HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լույս է տեսել Լեռ Կամսարի «Հալոցքը»

Գիրքը Լեռ Կամսարի «Կարմիր օրեր» օրագրության մի փոքր մասն է: «Հալոցք» վերնագիրը պայմանական է, որ ընթերցողը չշփոթի այդ շարքին պատկանող նախկինում հրատարակված «Կարմիր օրեր» («Նաիրի» հրատարակչություն,Երևան, 2000 թ.) և նորից պայմանական «Սոցիալիզմի Սահարա» (ՀԳՄ հրատարակչություն, Երևան, 2009 թ.) վերտառությամբ տպագրված հատորների հետ: «Հալոցքը» «Սոցիալիզմի Սահարայի» անմիջական շարունակությունն է և ամփոփում է անցած դարի խրուշչովյան հալոցքի մեկ տարին՝ 1960 թվականը:

Ժողովածուն վավերագրում է ոչ միայն Սովետական Միության, այլ նաև ամբողջ աշխարհի մեկ տարվա պատմությունը՝ երգիծաբան հրապարակախոսի ընկալումներով:  Լեռ Կամսարն օրագրությունը սկսել է 1925 թ., երբ մամուլն արդեն մանրազնին գրաքննում և ընտրողաբար էր հյուրընկալում հեղինակի ֆելիետոնները: Վերջինս, լինելով անաչառ հրապարակախոս, չէր կարող ճշմարտացի չարձագանքել իր և աշխարհի ապրած ամեն մեկ օրը՝ զանց առնելով տիրող գաղափարախոսության հրամայականն ու պարտադրանքը:

Հեղինակի օրագրության շարքը իր մեջ ներառել է մեր պատմության 40 տարիները՝ 1925-1965 թթ.: Չի կարողացել գրել միայն սիբիրյան երեքամյա տաժանքի ժամանակ՝ 1936-40 թթ. (գուցե գրել է, բայց չի պահպանվել): Օրապատումից մինչ այժմ հրատարակվել են միայն մինչև բռնադատումը գրած «Մահապուրծ օրագիրը» (1925-1935 թթ.),«Բանտիս օրագիրը» (1935-1936թթ.), բռնադատվելուց հետո ստեղծած «Կարմիր օրերը» (1953-1958 թթ.) և «Սոցիալիզմի Սահարան» (1959 թ.):

Օրագրության մեծ մասը դեռևս անտիպ է և սպասում է լույս աշխարհ գալուն: Լեռ Կամսարի օրագրությունն արժեքավոր է ոչ միայն գեղարվեստական այլև պատմաքաղաքական տեսակետից, քանի որ գրում է ամենատես, հասկացող, իրատես և խորը վերլուծող ականատեսը...

                                                                                   Վանուհի Թովմասյան 

Պատառիկներ ժողովածուից

1960 թ.

Ուրբաթ 12.- Եթե ձեր բոլոր անելիքները վերջացրել եք, նստեք մի հեքիաթ պատմեմ ձեզ։ Իրանի Թեհրան մայրաքաղաքում ապրելիս է լինում մի մարդ։ Այդ մարդու կինը մեռնում է։ Ամուսինը իր կնոջ լուսանկարն ուղարկում է Երևան իր մեկ բարեկամին, խնդրելով կնոջ արձանը կերտել տալ որևէ քանդակագործի, ուղարկել իրեն՝ նրա շիրիմին կանգնեցնելու համար։

Երևանի բարեկամը, ստանալով կնոջ նկարը և չիմանալով, որ դա մեր կարգերում անհնարին բան է, վեր է կենում գնում Հայաստանի կուլտուրայի մինիստրից իրավունք խնդրում այդ բանն անելու համար։ Մինիստրն ասում է՝ դա մեր իրավասությունից վեր է, Մոսկվա դիմեք։ Բարեկամը գրում է Մոսկվա, միութենական արվեստի մինիստրին։ Միութենական արվեստի մինիստրը վերցնում է դիմումը մակագրում և ուղարկում է Երևանի արվեստի մինիստրին։ Երևանի արվեստի մինիստրը կանչում է երևանցի բարեկամին և ասում.

- Արձանը պիտի կերտեք, տանեք Մոսկվա ներկայացնելու պետական գեղարվեստական ակադեմիային, եթե պարզվի, որ այդ գործը բարձր գեղարվեստական արժեք ունի և կարող է օգտագործվել որպես թանգարանային էքսպոնատ, չի թույլ տա, հարկավ, արտահանելու։ Դրանից հետո արձանը պիտի տանեք պաշտպանության մինիստրություն ստուգելու, թե մեջը որևէ պետական գաղտնիք չի՞ թաքցրած Իրանի կառավարությանը հաղորդելու համար։ Հետո, անկախ մեռնող կնոջ կերպարանքից, արձանը պիտի լինի սովետական կնոջ կերպար, մեր սոցիալիստական առօրյան պատկերող։ Նրա դեմքին պիտի լինի յոթնամյակը չորս տարում կատարելու վճռականություն։ Պետք է իմացվի մոտավորապես, թե հիշյալ ննջեցյալը որևէ մեկի հետ սոցիալիստական մրցության պայմանագիր ունի՞, թե՞ ոչ։ Կամ պրոֆմիության անդա՞մ է։

Լսելով այս անհաղթահարելի դժվարությունները՝ Երևանի բարեկամը վեր է կենում նույնությամբ գրում իր Թեհրանի բարեկամին, բայց նամակի վերջում մոռանում է զգուշացնել նրան, որ նամակը իր մեռած կնոջը ցույց չտա։ Որովհետև նրա կինն ինչքան էլ անվերադարձ մեռած լիներ, տեսնելով, որ իր արձանը մարդկանց այսպես անպատմելի դժվարությունների պիտի ենթարկեր, կելներ ու գերեզմանում... կնստեր։

*****

Ա՜խ։ Չգիտեք, թե մեռնելիս ես ինչքան չեմ ցանկանա որևէ մարդու որևէ նեղություն տալ։ Ես ուզում եմ մեռնել խիստ գաղտնի և կուզեկուզ գերեզման մտնել։ Մեռնելուց հետո էլ դեմ եմ, որ հողաթումբ կամ տապանաքար քաշվի վրաս։ Հարթել և վրան ցանք կատարել։ Եթե ամեն մեռնող չորս քառակուսի մետր գետին զբաղեցնի, էլ ողջ մնացածները ինչո՞վ ապրեն։ Թող թե մեզանում հողն ամբողջովին պետությանն է պատկանում և ինքը միայն իրավունք ունի լցնելու իր գլխին...

Հինգշաբթի 18.- Կար ժամանակ, երբ հայ ազգի ղեկավարները, մեծ պետությունների դռներն ընկած, անկախություն էին մուրում ու չէին ստանում։ Իսկ հիմա, որ ՄԱԿ-ը կտուրը բարձրացած բղավում է՝ հե՜յ, աշխարհի բոլոր մանր ազգեր, եկեք ձեզ անկախություն տամ, հայ ազգը չի երևում...

Ասիայի ու Աֆրիկայի մոտ երեսուն վայրենի ցեղեր եկան իրենց անկախությունն առան գնացին, իսկ հայությունը չկա ու չկա։ Ամեն անգամ, երբ ՄԱԿ-ը հայի անունը կարդում է, կողքի նստողները ասում են՝ «բացակա»: Այդ անտերի անկախությունն էլ այնպիսի բան չէ, որ տա մեկին, ասի՝ տար Հայաստանին տուր. ամեն ազգ իր ոտքով պիտի գա ստանալու։

Թեև դիվանագիտության մեջ պատահել են դեպքեր, երբ մի պետություն շատ փոքր լինելով, պատ բռնելով է քայլել, ու մի մեծ պետություն գրկած՝ ՄԱԿ է բերել իր անկախությունը ստանալու։ Այսպես արեց Ռուսաստանն Ալբանիային։

Խե՜ղճ հայ ազգ...

ՄԱԿ-ը երևի չի իմանում՝ այս հիսուն տարում ինչե՜ր անցան նրա գլխով։

Դա մի խուրջին էր, ձգված Բարդողյան լեռնաշղթայի ուսովը։ Մեկ թայը կախված էր Թուրքիա, մյուսը՝ Ռուսաստան։ 1915 թվին Թուրքիան խուրջինի իր մասը դատարկեց իսպառ, իսկ ռուսական մասի Հայաստանն էլ 1921 թվին ընկնելով բոլշևիկյան իշխանության տակ՝ իբրև ազգ պրոթեզ դարձավ։ Թխկացնում ես՝ հայ ազգի ձեն չի տալիս։

Ասա տեսնենք, սիրելի ՄԱԿ, մի փայտե ոտ ունեցող ազգ կարո՞ղ է ներկայանալ քո տված անկախությունը ստանալու։ Կամ ստանա՝ ի՞նչ անի, երբ սեփական տուն չունի։ Տաճկաստանում անկախություն պահանջելու համար կոտորվեց, հիմա էլ անկախություն պահանջի ու կոտորվի բոլշևիկների՞ց։

Կոտորվել թուրքերից փառք է, իսկ կոտորվել հայերի՞ց, դա սոսկալի է։ Ամբողջ ընտանիքով գաղթել Շահ Աբասի ձեռքով դեպի տաք Իսպահան՝ երանություն է, իսկ կին-երեխաներով աքսորվել Սիբիրի սառնամանիքը հայ բոլշևիկի ձեռքով՝ ահռելի է։ ՄԱԿ ջան, մեր անկախության վրա գրիր «ցպահանջ» ու պահիր. աշխարհ է, ո՜վ գիտի, գուցե մի օր կազատվենք բոլշևիկյան լծից։ Այն ժամանակ կգանք ու կստանանք մեծ շնորհակալությամբ։ Ցտեսություն։

*****

ՄԱԿ-ին ճամփու դնելուց հետո, եկեք ազգովին նստենք և մեր մեջ խոսենք։ Մեր ազգը ա՞զգ է, որ դրա համար անկախություն պահանջենք։ Ե՞րբ ենք մենք մի ազգ եղել։ Նախկինում բաժանված ենք եղել չորս նախարարության, ներկայումս՝ չորս կուսակցության։  Չորս չորս էլ՝ հավասար է ութի։ Անկախությունը որքա՞ն մեծ լինելու է, որ ամբողջ ութ պետության բավարարի։ «Պետություն» եմ ասում, որովհետև այս մասերը հաճախ պատերազմի են ելել իրար դեմ ու դիակներ փռել։

Վարդանանց պատերազմին Վասակ Սյունին պարսկական փղեր հանեց Հայաստանի դեմ, 1921 թվականին հայ բոլշևիկը ռուսական բանակ կանչեց երկիր, հայությունը բնաջնջելու։ Օտար պետությունները երբ պատերազմում են իրար հետ, վերջ ի վերջո հաշտության պայմանագիր են կնքում։ Բայց հայ ցեղի այս բաժան մասերը մի րոպե զինադադար անգամ չեն կնքում։

Պատերազմող պետությունները քսանմեկ տարեկան երիտասարդներ են բանակ կանչում, իսկ սա հայկական պետությունները զորակոչում են ի ծնե։ Այն ատելությամբ, որով ատում են Հայաստանի այս կուսակցությունները իրար, եթե թշնամու դեմ դուրս գային, նրանց դեմ ոչ թուրք, ոչ պարսիկ, ոչ բոլշևիկ կդիմանային։

Հիշո՞ւմ եք, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին դաշնակները և ռամկավարները գնացին Փարիզ անկախություն ուզելու՝ ռամկավարները կախվեցին, բայց չապրեցին դաշնակների «անկախում»: Ինձ որ լսեք՝ կհրաժարվեք այս մեկ ութերորդ անկախությունից...

Առածն ասում է՝ «Պահք ուտեմ ժաժի՞կ ուտեմ»։

Շաբաթ 12.- Չեմ սիրում կարդալ պատմավեպ։ Վեպն առհասարակ, ինչպես գիտեք, սուտ է, իսկ պատմավեպը՝ նոտարով հաստատված սուտ։ Բարեխիղճ պատմավեպի հեղինակը իր գրքի առաջաբանում պետք է գրի՝ ինչ որ ասեմ՝ չհավատաք, բոլորը իմ հնարած ստերն են, այդ մասին ոչ լսել եմ, ոչ էլ դեպքին ականատես եմ եղել։

Եթե վեպը ժամանակակից թեմայով է գրված ու այնտեղ, ասենք, մի որևէ վարպետ Մինասի աքլորը ձու է ածում հանկարծ, ու դու ստուգում և տեղն ու տեղը բռնում ես սուտը, հեղինակը կարող է արդարանալ, թե կարճատես եմ՝ հավին աքլորի հետ շփոթեցի։ Ներկայումս մեր սովետական գրողները պատմավեպի են վազում նրա համար, որ նախ՝ հոնորարը շատ բարձր է, պատմավեպն էլ շատ խոշոր գլուխ է բռնում։ Մեր կոլխոզներում ընդամենը 20 սանտիմետր խորությամբ տնկված ճակնդեղները փթանոց գլուխներ են բռնում հողի տակ։ Եթե քսան սանտիմետր խորություն ունեցող բույսը այդքան մեծ գլուխ է բռնում, հապա ինչքա՞ն խոշոր գլուխ պիտի ունենա այն վեպը, որ տասնվեց դարերի խորքում է տնկված...

******

Ինչպես առվույտի արտի կողքով անցնող ավանակի նոխտան պինդ ձգում է իշապանը, որ անասունը չգցի ինքզինքը այդ արտը, այնպես էլ սովետական կառավարությունը իր գրողների նոխտան է ձգում՝ պատմավեպի ժանրի կողքով անցնելիս։

Կապը թուլացրիր՝ բոլորը «յոնջայի արտի» մեջ կլցվեն արածելու։

Կառավարությունը, կապն իր գրողների վիզը դրած, ինչքան ուժ ունի քաշում է դեպի գործարանն ու կոլխոզը։ Իսկ գրողները պառկում են գետնին ու ասում.

- Դրանք երգվելիք բաներ չեն, երգել չենք կարող։

Դրան ի պատասխան՝

- Մեռնեք էլ պիտի երգեք,- ասում է կառավարությունը։

Չորեքշաբթի 17.- Դուք նկատո՞ւմ եք՝ Ֆրանսիան նորմալ պետություն չէ։ Հլա մի լավ նայեք, տեսնո՞ւմ եք տարօրինակություն նրա շարժ ու ձևերում։ Մեկ տեսար՝ տեղից վեր թռավ թե՝ բոլոր մարդիկ իրար հավասար եղբայրներ են, կեցցե՜ անհատի ազատությունը։ Հետո էլ տեսար՝ զորքեր հավաքեց ու աշխարհի վրա հարձակվեց, անհատի ազատության հետ բնաջնջելով նաև ամբողջ ժողովուրդների ազատությունները։ Տալիս են գլխին, մի փոքր խելոքանում է, ու մեկ էլ տեսար՝ դարձյալ գժվեց։ Դեմքը քարտեզում դեղնած է, անպայման մի ներքին հիվանդություն ունի։ Բժիշկներն ասում են՝ ստամոքսում կոմունիզմ ունի։ Ճիշտ է, վերջերս վարչապետ դը Գոլը մաքրեց Ֆրանսիայի ստամոքսը, բայց սաղմերը մնում են և միշտ կարող է բորբոքվել։

Իր գործարքները միշտ նմանություն է որևէ այլ պետության։ Հետևելով Անգլիային՝ սա էլ սկսեց գաղութներ ձեռք բերել մի ժամանակ։ Բայց գաղութ կառավարելն այնքան էլ հեշտ բան չէ։ Դրանում Անգլիայի վարպետությունն է հարկավոր։ Անգլիան երկար տարիներ նստեց իր գաղութների վրա ու սկսեց ծծել նրանց կենսական հյութերը։

Բայց վերջին ժամանակներս, երբ սկսեց հասկանալ, որ գաղութատիրական դարն անցել է, այնպես կամացո՜ւկ, աննկատելի՜ անկախություն տվեց իր Եգիպտոսին ու Հնդկաստանին, որ մարդ չիմացավ։ Զսպանակավոր աթոռի վրա նստողի նման վեր թռավ մի օր հանկարծ Եգիպտոսի ու Հնդկաստանի վրայից ու դառնալով նրանց, ասաց զարմացած.

- Ա՜խ, ներողություն, ես չգիտեի, որ այսքան տարի ձեր վրա էի նստած։ Մութն էր՝ չտեսա։ Ինչո՞ւ էիք լռել։ Ներողություն, հազար ներողություն... դուք հիմա այնպես ազատ և հավասար պետություններ եք, ինչպես ես։ Հետո որպես հավասարների՝ ձեռք մեկնեց ու ասաց.

- Բարև ձեզ, պարոն Եգիպտոս ու պարոն Հնդկաստան...

Հապա՞։ Անգլիան, որքան վարպետ է գաղութ ձեռք բերելում, նույնքան վարպետ է նաև նրանց անկախություն տալում։ Հապա ավարա Ֆրանսիայի պե՞ս։ Տեսնում է՝ շրջապատում Անգլիան, Հոլանդիան, Բելգիան իրար ետևից բաց են թողնում իրենց գաղութները, ինքը զենք առած մինչև օրս էլ կռվում է Ալժիրի հետ։ Ուզում է անպատճառ խայտառակ կերպով դուրս նետեն իրեն երկրից, ինչպես ձգվեց Հնդկաչինից։

Եկեղեցում ասմունքը վերջացել է, ժամավորներն իրար ետևից դուրս են գալիս, Ֆրանսիան նոր եկեղեցի է ուզում մտնել։

Քահանան մի մարդու համար պատարա՞գ կանի։

Մեկնաբանություններ (2)

john
ՀԱՐԳԱՐԺԱՆ ՎԱՆՈՒՀԻ.ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՄ «ՀԵՏՔՈՒՄ»ՁԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ,ՈՐՈՎ ԱՆՄԱՐ ԵՔ ՊԱՀՈՒՄ ԱՅՍ ԻՐԱՊԵՍ ՀԱՆՃԱՐԵՂ ՄԱՐԴՈՒ ՀԻՇԱՏԱԿԸ:ԿԵՑՑԵՔ:ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ: Լեռ Կամսարն,իմ կարծիքով,Պարոնյանից և Օտյանից հետո հայ մեծագույն երգիծաբաններից մեկն է,ավելի ճիշտ՝ուրիշը,թերևս չունենք էլ... Էս մնացածները կենցաղային էժան կատակների հեղինակներ են... Իսկ իր կոչու՜մը... Ամեն մարդ իր կոչումն ունի այս կյանքում՝նույնիսկ հանցագործներն ու չարագործները... Պողոս Առաքյալը շատ դիպուկ բնորոշում է այս,Կորնթացիներին գրած Առաջին նամակի ԺԲ (12) գլխում(եթե ժամանակ ունենաք՝նայեք...) Ամեն մեկս մեր անելիքն ունենք այս աշխարհի վրա՝տրված մեզ ի վերուստ:Սա համակերպում չէ,սա հնազանդում է, նաև գոհության դրսևորում մեզ տրվածի համար, ու նաև ձգտում այդ տրվածն առավելագույնս կատարելու: Եվ այն ժամանակ կգա ՎԱՐՁՔԸ՝վաղ թե ուշ,այս աշխարհում կամ մյուս,նյութական,բարոյական կամ հոգևոր,սակայն այդ ՎԱՐՁՔԸ ԿԳԱ... Մենք ՄԱՐԴ ԵՆՔ ու ՄԻՇՏ անհամբեր:Անհամբեր էինք սկսած...դրախտից... չսպասեցինք,որ մեզ ՏՐՎԵՐ արգելված պտուղը,անհամբեր ու փիս բկլիկ երեխայի պես ԳՈՂԱՑԱՆՔ ու կերանք... Ավետարանի խոսքն է«Ով համբերեսցէ՝իսպառ կեցցէ»:Լեռ Կամսարը ունեցավ այդ համբերությունը և կատարեց իր անելիքը:Վարձքը եկավ:Եկավ հիմա:Մեր գնահատանքներով: Յոհան Սեբաստիան Բախն իմ կարծիքով(և ոչ միայն իմ)բոլոր ժամանակների ու մշակույթների ամենամեծ կոմպոզիտորն է,սակայն իր վարձքը եկավ իր մահից 200 տարի հետո միայն:Տղան՝Յոհան Քրիստիանն ապրեց հարստության,փառքի ու վայելքի մեջ,ի տարբերություն իր հոր,որ կյանքը սուրճով անցկացրեց: Սակայն ո՞վ է հիշում հիմա Բախ-որդուն... Միայն մասնագետները...
vanuhi
Հարգելի john, շնորհակալ եմ դրվանտանքի համար: Եթե հաջորդները սիրեցին ու գնահատեցին Լեռ Կամսարին, ուրեմն, իրոք, նրա տառապանքներն ի դերև չեղան... Ափսոս, որ ինքը երբեք չի իմանա այդ մասին... Ի դեպ, նա ունի ծաղրախաղ «Պողոս Առաքյալը Կորնթոսին մեջ», որն այս տարի լույս է տեսել «Թատերախաղեր» ժողովածուում: Տեսնենք, թե պետության կողմից լույս ընծայված այդ գիրքը ե՞րբ կհասնի գրատներ՝ բոլորը հետաքրքրվում են...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter