
Երկխոսության ռազմավարական եւ մարտավարական շերտերը
Հայ ազգային կոնգրեսը երկխոսությունը իշխանության հետ բանակցությունների մակարդակով շարունակելը դիտարկում է իրավահավասարության սկզբունքի տեսանկյունից:
Իսկ այդ սկզբունքը ենթադրում է ոչ միայն իրավական, այլեւ առաջին հերթին քաղաքական հավասարություն երկու կողմերի միջեւ: Բանակցություններ պահանջելը, ըստ էության, առանձնահատուկ կարգավիճակ ստանալու պահանջ էր, եւ Կոնգրեսն իշխանություններից հենց այդպիսի զիջում էր ակնկալում:
Մի կարգավիճակ, որն ընդդիմության այդ հատվածին հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայանալու որպես հանրային կարծիքը գեներացնող, այլեւ իշխանության իրական «իրավահաջորդ»: Ռազմավարական առումով սա շատ ավելի կարեւոր է Կոնգրեսի համար, քան արտահերթ ընտրությունների անցկացումը: Որովհետեւ այդ կարգավիճակը մի կողմից նպաստում է նրա նկատմամբ հասարակական վստահության մեծացմանը, ինչը լուրջ քաղաքական կապիտալի կուտակում է ենթադրում, մյուս կողմից` փաստացի մարգինալացնում է դաշտում գործող մնացած բոլոր խաղացողներին:
Այդ կարգավիճակը ձեռք բերելու պարագայում բացարձակապես նշանակություն չի ունենում` գործընթացները շարունակվում են հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրությունների տրամաբանությամբ: Կոնգրեսի միակ խնդիրը մնում է մնացած ժամանակահատվածում քաղաքական այդ կապիտալը չփոշիացնելը, մի բան, որում Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեծ փորձառություն ունի: Կոնգրեսը, փաստորեն, փորձում է կիրառել լեհական «Սոլիդարնոստ» շարժման հայկականացված տարբերակը:
Այս իմաստով ՀԱԿ-ի հետ երկխոսությունը շարունակելու համար կոալիցիայի մակարդակով աշխատանքային խումբ ձեւավորելը իշխանության կողմից չափազանց լուրջ զիջում էր: Ըստ էության, հասկանալով հանդերձ, թե ինչ է թաքնված ՀԱԿ-ի պահանջների ետեւում, իշխանությունը բանակցություններ սկսելու պատրաստակամություն է հայտնում` այդպիսով Կոնգրեսին տալով վերջինիս պահանջած կամ դրան մոտ կարգավիճակը:
Երկու կողմերի պատվիրակությունների առաջին իսկ շփումն անուղղակիորեն կվավերացնի Կոնգրեսի այդ նոր կարգավիճակը: Եթե իշխանությունը գնում է այս քայլին, առնվազն նշանակում է, որ իր համար էլ, գոնե այս փուլում, մարտավարական առումով շահեկան է մնացած ուժերի մարգինալացումը:
Նման իրավիճակ կարող էր առաջանալ միայն երկու գործոնների համադրման արդյունքում. առաջին` եթե գլոբալ քաղաքական եւ գաղափարական առաջնայնություններում երկու կողմերն ունեն նույնական կամ շատ նման դիրքորոշումներ: Եվ երկրորդը, որ շատ ավելի էական է, եթե առկա են իրողություններ կամ հանգամանքներ, որոնք իշխանությանը ստիպում են ավելի լուրջ քաղաքական հենարան ստեղծել, քան ապահովում է իշխանական կոալիցիան:
Ներկա դրությամբ Հայաստանում կա ընդամենը մեկ այդպիսի իրողություն` ղարաբաղյան կարգավորման խնդիրը, առավելեւս, եթե նկատի առնենք, որ հենց այս հարցում են հնարավորինս մերձ կողմերի դիրքորոշումները: Անկախ նրանից` օրակարգում ինչ հարց է դրված, իշխանություն-ՀԱԿ ֆորմալ հարաբերությունների ձեւավորումն ամրացնում է իշխանության դիրքրերը ղարաբաղյան կարգավորման բանակցություններում` ստեղծելով համահասարակական միասնականության եւ իշխանության որոշումները լեգիտիմացնող գործոնի էֆեկտ: Այսինքն` կարելի է ասել, որ կողմերի միջեւ տեղի է ունենում յուրօրինակ փոխզիջում. իշխանությունը, բանակցություններ սկսկելով ՀԱԿ-ի հետ եւ նրան տալով առանձնահատուկ կարգավիճակ, նպաստում է վերջինիս ազդեցության մեծացմանը ներքաղաքական միջավայրում, իսկ ՀԱԿ-ը դրա դիմաց մի կողմից` իրավահավասարության սկզբունքից ելնելով, լեգիտիմացնում է գործող իշխանությանը, մյուս կողմից` ամրացնում վերջինիս դիրքրերը արտաքին քաղաքական միջավայրում:
Սրանք ռազմավարական հիմնական արդյունքներն են: Իսկ մնացած պրոցեսները, ինտրիգներն ու բախումներն արդեն ներքին, մարտավարական հարթության վրա են, որտեղ կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր համար մանեւրելու ավելի լայն դաշտ ապահովել: Սա պայմանավորված է միմյանց նկատմամբ կողմերի խորը անվստահությամբ եւ երկու կողմերին առաջնորդող միմիայն հաղթանակ տանելու մոտիվացիայով:
Այս մակարդակում ՀԱԿ-ի հիմնական զենքը նախագահի հրաժարականի, արտահերթ ընտրությունների անցկացման պահանջների նկատմամբ հասարակական լայն զանգվածների ընկալողունակությունն է եւ փաստացի դրանց սատարումը, որը դամոկլյան սրի նման անընդհատ կախվում է իշխանության գլխին:
Մանեւրելու հիմնական առանցքը ՀԱԿ-ի համար արտահերթ ընտրություններից հերթական ընտրություններ միջավայրն է, որը մի կողմից` հնարավորություն է տալիս չկորցնել կուտակած քաղաքական կապիտալն ու հասարակության չափավոր վստահությունը, մյուս կողմից` իշխանության նկատմամբ ճնշումներ գործադրելու խնդիր է լուծում:
Իշխանության զենքը ՀԱԿ-ի հետ հարաբերւթյուններում շախմատային տրամաբանությամբ առաջնորդվելն է եւ Կոնգրեսի մարտավարական սխալներից օգտվելը: Սերժ Սարգսյանն առաջնորդվում է կես քայլեր անելու միջոցով Կոնգրեսին անընդհատ դիլեմաներ առաջադրելու սկզբունքով: Կոալիցիայի մակարդակով բանակցություններ սկսելու որոշմամբ Սերժ Սարգսյանը Կոնգրեսին կանգնեցրել է այդպիսի հերթական երկընտրանքի առջեւ` ընդունե՞լ կոալիցիոն պատվիրակությանը որպես իրավահասար կողմ, թե՞ ոչ, մտնե՞լ նրա հետ բանակցությունների մեջ, թե՞ ոչ:
Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը փաստացի չի լիազորել կոալիցիոն աշխատանքային խմբին Կոնգրեսի հետ քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: Բայց մյուս կողմից էլ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքն էր հայտարարել, որ պատրաստ են քննարկել նաեւ իշխանության կողմից ներկայացվելիք օրակարգը: Իսկ այս քայլով Սերժ Սարգսյանը ցանկանում է իջեցնել Կոնգրեսին տրված առանձնահատուկ կարգավիճակի մակարդակը եւ անձամբ դուրս մնալ այդ գործընթացից: Նման քայլերը նաեւ ժամանակ շահելու հնարավորություն են տալիս, ինչն առավել քան անհրաժեշտ է գործող իշխանությանը թե կոալիցիայի ներսում առկա ներքին որոշակի անվստահությունը չեզոքացնելու, թե արտաքին մարտահրավերներին դիմակայելու առումով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել