
Մեկ հարց Գերագույն գլխավոր հրամանատարին
Երկիր Նաիրին հառել է աչքերն ու անթարթ հետեւում է այս շարունակվող պարտության ընթացքին: Ո՞վ է բերել մեզ կանգնեցրել այս վիհի եզրին ու այսպես ծաղրում, ե՞րբ հասցրեցինք դառնալ այսչափ անհայրենիք:
Այսօր ընկերներիցս մեկը հեռախոսով ինձ հարցնում է. «Ասա մի պատճառ, որի համար ես պիտի ապրեմ»: Ես, որ արդեն դժվարանում եմ պատերազմի մասնակիցներին որեւէ բան բացատրել, միանգամից բերանիցս թռցրի՝ մեռնելու համար պիտի ապրես, ուրիշ բան չկա: Այս անհեթեթ պատասխանը կեսօրից հետո գլխիցս դուրս չի գալիս: Ընկերս մի քանի հարց էլ տվեց, երկար խոսեց ու հետո ասաց. «Սրա մասին մի բան գրի ու էդ հարցերը «Գերագույնին» էլ տուր»:
«Գերագույնը» ՀՀ զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն է: Պատերազմում կես մարդ դարձած ընկերս հոգնել է ապրելուց: «Արդեն լրիվ եմ հոգնել, չեմ իմանում՝ ինչի պիտի ապրեմ: Երեխեքիս եմ տանջում: Եթե մի քիչ էլ էսպես շարունակվի, մեռնելու ձեւերի մեջ էլ ընտրություն անելու հնարավորություն չեմ ունենալու»:
Հետո էլի հարցեր տվեց, ու ես այդ անհեթեթ պատասխանը տվեցի: Հիմա նստած ընկերոջս հետ ունեցած խոսակցությունն եմ վերհիշում, արդեն մենակ:
Հիմա գանք Գերագույնին ուղղվելիք հարցերին: Ընկերոջս հունից հանել էր Սուրիկ Խաչատրյանի տղայի ազատ արձակման պատմությունը: Մինչ այդ նա ինձ հիշեցնում էր Սուրիկ Խաչատրյանի՝ ազատագրված տարածքներում իրականացրած թալանի «օպերացիաները». ոռոգման ու խմելու ջրատարների խողովակները, դպրոցների պանելները, տների տանիքները եւ տասնյակ նման պատմություններ…Ես, իհարկե, այդ ամենը գիտեմ, բայց ստիպված եմ լսել, որովհետեւ անհանգստանում եմ գլխից վիրավոր ընկերոջս համար: Նա հարցնում է Գերագույն հրամանատարին՝ որտեղի՞ց Սուրիկ Խաչատրյանին հարյուր միլիոն դոլարի կարողություն:
Ես չգիտեմ՝ որտեղից է ընկերս վերցրել այդ թիվը, չհարցրի էլ: Բայց հիմա նստած հաշվում եմ Սուրիկ Խաչատրյանի կարողությունը: Մոտավոր հաշվարկով՝ հարյուր միլիոնից ավելի է: Մի հանքավայր նա մի քանի ամիս առաջ 20 միլիարդ դրամով վաճառել է Մաքսիմ Հակոբյանին: Ճիշտ է՝ Մաքսիմ Հակոբյանը հիմա հասկացել է, որ նախկին մարզպետը խաբել է իրեն: Հանքավայրի պաշարների ծավալը չափազանցված է եղել, ու հիմա լուրջ խնդիրներ ունեն այս երկու սյունեցիները:
Սուրիկ Խաչատրյանը եւս երկու հանքավայր ունի Սյունիքում, մի քանի հէկերում բաժնետեր է:
Իսկ ընկերս ընդամենը մի թոշակ է ստանում, որով անգամ իր դեղերը չի կարողանում գնել, երեխաների համար բեռ է դարձել ու դրանից ազատվելու մասին է մտածում: Հիմա ընկերոջս տված բոլոր հարցերը մի կողմ եմ դնում եւ Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին մի հարց եմ տալիս՝ այս պատերազմին մասնակցած սովորական զինվորները, բոլորը միասին վերցրած, մի Սուրիկ Խաչատրյան չարժե՞ն:
Ու այսպես, այսքան անհոգ ու թեթեւ հրամանատար Արտակ Բուդաղյանին պիտի հանձնի՞ Գերագույն գլխավոր հրամանատարը: Բա նրա զորքին ի՞նչ պատասխան պիտի տա: Թե՞ զորքն էլ ցրելու է հանուն հանրապետական Սուրիկ Խաչատրյանի:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել