
«Տրանս-Ռոմանս» շարքի դիտարկումը` ոչ միայն գենդերի կոնտեքստում
Սամվել Սաղաթելյանի «բնակարանային» ցուցահանդեսը` «Տրանս-Ռոմանսը» սոցիալական նեղ խմբի (հիմնականում`արվեստագետների եւ արվեստաբանների) շրջանակում մետաստազներ տվեց, ինչը, համոզված եմ` շուտով կդրսեւորվի նաեւ մեդիայում եւ սոցիալական ցանցերում`դառնալով ավելի նեղ, ասենք`քաղաքական կամ ազգային նստարանների խոսակցության թեմա:
Սոցիալ-տնտեսական մանիպուլացիան դժվարությամբ կարելի է նկատել «Տրանս-Ռոմանսում», որովհետեւ արվեստագետն ինքը խնդիր ունի մանիպուլացիայից դուրս մնալու կամ առնվազն մանիպուլացիան դիտարկելու որպես մեթոդ:
Սաղաթելյանն ազատ է իր խաղի մեջ, բայց անազատության մեջ կարող է դնել դիտողին ամենանեղ եւ ամենալայն իմաստներով` սկսած ազգային գաղափարախոսությունից մինչ գլոբալիզացիայի առաջ բերած ռիսկերը:
Կարեւորվո՞ւմ է արդյոք վերանայման խնդիրը, թե՞ պարզապես բնականորեն «մտածված» այն մեթոդը, որն օգտագործել է Սամվելը (երազային տեսիլքի եւ խաղաղ գույնի մեջ), ստիպում է դիտարկել շարքը միայն սեռի խնդիրների տեսանկյունից:
Բանն այն է, որ «Տրանս-Ռոմանս»-ում գլխավոր հերոսը` հեղինակը, երազի իրականությունից ուղղորդվում է դեպի ռեալ մտահանգման` անընդհատ պահելով գեղագիտական խաղը: Շարքի 11 նկարները (բոլոր աշխատանքներում ինքն առկա է) ներկայացված են խառը մեդիայի միջոցով, եւ բոլոր աշխատանքներում շեշտադրված է անսպառ ցանկության բնական միտումը, որը ժամանակի սոցիալ-քաղաքական ազդակների հետեւանքով դրսեւորվում է տրանսսեքսուալի ներկայության միջոցով (շարքի մյուս հերոսը տրանսսեքսուալն է):
Ավելի նպատակային է առարկայացման օբյեկտը դիտարկել նախեւառաջ բնավորության եւ սոցիումի մեջ, ապա որոշել սեռի գոյությունը: Արվեստի նմուշը հնարամտորեն կարող է ազատագրել քիմքը լորձաթաղանթից, եթե այդ ընթացքում կոնստրուկտիվ (քաղաքական) կառույցը չի սնում այլ միջոցներով:
Շարքը կամաց աճում է երեւութականից մինչեւ գերիրականը: Տվյալ պարագայում գերիրականը հենց այն դրսեւորումներն են (միզելը, սերմնաժայթքումը), որոնք շարքի վերջին աշխատանքներում ուղղակիորեն ցցվում է աչքիդ առաջ:
Այլ կերպ ասած` բնականությունը դրված է որպես վտանգված գերիրականության օրինակ եւ կարող է շոկի ենթարկել դիտողին, իսկ առաջացած քննադատությունը եւ երկխոսությունները հիանալի օրինակներ կարող են լինել հասարակական խնդիրների վերլուծման համար: Ստացվում է` արվեստը սոցիալականացվում է այն աստիճան, որքան սոցիումը կարող է դուրս հորդել բարդույթից, զայրույթից, չկողմոնորշված վիճակից:
Արվեստագետն այս պարագայում ազատագրվել է ինքնաքննադատությունից եւ պարզորոշ կերպով չունի խնդիր նաեւ դիմակայելու, որովհետեւ երեւույթին լայն ժամանակագագրություն է հաղորդել (շարքի վերջին գործերում հերոսը ստանում է «հայոց թագավոր» վերանվանումը):
«Մարդկային ոչնչի» առաջին հատկանիշները դրսեւորվում են ոչ միայն սպառողական եւ իր ունեցածը չտեսնելու (կամ չունեցածը վերամիստավորելու) փորձի վրա, այլ նաեւ սեփական մարմնի հանդեպ անհանդուրժողականության եւ սեփական ես-ի վրա իշխանության տարատեսակ մեթոդներվ[1]:
Ջյուդիտ Բաթլերի պնդմամբ` իշխ(վ)ելու հոգեբանությունը սկսում է գործել այն ժամանակ, երբ սուբյեկտը հանկարծ գիտակցում է, որ կապվածությունը փաթաթել են իր վզին, եւ փորձեր է անում ազատվելու դրանից. օրինակ` հասուն տարիքում անհատը հուսալքված հրաժարվում է կապվածությունից. «Մի՞թե ես կարող էի սիրել նման մեկին»:
Այս երեւույթի հակասությունը, ըստ Բաթլերի, կայանում է նրանում, որ ինքնաքննադատությունը (կապվածությունից հրաժարվելու փորձը) չի նշանակում ազատագրում կախվածությունից, այլ հակառակը` մատնանշում է հնազանդությունը, որի վերածագման վախն ունի սուբյեկտը[2]:
«Տրանս-Ռոմանս» շարքում հեղինակը (որը նույն ինքը սուբյեկտն է) մի քանի աշխատանքների միջոցով կոնկրետավորում է վիճակը եւ ինքնափնտրտունքի կարեւորությունը, առաջին հայացքից տրանսսեքսուալության միջոցով: Թերեւս հարցադրումն ավելի խորը արմատներ ունի: Ինքը`Սամվելը, զրույցի ժամանակ նշում է, որ ամբողջ շարքի ստեղծման ընթացքում Սայաթ-Նովան անընդհատ ուղեկցել է իրեն:
Ցուցադրությունից երկու օր անց հարցնում եմ Սամվելին, թե մարմնի վրա ժամանակը տրանսֆորմացնելու խնդիր ունեցե՞լ է:
«Այս շարքում տրանսֆորմանցելու խնդիրը, ոնց որ թե, ամեն ինչին վերաբերում է` այդ թվում ժամանակին: Սայաթ-Նովայի ներկայությունն եմ զգացել շարքը ստեղծելիս. հակասությունների արանքում սրվում է միջանկյալությունը` թե սեռայնությունը, թե պատկերները, թե աշխարհագրությունը»,-կարդում է Սամվելը` իր գրառումներից մեկը:
Ըստ նկարչի` ինքը ստեղծման (ստեղծագործման) ընթացքում արդեն դուրս է մղվել, ինչպես որ դուրս է մղվել առարկան: Կարծում եմ`Սաղաթելյանն ավելի շուտ՝ շարքից հետո առաջացած զրույցների եւ քննարկումների արանքում փորձում է վերաիմաստավորել առաջին հայացքից իր համար «պարզ» կոնցեպցիան:
Նրա ավելի վաղ շրջանի շարքերից մեկում`”Open letter on black” («Բաց նամակ`սեւի վրա») երեւում է, որ որպես ստեղծող նա հարցադրում է դնում անցյալի եւ ներկայի միջեւ`ստանալու համար իր իսկ սուբյեկտի անորոշության պատասխանները (շարքում օգտագործված է պապի եւ տատի ընտանեկան լուսանկարը): Սակայն վերոնշյալ շարքում այդ հարցադրումները պարզորոշված չեն ինչպես Սամվելի, այնպես էլ դիտողի համար, որովհետեւ հեղինակը խնդրին մոտենում է սեփական պատմության տեսանկյունից:
Գուցե սա է հիմքը, որ Սամվել Սաղաթելյանն այս անգամ փորձել է «Տրանս-Ռոմանս»-ում սեփական մարմնի, սեփական մտապատկերի եւ հանրային, բայց նեղիմաստավորված (Սայաթ-Նովա, Փարաջանով) օրինակները բերել համեմատության նոր հարթություն:
Որքան էլ «ես»-ի դուրս մղման փորձը համոզիչ թվա, «Տրանս-Ռոմանսում» առաջնային խնդիրը սեփական «ես»-ի սահմանախախտության մտապատկերումն է ավելի ցայտուն օրինակի` տրանսսեքսուալի միջոցով:
Այն, որ շարքի տրամաբանությունը` մտապատկերից մինչեւ սերմնաժայքում, մեկ շղթայի ձեւով անցնում է ինչպես ստեղծողի, այնպես էլ դիտողի համար, ակնհայտ է: Այլ հարց է, թե որքանով շարքն իր ամբողջ կոնցեպցիայով կարտահայտվի բանավորության եւ քննարկման կոնտքեստում:
Հ.Գ. Սամվել Սաղաթելյանի ցուցահանդեսը տեղի է ունեցել կինոգետ Շահանե Յուզբաշյանի բնակարանում սեպտեմբերի 12-ին: Ցուցահանդեսի համադրող` արվեստաբան, Սիդնեյի համալասարանի դոկտորանտ Վիգեն Գալստյան:
Լուսանկարը` ”Open letter on black” («Բաց նամակ`սեւի վրա») շարքից:
1. Луи Альтюссер, “Человек, эта ночь”, (Текст был написан в качестве рецензии на книгу Александра Кожева)
Մեկնաբանել