
Արթուր Իսպիրյան. «Հիմա քաղաքը բաժանված է ինչ-որ մասերի, ինչ-որ տերերի»
Հարցազրույց երգիչ Արթուր Իսպիրյանի հետ
-Լինելով քաղաքացիական պայքարի ակտիվիստ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք երկրում ստեղծված իրավիճակը:
-Երբեք չեմ սիրել ակտիվիստ բառը: Կան մարդիկ, ովքեր շատ են սիրում իրենց հայրենիքը, շատ ցավում են իրենց հայրենիքի համար, երբ տեսնում են, որ այնտեղ ինչ-որ սխալ բան է կատարվում: Այդ մարդկանց անվանում են ոչ թե ակտիվիստներ, այլ՝ հայրենասերներ: Նրանք հայրենասեր, երևանասեր մարդիկ են:
-Իսկ այդ ակտիվ քաղաքացին ինչպե՞ս է տեսնում այսօրվա Հայաստանը, ի՞նչ վտանգներ է տեսնում:
-Վտանգներ միշտ էլ եղել են Հայաստանի համար: Հայաստանը, ցավոք, գտնվում է այնպիսի աշխարհաքաղաքական դիրքում, որ վտանգներն անխուսափելի են, սակայն ամենավտանգավորը ներքին անկառավարելի վտանգներն են: Այսօր շատ տեղերում տեսանելի են սոցիալական դժգոհությունները, ինչն ինձ ցավ է պատճառում: Մեր փոքր երկրում մի՞թե չի կարելի այնպես կառավարել, այնպիսի պայմաններ ստեղծել մարդկանց համար, որ այդպիսի դժգոհություններ չլինեն: Այդ խնդիրները, կարծում եմ, շատ հեշտ կարելի է լուծել: Դա կառավարման խնդիր է: Պետք է մտածել պայմաններ ստեղծել մարդկանց համար, որոնք չցանկանան հեռանալ Հայաստանից: Ի դեպ, Հայաստանի սահմանամերձ գյուղերը մեծ թափով դատարկվում են: Պետք է հասկանալ մի բան՝ այն խնդիրները, որոնք այսօր չեն լուծվում, կուտակվում են՝ դառնալով կարծրատիպ, որը կոտրելը դառնում է անհնարին:
-Հիմա մենք այդ անհնարինի՞ փուլում ենք:
-Անհնարինին չենք հասել, այլ անհնարինի ճանապարհին ենք: Ղեկավարությունը պետք է մտածի, որ Հայաստանն արդեն գտնվում է անելանելի վիճակում, և արդեն պետք է աշխատի՝ հօգուտ ժողովրդի: Ինձ թվում է, որ ինչ-որ կառավարող մարմին կա, որ նստած մտածում է՝ ամեն ինչ անի, որ ժողովրդի սոցիալական վիճակն ավելի վատանա:
Ճիշտ փոփոխությունները բերում են երկրի ճիշտ զարգացմանը: Այսօր ներքին օղակներում խայտառակ վիճակ է՝ թե՛ քաղաքապետարանում, թե՛ թաղապետարանում, թե՛ քննչականում: Ներքին օղակներում անգրագիտություն և կոռուպցիա է: Այստեղ մեծ փոփոխությունների կարիք կա: Իշխանությունները չեն շփվում այդ ներքին օղակների հետ, և, թերևս, դա է պատճառը, որ չգիտեն, թե ինչ է կատարվում այդտեղ:
-Այսինքն՝ իշխանության վերադասը տեղյա՞կ չէ, թե ինչ է կատարվում այդ ներքին օղակներում:
-Շատ հնարավոր է, որ տեղյակ է, բայց անտարբեր է: Ներքին օղակների մեջ ներգրավված են իրենց բարեկամական կապերը, որտեղ հաշվի չեն առնում նրանց ինտելեկտը, կրթությունը, որակը, ովքեր տեղավորվում են թե՛ հարկայինում, թե՛ մաքսայինում:
Ինձ մտահոգում է մեր երկրի ապագան, թե վաղն ինչպիսին կլինի Հայաստանը, եթե այս տեմպերով գնա: Ես չեմ ուզում կորցնել հայրենիքը: Ես ուզում եմ տեսնել հզոր հայրենիք, որտեղ իմ երեխաները նմանվեին այն հերոսին, որը լիներ: Ցավոք, այսօր, չկա այդ հերոսը:
-Դեպի ո՞ւր ենք գնում:
-Ուզած-չուզած պետք է գնանք դեպի պայծառ ապագա:
-Շաբաթներ շարունակ Երևանի քաղաքապետարանի մոտ նստացույց է՝ 2 պաշտոնյաների հրաժարականների պահանջով, իսկ քաղաքի ղեկավարը նույնիսկ ցանկություն չուներ լսել մասնակիցներին: Այս դեպքում այդ պայծառ ապագան նշմարելի՞ է:
-Մեր լավ երիտասարդներն են մեր ապագան, որոնք ունեն հզոր ուժ, հայրենասիրություն ու ազնվություն: Ես լիովին համաձայն եմ նրանց պահանջին, և նման պաշտոնյանները պետք է չաշխատեն մեր քաղաքապետարանում:
-Գուցե ձեռնտո՞ւ են իշխանություններին նման պաշտոնյանները:
-Կարծում եմ՝ իրենք իրենց աշխատանքով ապացուցել են, որ սա իրենց տեղը չէ: Նոր մտածող և ավելի գիտակ մարդիկ են անհրաժեշտ: Երբ տեսա, թե տեսանյութում ինչպես են խոսում այդ պաշտոնյանները երիտասարդների հետ, դատապարտելի պետք է լիներ, և ցավում եմ, որ դրանից հետևություններ չեն արել: Ես ևս պահանջում եմ այդ պաշտոնյանների հրաժարականը:
Ես կարոտում եմ երևանցի այն մարդու տեսակը, որ այսօր շատ է փոխվել: Շատ է փոխվել շփման կուլտուրան, մարդկանց վերաբերմունքը մեկը մյուսի նկատմամբ, շատ է փոխվել քաղաքը: Երբ այն ժամանակ քաղաքը մարդկանց էր պատկանում, հիմա քաղաքը բաժանված է ինչ-որ մասերի, ինչ-որ տերերի: Այս պայմաններում ճնշում գործադրել ժողովրդի վրա՝ անընդունելի է՝ մի կողմից գների թանկացումը, մյուս կողմից՝ ճանապարհներին տեղադրված տեսախցիկները: Եթե այն ժամանակ գումարը տալիս էինք մարդկանց, և գիտեինք, որ այդ մարդն այդ գումարով ընտանիք է պահում, հիմա չենք տեսնում, թե ում ենք տալիս: Ինչո՞ւ պետք է հարստացնենք մեկին այդ գումարներով, ում չենք էլ ճանաչում, ով, սակայն, դառնում է գերհարուստ մեր հաշվին: Ուրիշ բան է, որ այդ գումարը գնա ասֆալտապատմանը, քաղաքաշինությանը, այգիների բարելավմանը:
Ինձ շատ է զարմացնում իշխանությունների անտարբերությունն ամեն հարցում՝ թե՛ բնապահպանական, թե՛ քաղաքաշինության: Հիմա էլ նոր միտում է սկսվել՝ քաղաքի կենտրոնի շենքերի բակերում բարձրահարկեր են կառուցում: Այս քաղաքում քաղաքաշինության մեջ սխալվելը ճակատագրական է: Այսօր ոչ ոք չի կարող քանդել Հյուսիսային պողոտան և նորը կառուցել, որովհետև և՛ տգեղ է, և՛ ոչ մի ստանդարտի չի համապատասխանում, և երրրորդն էլ՝ կառուցելուց առաջ թող մտածեն, թե ինչ են կառուցում:
Սա քաղաք է, սա իրենց տան կահավորանքը չէ: Մի քանի օր առաջ տեսա, որ մի ճարտարապետ ներկայացնում էր «Հին Երևան» նախագիծ: Ես ուղղակի շշմել էի իրենց մտածելակերպի վրա: Ո՞նց կարելի է այդպես մտածել: Գիտեք, նախագծերը թղթի վրա գեղեցիկ են երևում, երևի Հյուսիսային պողոտան էլ գեղեցիկ էր թղթի վրա՝ ծառերով, ծաղիկներով, գեղեցիկ հատակով, տուֆի գույները: Այդ ներկայացված նախագիծն այնպիսի ճակատագրական հարց է մեր քաղաքի համար, որ այդ մարդն իրավունք չունի շահել: Մի ընդհանուր մեծ շենք են ուզում կառուցել՝ կամարներով, փայտյա պատշգամբներով, որտեղ խոսք չկա կանաչ տարածք մասին: Նախագծով շենքի տանիքում չորս ծառ են տնկել: Ծառը տանիքում աճո՞ւմ է՝ այն էլ այստեղ: Մի ծիծաղելի բան է: Ախր, այս փտած ճարտարապետներին պետք է հեռացնել, որովհետև իրենք հանցագործ են, հակառակ դեպքում՝ այս քաղաքն այս օրին չէր լինի: Ոչ ոք այսօր չի բողոքում այդ նախագծից. երևի բողոքողն էլ եղել է մի ճարտարապետ, որը վաղուց թոշակի է անցել:
Նարեկ Սարգսյանն ինչ ուզել, արել է քաղաքում: Նարեկ Սարգսյանը մեր քաղաքի դեմքը փոխել է դեպի վատը, իհարկե, նախկին քաղաքապետների օգնությամբ:
-Եվ վերջում՝ վախի մթնոլորտ նկատո՞ւմ եք քաղաքում հատկապես ակտիվիստների նկատմամբ ծեծի դեպքերից հետո:
-Լարվածություն կա, բայց հայրենասերներին, Ձեր ասած՝ ակտիվիստներին, չի հետաքրքրում այդ վախի մթնոլորտը: Պայքարելու են, և ես զարմանում եմ մեր իշխանությունների վրա, որ տեսնում են այսպիսի հրաշալի երիտասարդներ և չեն համագործակցում նրանց հետ: Եթե տեսնում են, որ մարդը սիրում է իր երկիրը, նվիրված է իր երկրին, պետք է հնարավորություն տան նրանց մասնակցել թե՛ քաղաքաշինությանը, թե՛ բնապահպանությանը, թե՛ տնտեսությանը: Ես այդպես կանեի: Եթե ակտիվիստը ցանկանում է մասնակցել քաղաքապետարանի նիստին, թող մասնակցի, ինչո՞ւ՝ վախենում են ակտիվիստից:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել