաջին երգը, որ գրեցի պատերազմի դեմ, Իրաքի պատերազմն էր: Այդտեղից սկսեցի ավելի շատ սերտել այս նյութերի մասին: Միայն գրքով, դպրոցով կամ համալսարանով չես սովորի: Մենք սովորում ենք մեր փորձառություններով, մեր շրջապատի մարդկանց փորձառություններով, համաշխարհային մարդկանց փորձառություններով և պատմություններով: Նպատակ պետք է դնել, որ կյանքի մեջ պետք է սովորենք, որպեսզի ավելի լավ տեղ հասցնենք մեր հասարակությանը: Միշտ կարևոր է, թե մեր կյանքի նպատակը որտեղ ենք դնում: 

Լուս.՝ Փ. Ջեմի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter