HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Լճկաձորցիներն ասում են` «էնքան ենք ջուր կրել, ձեռքներս երկարել ա»

«Ընթացիկ 2013 թ.-ին Լճկաձորի ֆերմերային տնտեսություններն աշխատում են վնասով», - ասում է Տավուշի մարզի Լճկաձոր գյուղի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը:

1 կգ դեղձի միջին գինը եղել է 50 դրամ

Այս տարվա հունիսի կարկուտները մեծապես վնասել են նաև լճկաձորցիների դեղձի այգիները: Դեղձի վաճառքից է գոյանում գյուղացիների հիմնական եկամուտը: Այս տարի 1 կգ դեղձի միջին գինը եղել է 50 դրամ: Այժմ նրանք սպասում են խաղողի և բանջարբոստանային կուլտուրաների բերքահավաքին, որպեսզի ամռանը ստացած վնասներից կարողանան «զրոյով դուրս գալ»:

Գյուղապետի խոսքերով` իրենք կարողանում են տարեկան 1000-1200 տոննա դեղձ ապահովել: Սակայն եթե հաշվարկ արվի, 1000 տ դեղձը բաժանվի գյուղի բնակչության թվքանակի (պաշտոնապես 2012 թ.-ի հունվարի 1 դրությամբ` 449 մարդ) և տարվա օրերի վրա, քանի որ միայն մեկ տարի անց կարող են դեղձ հավաքել, ապա մեկ բնակչին օրը ընկնում է շուրջ 500 դրամ:  Սա այն դեպքում, երբ գյուղացին պետք է վճարի հողահարկը, ջրի, տրանսպորտի ծախսերը և այլ ծախսեր ևս: Բացի այդ` կարկուտի հետևանքով այժմ վնասված են նաև դեղձի ծառերը:

Համայնքի զբաղեցրած տարածքը 2159 հա է, սակայն լճկաձորցիներին պատկանող ավելի քան 100 հա տարածքները գտնվում են գյուղից շուրջ 15 կմ հեռավորության վրա: Պատճառն այն է, որ խորհրդային տարիներին Դեղձավան գյուղի շրջակայքում Լճկաձորի կոլտնտեսությունն ունեցել է հողեր: Սակայն 1959 թ.-ին համայնքի շարժական գույքը տրվել է Արճիսին, անշարժ գույքը` Հաղթանակին, իսկ բնակչությունը միացրել են Այրում ավանին: 1990թ.-ին, երբ Լճկաձորը ստանում է առանձին կարգավիճակ, Լճկաձորի համայնքին վերադարձվում են հողատարածքներ, որոնք, սակայն, գտնվում են գյուղից որոշակի հեռավարության վրա: Ամեն անգամ լճկաձորցիներն անցնում են այդ ճանապարհը` մշակելու իրենց հողատարածքները:

Այգեգործությամբ են զբաղվում նաև գյուղի երիտասարդները: Լճկաձորցի երիտասարդների մի մասը ուսանողության տարիներից հաստատվում է Երևանում, Վանաձորում: Իսկ ովքեր վերադառնում են գյուղ, դառնում են «բարձրագույնավարտ ֆերմերներ» և շարունակում ծնողների հետ զբաղվել այգեգործությամբ: Ասում են` գյուղի հոգսն այնքան շատ է, որ այլ հարցերով զբաղվելու ժամանակ չի էլ լինում. բոլորը հիմնականում մտածում են դեղձի մշակման և իրացման մասին:

Գյուղն ունի մեկ ավանակ և երեք ձի

Միաժամանակ, գյուղում զարգանում է մեղվաբուծությունը: Բնական պայմանները թույլ են տալիս մեծ թվով մեղուներ պահել: Այժմ 1 կգ-ը վաճառվում է 2500-3000 դրամով:

Ի տարբերություն այգեգործության` անասնապահությունն այստեղ թույլ է զարգացած: Կա շուրջ 160 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որից 70-ը` կով: Սակայն դրանց բերքատվությունը մեծ չէ, քանի որ չեն օգտվում հեռագնա արոտներից: Իսկ մանր եղջերավոր անասուն գյուղում չկա: Տարիներ առաջ Լճկաձորում նաև խոզ էին պահում, սակայն աֆրիկյան ժանտախտից հետո, երբ մեծ քանակությամբ խոզերը ոչնչացան, այստեղ դադարեցին խոզ պահել:

Այժմ գյուղն ունի մեկ ավանակ և երեք ձի: Գյուղում պատմում են, որ եկեղեցական տոներից մեկի ժամանակ, երբ այդ ավանակը փայտ էր տեղափոխում, վերջինիս գեղեցիկ զարդարում են, այնուհետև մինչև հիմա կատակով ասում են, թե այդ ավանակին պետք է գրանցել Կարմիր գրքում:

«Էնքան ենք ջուր կրել, ձեռքներս երկարել ա»

Անտառներով շրջապատված փոքրիկ գյուղը կարծես կերտված լինի հենց անտառի մեջից: Գյուղի հիմնական, ամենաերկար ու նեղ ճնապարահը տանում է դեպի «հեռու ջուր» աղբյուրը, որը գյուղի հիմնական «ջրամատակարարն է»: Այստեղ բնակչության միայն 30-35% ապահովված ջրով: Իրենց տներին մոտ աղբյուրներից գյուղացիներն ամեն օր պարբերաբար ջուր են վերցնում, շատերն արդեն սովորել են այդ վիճակին, բայց և ասում են, թե «էնքան ենք ջուր կրել, ձեռքներս երկարել ա»:

«Գյուղի ներքևի թաղամասը ջրից օգտվում է, մի այլ թաղամաս օգտվում է անտառից բերված ջրագծից, բայց ընդհանուր առմամբ խմելու ջրի հարցում անբավարար վիճակ է», - ասում է Ս. Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով` ֆինանսական ներդրում է հարկավոր, որպեսզի կարգավորվի Ստեփանավանի ջրագիծը, որի շնորհիվ կկարողանան խմելու ջրով ապահովել ողջ գյուղը:

Բնկարաշինության խնդրի պատճառով որոշ ընտանիքներ բնակվում են Այրում քաղաքում

Բացի խմելու ջրի խնդրից,, գյուղում պետք է բարելավվի միջգյուղական ճանապարհը, ինչպես նաև լուծվի փողոցների լուսավորման խնդիր: Վատ վիճակում են նաև միջդաշտային ճանապարհները: Գյուղապետը պատմում է, որ համայնքային բյուջեի միջոցով իրենք այդ հարցը կարգավորել էին, և ճանապարհները բարեկարգել: Սակայն Բագրատաշենի շրջակա գյուղերի գազաֆիկացման աշխատանքների պատճառով այդ ճանապարհները փորվել են և մինչ օրս վատ վիճակում են. անգամ թեթև անձրևի դեպքում ճանապարհները դառնում են անցանելի:

Լճկաձորում հատկանշական է այն հանգամանքը, որ որոշ մարդիկ գյուղից հեռանում են ոչ թե արտերկիր, այլ շրջակա բնակավայրեր բնակարանի բացակայության պատճառով: Գյուղում կան համապատասխան տարածքներ, սակայն չկա ֆինանս` ապահովելու բնակարանաշինությունը: Այսպես օրինակ` եթե տանը երկու ամուսնացած տղա կա, և մեկը պետք է տեղափոխվի մեկ այլ տուն, այդ տունը չկա: Նման իրավիճակում գտնվողներից շատեր ստիպված տեղափոխվում են Այրում, ինչը ազդում է գյուղի բնակչության թվաքանակի վրա:

«Բնկարաշինության դժվարության պատճառով գյուղից բավականին ընտանիքներ բնակվում են Այրում քաղաքում, մի մասը վարձով, ով էլ կարողացել է տուն է ձեռք բերել. բնակարան գնելն ավելի հեշտ է, քան տուն կառուցելը: Երիտասարդ ընտանքիներ են, երեխաների հետ Այրում են իջել, - ասում է Ս. Մարտիրոսյանը: - Բայց պետք է ամեն ինչ անել դժվարին պայմաններում ապրող մարդկանց հոգսերը թեթևացնելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter