
«Եթե փողոցում ենք աշխատում, չի նշանակում, որ փողոցային ենք»
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել մի խումբ առևտրականներ: Փողոցային առևտրի արգելման հետևանքով նրանք այժմ գործազուրկ են:
«Էս 6 ամիս ա` մարդիկ չեն աշխատում: Մինի շուկայի անվան տակ սարքեցին բանջարեղենային խանութներ, որոնց արժեքը կազմում է օրը 3 հազար դրամ: Արդյունքում օլիգարխներն ավելի հարստացան», - բողոքում էին առևտրակնները:
Նրանք դժգոհում էին, որ փողոցային առևտուրն արգելելուց հետո որոշ տարածքներ են հատակցվել մեծահարուսներին: Օրվարձի թանկ լինելու պատճառով նրանք չեն կարողանոմ օգտվել այդ տարածքներից և առևտուր անել: Նրանք առաջարկում էին իրենց այլ գործ տրամադրել կամ էլ առևտրի համար նախատեսված տարածքները տալ ոչ թե մեկ մեծահարուստի, այլ իրենց նման առևտրականների, որպեսզի կարողանան բավարար փող վաստակել:
«Մենք էլ պետականորեն կմուծեինք տուրքերը, մեզ համար ստաժ կլիներ, համ էլ բյուջեն փող կհավաքեր», - ասաց առևտրակններից մեկը:
Գայանե Հովհաննիսյանի խոսքերով` հունիսի 27-ին, երբ ինքը փողոցային առևտուր էր անում Տիգրան Մեծ փողոցի վրա, նրան է մոտեցել Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետի տեղակալ Արման Ենգոյանը, պահանջել է հեռանալ այդտեղից, քանի որ այլևս արգելված է փողոցային առևտուրը, այնուհետև հայհոյել է իրեն:
«Ես մինի շուկա էլ չեմ ուզում, թող մի հատ գործարան բացեն, որ մենք գոնե աշխատենք: Ոչ թե փողոցում գան հայհոյեն: Արման Ենգոյանը ինձ հայոյում է: Նա ի՞նչ իրավունք ունի, - բողոքում էր Գայանե Հովհաննիսյանը: -Ես իրենից պատիվ եմ պահանջում: Դիմում-բողոք եմ ներկայացրել Աղվան Հովսեփյանին և Էրեբունի բաժին, երկու տեղն էլ ընթացքի մեջ են: Եթե հաց եմ վաստակում իմ ընտանիքը պահելու համար, ու իրենք ջիպեր նստեն, գան, գնան կամ փողերը կուտակեն, էտ ո՞նց կլինի»:
Առևտրականներն իրենց հետ բերել էին նաև միրգ և բանջարեղեն կառավարության շենքի մոտ վաճառելու համար:
«Եթե ուրիշ տեղ չեն թողնում վաճառենք, մենք էլ էստեղ, էս ակցիաներին կգանք ու կվաճառենք», - ասում էին առևտրակնները:
Ներկաներից մեկի այն հարցին, թե արդյոք թանկ չե՞ն վաճառում, նրանք պատասխանեցին. «Թանկ չի: Գնացեք սուպերմարկետներ ու տեսեք` թա՞նկ է, թե՞ չէ»:
«Սա պետությո՞ւն է, թե՞ թյուրիմացություն: Քյասիբ ժողովուրդը մեղավո՞ր ա էս վիճակի համար: Եթե փողոցում ենք աշխատում, չի նշանակում, որ փողոցային ենք, մեզ հետ ինչ կուզեն` կանեն», - ասաց առևտրականներից Կիմա Գրիգորյանը:
Առևտրակնների խոսքերով` իրենց բողոքի ակցիաները լինելու են շարունակական, և հաջորդ ակցիան արդեն կիրականացնեն քաղաքապետարանի մոտ:
Մեկնաբանել