
Յուրի Բաշմետ. «Ինձ միշտ դուր է եկել, որ ինձ գովել են»
Սեպտեմբերի 12-ին կայացավ համաշխարհային հռչակ ունեցող ռուս ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետի երևանյան համերգը: «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում կազմակերպված համերգը նվիրված էր երաժշտի 60-ամյակին:
Յ. Բաշմետը մեկ անգամ չէ, որ եղել է Հայաստանում: Նա խոստովանում է, որ ուրախ է կրկին լինել Երևանում, քանի որ նախորդ այցելություններից շատ վառ և ջերմ հիշողություններ ունի: Նրա խոսքով` անգամ եղել է դեպք, երբ օդանավակայանում չի ցանկացել գնալ Երևանից: Տարբեր տարիներին Յ. Բաշմետն առիթ է ունեցել համագործակցել հայ տարբեր երաժիշտների հետ, որոնցից մի մասի հետ բավականին մտերմացել է: Իսկ մոտ 15 տարի առաջվա այցելության ժամանակ Յ. Բաշմետն ուղղակի «սիրահարվել է դուդուկին»:
«Այնուհետև մտածեցի, որ ալտի և դուդուկի համադրությունը կլինի միանգամայն տիեզերական», - ասում է ռուս երաժիշտը:
Վերջինս կոչ է անում երիտասարդ կոմպոզիտորներին շատ գրել, ստեղծագործել, որպեսզի ունենան հեռանկարներ:
«Նրանք պետք է իմանան, որ այդ գործերը կատարվելու են: Ես կարող եմ ապահովել պրեմիերան», - հայտարարեց Յ. Բաշմետը:
Երևանյան համերգից առաջ Յուրի Բաշմետը հանդիպում է ունեցել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Վերջինս նրան պարգևատրել է Պատվո շքանշանով: Յ. Բաշմետն ասում է, որ եկել էր հաճույք ստանալու լսարանի հետ հանդիպումից և ընդհանրապես Երևանից, բայց պարզվեց, որ պետք է նաև նման մրցանակ ստանա: Նրա խոսքով` մրցանակներ շատ ունի, բայց առանձնակի ուրախ է այս շքանշանի համար:
«Այդ ժամանակ ես հիշեցի, որ ինձ միշտ դուր է եկել, որ ինձ գովել են և դուր չէր գալիս, երբ նախատում էին», - ասում է Յ. Բաշմետը:
Վերջինս նաև «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հիմնադիրն է, որը 2008 թ.-ին ստացել է Գրեմի մրցանակ, «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը: Յուրի Բաշմետը համոզված է, որ «ազգի ապագան այսօրվա մշակույթն է»:
Մեկնաբանել