
«Գիշերն ավելի շատ լույս եմ տեսնում, քան ցերեկը»
Շատ է զգացմունքը և պակասում է կոնկրետությունը: Այսպես է բնութագրում իր նկարները երիտասարդ նկարչուհի Հռիփսիմե Մանթաշյանը: Տեսավ, զգաց, պատկերեց` չկենտրոնանալով մասնագիտական ճշգրտությունների վրա: Սովորաբար այսպես են ծնվում նրա նկարները:
Չնայած Հռիփսիմեն նաև պատվերներ է ընդունում, բայց իր արվեստում կարևորում է զգացմունքն ու այդ պահի հոգեվիճակը: Այժմ էլ խոստովանում է, որ սկսել է նկարել մի կնոջ դիմանկար (ոչ պատվերով), բայց չի ավարտել. ամիսներ շարունակ չի կարողանում մոտենալ նկարին:
Հռիփսիմեի նկարները միմյանցից տարբեր են թե գունային, թե ժանրային տեսանկյունից: Ամեն մեկը կոնկրետ հոգեվիճակի, կյանքի փուլի արդյունք է: Միաժամանակ, դրանք փնտրտուքների, նորը փորձելու, յուրովի դրսևորվելու միջոց են: Նկարչուհին խոստովանում է, որ չի կարող անընդհատ նույն ժանրով ու ձևով նկարել, պետք է փոխել ոճը, որպեսզի լճացում չլինի: Հանգիստ գույներով բնապատկերների կողքին հայտնվում են վառ գույներով կմախքներ, մելամաղձոտ դիմանկարների կողքը` մորեմերկ կանայք:
Կմախքների, մարդու ներքին օրգանների միջոցով, որոնք ֆիզիկական բնույթ ունեն, Հռիփսիմեն փորձում է ցույց տալ մարդու ներաշխարհը, պատկերել նրանց այնպես, ինչպես տեսնում է ինքը: Այստեղ գուցե մարդն ունի ընդամենը մեկ ոտք կամ երկու սիրտ. արվեստում կենսաբանությունն «աղավաղվում է»: Այդպիսին են նաև Հռիփսիմեի նկարած դիմանկարները, որոնք ավելի շուտ հոգեվիճակ են, քան մարդու ֆիզիկական տվյալների արտացոլումը: Հռիփսիմեն, ով նաև գեղանկարչություն է դասավանդում, սիրում է հատկապես իր աշակերտների դիմանկարներն անել: Հիշում է, որ սկզբում շատերն անգամ նկարներում իրենց չէին ճանաչում, բայց հետո արդեն սովորեցին ուսուցչուհու ոճին:
Այժմ Հռիփսիմեն աշխատում է Նոյեմբերյանի գեղարվեստի դպրոցում և «Հույսի կամուրջ» ՀԿ-ում: Նրա ամուսինը նույնպես նկարիչ է, սակայն հանգամանքների բերումով այլ գործով է զբաղվում: Հռիփսիմեն ասում է, որ այնպես է ստացվել` տանը մեկը նկարում է, մյուսը` աշխատում:
Նկարչուհու խոսքերով` բնապատկերներ նկարելիս կարծես իր հոգին, ներաշխարհը զարթոնք են ապրում, դրանք շատ ավելի զգայական ֆոնի վրա են ստեղծվում, իսկ մարդուն պատկերելիս գալիս է մտածելու, խորհելու ժամանակը:
Առհասարակ, նկարչուհու ուսումնասիրության և հետաքրքրության կենտրոնում մարդն է. ինչպիսին է նա, նրա բնույթը, դրսևորումները, ինչից է ազդվում է և ինչպես է ազդում: Հետաքրքիր է նաև մարդու աշխատանքը, ստեղծածը, վաստակը: Այդ պատճառով էլ նկարչուհին մեծ սեր ունի հին իրեր նկատմամբ: Իր արվեստանոցը, որտեղ նա սիրում է առանձնանալ իր մտքերի և նկարների հետ, վաղուց արդեն փոքրիկ թանգարան է հիշեցնում: Այստեղ նա հավաքել է անցյալ դարերից մնացած հնատիպ գործքիներ, իրեր, որոնք հիմնականում օգտագործվել են հայերի կողմից իրենց կենցաղում և գյուղատնտեսության մեջ:
Հին կավե սափորների կողքին կարելի է տեսնել նաև Հռիփսիմեի ձեռքի գործերը: Բացի նկարչությունից, նա նաև զբաղվում է կավագործությամբ: Երբ Հռիփսիմեն դեռ սովորում էր Թերլեմեզյանի անվան քոլեջի գեղանկարչության բաժնում, որոշում է սեփական գումարը վաստակել: Նա գիտեր, որ գեղանկարչության միջոցով չի կարող բավարար գումար վաստակել, և որոշում է զբաղվել բրուտագործությամբ: Կարճ ժամանակում նա հմտանում է այս գործի մեջ, և այն դառնում է Հռիփսիմեի երկրորդ մասնագիտությունն ու աշխատանքը:
Նկարչությունն և բրուտագործությունը թույլ են տալիս նրանց զբաղվել ամենատարբեր գործերով, ստեղծել տարատեսակ ձեռքի աշխատանքներ, դեկորատիվ իրեր, որոնք նաև վաճառում է: Բայց Հռիփսիմեն իրեն նախ և առաջ համարում է գեղանկարիչ, իսկ գեղանկարչությունը` բոլոր ոճերի և ուղղությունների հիմքը:
Նկարչուհին սիրում է ստեղծագործել հատկապես գիշերվա ժամերին, քանի որ «գիշերն ավելի շատ լույս է տեսնում, քան ցերեկը»: Նրան կարող է ներշնչել նաև մռայլ ու ամպամած եղանակը, չնայած բնույթով կենսախինդ մարդ է: Սակայն ներշնչման աղբյուրիներից առավել կարևոր է այն հոգևոր աշխարհը, որով ապրում է արվեստագետը և ներկայացնում իր արվեստի միջոցով:
Գեղանկարչության մեջ Հռիփսիմեն առաջնությունը տալիս է Հիերոնիմոս Բոսխին: Վերջինիս գույները, արվեստի աշխարհը, որի միջոցով երևում է նաև նկարչի փիլիսոփայությունը, մտածողությունը, երևակայության անսահմանությունը, Հռիփսիմեի համար յուրահատուկ է: Կան նաև բազմաթիվ այլ նկարիչներ, որոնցով հիանում է Հռիփսիմեն և կարծում է, որ երբեք չի կարողանա հասնել նրանց արվեստի մակարդակին: Բայց և շատ է ցանկանում, գոնե նրանց գործերը ուսումնասիրելով, սովորել նրանցից առավելագույնը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել