HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակտիվիստներին խոչընդոտել են. մոտ 10 հոգի բերման են ենթարկվել

Այսօր ժամը 10:00-ին ոստիկանությունը խոչընդոտել է մի խումբ քաղաքացիների մուտքը քաղաքապետարան, ովքեր փորձում էին մասնակցել ավագանու դռնբաց նիստին: Քաղաքապետարանի մոտից ակտիվիստ Լենա Նազարյանը «Հետք»-ին հայտնեց, որ դեպի քաղաքապետարան իրենց մուտքն արգելելու համար ոստիկանությունը կրկին շղթա է կազմել եւ բերման ենթարկել 7 ակտիվիստների: Բերման ենթարկվածների թվում են՝ Սոնյա Մսրյանը, Վահագն Մինասյանը, Ռուզաննա Գրիգորյանը, Կարեն Հարությունյանը, Սուրեն Սահակյանը, Գոհար Սարոյանը, Արսեն Օհանյանը:  

«Բերման ենթարկելը, շղթա կազմելն արդեն օրիգինալ չէ: Մեզ խանգարում են օգտվել մեր քաղաքացիական իրավունքից, այն է ներկա գտնվել ավագանու դռնբաց նիստին: Եւ երբ մենք մեր իրավունքն էինք պաշտպանում, քաղաքապետարանից ներքեւ իջավ ոմն Կարապետյան՝ ավագանու նիստերի աշխատանքների կազմակերպման պատասխանատուն էր կարծես թե: Նա մեզ արգելում էր ներս մտնել եւ ներկա լինել նիստին՝ պատճառաբանելով նիստերի սրահի փոքր լինելը: Ասաց, որ ընդունում է, որ նիստը դռնբաց է, բայց սրահը փոքր է, իսկ նիստին ներկա լինելու համար անհրաժեշտ էր որեւէ ավագանու անդամից հրավեր ստանալ: Մենք կարող էինք հրավեր ստանալ, բայց առանց հրավերի ներկա գտնվելու մեր պահանջն օրինական է եւ իրենք պարտավոր են մեզ ներս թողնել»,-պատմում է ակտիվիստ Լենա Նազարյանը:

Երբ քաղաքացիները համառել են եւ փորձել մուտք գործել քաղաքապետարան, ժամանել է ոստիկանությունը, որն էլ պատ է կազմել եւ բերման ենթարկել 7 քաղաքացու. «Սա նույն սցենարն է, որը մշտապես կրկնվում է. երբ քաղաքացիները փորձում են օգտվել իրենց իրավունքից, ոստիկանները նրան ապօրինաբար բերման են ենթարկում»,- ավելացնում է Լենա Նազարյանը:

Հիշեցնենք, որ «Սեպտեմբերի 10-ին ժամը 10-ին արի քաղաքապետարան» ֆեյսբուքյան էջը հայտարարություն էր տարածել այն մասին, որ այսօր մի խումբ քաղաքացիներ որոշել են մասնակցել Երեւանի ավագանու նիստին եւ կրկին բարձրացնել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ու «Երևանտրանս»-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի պատասխանատվության հարցը, քանի որ համարում են, որ նրանք հանցագործ են եւ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter