
Ստեղծել ենք էս պետությունը, որ վարի տա՞նք. Էմիլ Բուդաղյան
«Ես համոզվեցի շատ-շատ բաներում. քրեական հետապնդման այս գործողությունն ուղղորդված էր: Խաղ կազմակերպեցին մեր նկատմամբ, լրագրողների նկատմամբ՝ ցույց տալու համար, որ քննչական գործողություն է կատարվում, բայց մյուս կողմից էլ Խաչատրյանների ընտանիքին նրանք պաշտպան կանգեցին»,- ասուլիսի ժամանակ, խոսելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած զարգացումների մասին, ասաց Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ազատ էին արձակվել Սուրիկ Խաչատրյանի կալանավորված որդին և թիկնապահը:
Բուդաղյանների հայրը համոզված է, որ այս ամենի հետևում կանգնած են վերադաս մարմինները, ովքեր, ըստ նրա, ողջախոհ չեն մտածում. խելամիտ չեն և չգիտեն, թե հետագայում ինչեր կարող են սպասվել. նոր հանցագործությունների են նրանք հրահրում:
«ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանն իր ղեկավարության տակ եղած քննիչին նշանակեց չորրորդ դատապաշտպան Սուրիկ Խաչատրյանի համար: Իսկ ինձ 18-20 օր հետո են իրավահջորդ ճանաչել, որպեսզի հնարավորություն չունենամ ծանոթանալ գործի հետ կապված այդ քիմիական, դատաբժշկական երևույթներին: Եթե ես ունենայի դատապաշտպան ճիշտ ժամանակին, շատ հարցեր կբացահայտվեին»,- նշեց Բուդաղյանը և հավելեց, որ համոզված է՝ արդարությունը միշտ հաղթելու է:
«Երբ կարդում ես քննիչի գրածը, էությունից պարզ է դառնում, որ դա դատապաշտպանի գրված է՝ բոլորի ասածները հարմարեցված, բայց բազմաթիվ բացթողումներով»,- ասաց Բուդաղյանը:
Որդի կորցրած հայրը ասուլիսի վերջում նշեց, որ ամեն դեպքում փորձելու է նորից պետականորեն մտածել. պետությունը պետք է պատժի, և հասկանա, որ այսպես շարունակել չի կարելի: «Վերջին հաշվով ժողովուրդ կա, մարդկություն կա, հավատ կա այս աշխարհի նկատմամբ. ստեղծել ենք էս պետությունը, որ վարի տա՞նք»,- եզրափակեց իր խոսքը Էմիլ Բուդաղյանը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել