
Միակ առաջինդասարանցի Մերին երազում է պարուհի դառնալ
Մերին Բարեկամավան գյուղի այս տարվա միակ առաջինդասարանցին է: Դասասենյակի առաջին սեղանի մոտ լուռ, հոնքերը կիտած նստած է: Գրեթե ամեն օր նա մայրիկի հետ է գալիս դասի, ով ստիպված նստում է դասերին, որպեսզի երեխան շատ չընկճվի: Ուսուցչուհին` Ռուզան Ղազարյանը, ասում է, որ Մերին մինչև հիմա չի հաշտվում այն մտքին, որ ինքը դասարանի միակ աշակերտն է:
Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավանի 12-ամյա միջնակարգ դպրոցում այս տարի սովորում է 30 աշակերտ: Տնօրեն Աստղիկ Ազատյանի խոսքերով` երրորդ դասարանցիներն իրենց ուրախությունն են` ի նկատի ունենալով մյուս դասարանների համեմատ մեծ թվաքանակը: Սա դպրոցի ամենամեծ դասարանն է, որտեղ սովորում է հինգ հոգի` երկու տղա և երեք աղջիկ: Դպրոցի բոլոր դասարաններին պարապում են երկկոմպլեկտ կամ եռակոմպլեկտ եղանակով:
Այժմ Մերիին` առաջին դասարանը, միացրել են երրորդ դասարանի հետ. դասվարը նրանց դասերն անց է կացնում համատեղ: Մերիին միացրել են հատկապես այս դասարանի հետ, որովհետև այստեղ սովորում է նրա քույրը` Նարեն:
Ռ. Ղազարյանի խոսքով` առաջին օրերին Մերին լացելով էր գալիս դասի, որովհետև իր հասակակից մեկը չկա իր հետ: Երեխան, ով մանկապարտեզ չի գնացել (գյուղը մանկապարտեզ չունի), միանգամից եկել է դպրոց ու հիասթափություն է ապրել: Այժմ աստիճանաբար հարմարվում է իր դասերին, տնային առաջադրանքը պատասխանելուց հետո լուռ լսում է, թե ինչպես են դաս պատասխանում մյուսները, իսկ դասամիջոցներին էլ հետաքրքրությամբ խաղում է «համադասարանցիների» հետ:
Ռ. Ղազարյանը դպրոցում դասավանդում է ավելի քան տասը տարի: Նա պատմում է, որ եղել է, երբ առաջին դասարանցիները երկուսն են եղել, այնուհետև հաջորդ տարի երեխաներից մեկի ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան, երկրորդ դասարանում մնացել է մեկ աշակերտ: Բայց իր պրակտիկայում առաջին դեպքն է, երբ դպրոց հաճախելու առաջին իսկ օրվանից երեխան մենակ է: Այդ պատճառով էլ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի երեխան շատ չնեղվի, «նրա խաթրով գնան»:
Մերին խոսելիս հայացքն այդպես էլ չի բարձրացնում, բայց ասում է, որ իրեն դուր է գալիս դպրոցում մյուս երեխաների հետ խաղալը: Իր ամենասիրած խաղն է «գայլն ու նապաստակը»: Իսկ երբ մեծանա, ցանկանում է դառնալ պարուհի. իր խոսքերով` հայկական պարեր է պարելու: Տանը հաճախ է երաժշտություն դնում պարում, սակայն գյուղում համապատասխան խմբակ չկա, որպեսզի պարի դասերի գնա:
Առհասարակ, գյուղում ոչ մի խմբակ, մշակութային, ժամանցային վայր չկա: Տեղի միակ աշխույժ վայրը դպրոցն է: Դպրոցականների համար դասերից դուրս այլ զբաղմունք չկա: Ընկեր Ռուզանը շատ է ափսոսում, որ երեխաները հնարավորություն չունեն գոնե մեկ անգամ իրականում, հեռուսատացույցից այն կողմ մի ներկայացում, բեմականացում դիտել, անգամ հասարակ, մարդկային շփումները փոքրաքանակ գյուղի շրջանակներից դուրս շատ քիչ են: Տարիներ առաջ ժամանակ առ ժամանակ գոնե որոշ շրջիկ խմբեր էին գալիս, հիմա դա էլ չկա: Ծնողներն էլ այդքան հնարավորություն չունեն երեխաների համար այդ հետաքրքրությունները գյուղից դուրս ապահովելու համար: Դպրոցում ստիպված սահմանափակվում են միայն մոտակա տարածքներում էքսկուրսիաներ կազմակերպելով: Ուսուցիչների հարցը հնչում է օդում, թե բարեկամավանցի երեխան ինչով է մեղավոր, որ այդ ամենից զրկված է:
Այս տարի դպրոցն ավարտելու է երկու տղա: Տասնմեկորորդ դասարանում ևս երկու աշակերտ է սովորում: Այս դասարանում սկզբում եղել են չորսը, սակայն իններորդ դասարանից տղաներից մեկը դուրս է եկել, անցյալ տարի մյուսն ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան: Դասարանում մնացել են երկու աղջիկները` Ամալյան և Ոսկեհատը: Բարձր դասարանցիների համար դասերը նմանվում են անհատական պարապունքների: Ամալյան ցանկանում է թարգմանչուհի դառնալ, իսկ Ոսկեհատը` մաթեմատիկայի ուսուցչուհի: Ասում է, որ դասախոս չէր ցանկանա լինել, որովհետև «մեծերի հետ աշխատելը հեշտ չէ»:
Երբ հարցրեցի, թե ինչպես են կազմակերպում իրենց առօրյան դասերից դուրս, աղջիկները գրեթե միաժամանակ պատասխանեցին.
«Դաս ենք անում, հետո` ծնողներին օգնում: Դե, գյուղի կյանք ա էլի. անասուններ, տան հոգսը»:
Իսկ շաբաթը մեկ 10-12-րդ դասարանի աշակերտներով հավաքվում են եկեղեցու մոտ, զրուցում: Մյուս բոլոր միջոցառումներն էլ կարծես մեկ դասարանի նման միասին են կազամկերպում:
Աղջիկները խոստովանում են, որ իրենց գյուղը շատ են սիրում, հաճույքով այստեղ էլ կմնային, բայց նեղվում են, որ օրեցօր այն դատարկվում է: Այժմ երազում են Երևանում համալսարան ընդունվել, այնուհետև լավ գործ ունենալ. մասնագիտությամբ աշխատելը ցանկալի է, բայց այօրվա պայմաններում` ոչ պարտադիր:
«Լավ կլիներ, որ աշխատատեղ լիներ գյուղում: Բոլորն էլ աշխատանքի պատճառով են գյուղը լքում, թե չէ, ինձ թվում է, այնպիսի մարդ չկա, որ գյուղը չսիրի,- ասում է Ոսկեհատը:- Եթե աշխատատեղ լիներ, գյուղն այսպես դատարկ չլիներ, ես երևի այստեղ էլ կմնայի»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել